Անփոխարինելի մարդ չկա, հայտարարել է ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը tert.am-ի հետ զրույցում, խոսելով արտաքին քաղաքականության հարցերում ՀՀԿ-ում Սերժ Սարգսյանին փոխարինելու ունակ գործչի բացակայության մասին: Արմեն Ռուստամյանը Կարեն Կարապետյանի մասով այդ հարցին արձագանքել է, թե ո՞վ է ասել, որ Կարապետյանը չի կարող փոխարինել: « Անփոխարինելի մարդիկ չկան, իսկ արտաքին քաղաքականությունը պետք է նոր որակով ու մակարդակով իրականացվի», հայտարարել է Արմեն Ռուստամյանը:
Արտաքին քաղաքականության, մասնավորապես անվտանգության, Արցախի խնդրի համատեքստում Սերժ Սարգսյանի փոխարինողի «բացակայության» հարցը Սարգսյանի հետնախագահական կարգավիճակի խնդրում առանցքային կրեդոներից մեկն է, որ փորձում է կիրառել իշխող մեծամասնությունը:
Ընդ որում, միարժեք ասել, թե այն լիովին մտացածին կրեդո է, թերեւս այդքան էլ արդարացի չէ: Ընդ որում, խնդիրը այն չէ, որ Սարգսյանն իսկապես անփոխարինելի է, առավել եւս իր ինտելեկտուալ, որակական հատկանիշներով: Ավելին, խնդիրն այստեղ թիմն է, որ աշխատում է արտաքին քաղաքական ուղղությամբ, եւ այդ առումով Հայաստանի քաղաքական ասպարեզում կա ոչ թե գործիչների, այլ թերեւս թիմերի ճգնաժամ: Կա իհարկե գործիչների ճգնաժամ, սակայն բուն խնդիրը անշուշտ թիմերի ճգնաժամն է:
Անգամ փորձագիտական-վերլուծական դաշտում նրանք շատ չեն, սակայն եղածներն էլ տարբեր պատճառներով պահանջարկ չունեն քաղաքական դաշտում եւ իշխանությունում ընդհանրապես: Եվ այդ առումով, իհարկե, հաշվի առնելով Հայաստանում ընտրական մեխանիզմի բացակայությունը եւ ավանդույթները, իսկապես առկա է հարց, թե ի՞նչ թիմ է իշխանության մեջ փոխարինելու Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական թիմին:
Օրինակ, վարչապետ Կարեն Կարապետյանն ունի՞ այդպիսի թիմ: Եթե այո, ապա ինչու՞ Առաջին դեմքի հավակնորդ գործչի այդպիսի թիմի աշխատանքը չի երեւացել առ այսօր: Կարեն Կարապետյանի բալանսը այդ առումով բացարձակապես զրո է, նա չի արել արտաքին քաղաքականության վերաբերյալ որեւէ խորքային հայտարարություն: Թե՞ թիմն աշխատում է, բայց արդյունքը չեն հրապարակում անբասիր, կուսական պահելու համար՝ մինչեւ 2018 թվականի ապրիլ:
Թե՞ Կարեն Կարապետյանը համարում է, որ արտաքին քաղաքականությունը ծառայություն է, որը հնարավոր է գնել, ըստ այդմ ինչու ոչ օպտիմալ լինել եւ թիմ պահել, եթե չկա հստակ երաշխիք, որ Առաջին դեմքը 2018-ից հետո, հետեւաբար արտաքին քաղաքականության այսպես ասած առաջին դիրքում լինելու է ինքը: Կլինի՞ այդ դիրքում, կվարձի ամենալավ թիմը, քանի որ փողը Կարապետյանի կամ Կարապետյանների համար գուցե խնդիր չէ:
Ահա այստեղ է անփոխարինելիության հարցը՝ թիմի մեջ, եւ պարզ չէ, թե արդյոք Սերժ Սարգսյանի թիմից բացի կա այլ թիմ: Արմեն Ռուստամյանն էլ իհարկե խոսում է այն մասին, որ խորհրդարանական կառավարման պարագայում արտաքին քաղաքականությունը դառնում է թիմային խնդիր: Իհարկե, սակայն ի վերջո թիմը պետք է ունենա ղեկավար կամ առաջնորդո՞ղ, թե ոչ:
Եվ այստեղ արդեն գալիս է մեկ այլ, եւ թերեւս առանցքային հարցը: Կասկած չկա, որ Սերժ Սարգսյանն առնվազն որոշակի ժամանակահատված մի շարք գործոնների ուժով պահելու է իշխանության առաջնային դերակատարումը թեկուզ ՀՀԿ նախագահի կարգավիճակում: Եվ եթե արտաքին քաղաքականության մեջ մնում է Սերժ Սարգսյանի թիմը, իսկ այլ թիմ իշխանությունը կարծես թե չունի, ապա ստացվում է որոշակի խեղում՝ Հայաստանի դե յուրե առաջին դեմքը մի մարդ է, դե ֆակտո առաջին դեմքն ու արտաքին քաղաքականության հրամանատարը՝ այլ մարդ:
Ու՞մ հետ է գործ ունենալու աշխարհը եւ ինչպես, ոչ միայն Արցախի, այլ ամենատարբեր արտաքին խնդիրներում, երբ դե յուրե Առաջին դեմքը մի մարդ է, դե ֆակտո թիմի ղեկավարն ու Առաջին դեմքը՝ այլ մարդ:
Այստեղ է «փոխարինելիության» եւ «անփոխարինելիության» խնդիրը: Ռուստամյանն անշուշտ իրավացի է, որ Հայաստանին անհրաժեշտ է նոր որակի արտաքին քաղաքականություն, բայց ինչպե՞ս է հնարավոր հասնել դրան, եթե կա խեղված բուրգ՝ դե յուրե եւ դե ֆակտո իրականությունների տարբերություն: Դա ինքնին արդեն կարող է անլրջացնել Հայաստանի պետական քաղաքականությունը:
Մյուս կողմից, այստեղ իհարկե առկա է ներհամակարգային գործոնը: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանն ակնհայտորեն փորձում է առաջ մղել Վիգեն Սարգսյանին եւ թերեւս նրա միջոցով է պատկերացնում «փոխարինելիությունը» արտաքին քաղաքականության ասպարեզում: Ամենեւին պատահական չէ, որ մեկ տարի առաջ նշանակելով նրան, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ աճում է ռազմա-քաղաքական դիվանագիտության նշանակությունն ու անհրաժեշտությունը:
Ըստ երեւույթին, այս հեռանկարն այնքան էլ չի ոգեւորում Դաշնակցությանը, ինչի պատճառով էլ ՀՅԴ-ն փորձում է պաշտպանել Կարեն Կարապետյանի «արտաքին քաղաքականության իրավունքը» կամ կարողությունը, հատկապես այժմ, երբ Վիգեն Սարգսյանը վերջին մի քանի օրերին զգալիորեն համալրեց իր միավորների պաշարը:
Դաշնակցությունը Կարեն Կարապետյանին կարծես թե ակնարկում է չհանձնվել, գուցե առաջարկելով արտաքին քաղաքականության հարցում իր աջակցությունը: ՀՅԴ-ն անկասկած լավ է պատկերացնում, որ Հայաստանի իշխանության առանցքը առաջիկա տարիներին անցնելու է հենց արտաքին քաղաքականության ասպարեզով, եւ այստեղ է բաժանվելու կամ դասավորվելու իշխանությունը, ինչը 2018-ին ոչ միայն չի ավարտվելու, այլ նոր է միայն սկսվելու: