loading...

Սերժ Սարգսյանին պահել եւ բաց չեն թողնում. նա ալիբի ունի



Դիտումներ ` 568
Սերժ Սարգսյանին պահել եւ բաց չեն թողնում. նա ալիբի ունի

ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, որ կուսակցության նախագահի փոփոխության հարց օրակարգում չկա, դա կուսակցության ներքին հարցերն են, քննարկում եղել է, սակայն այժմ այդպիսի հարց չկա՝ նախագահը Սերժ Սարգսյանն է:

ՀՀԿ նախագահի փոփոխության հարցն օրակարգ էր բերել հենց Սերժ Սարգսյանը, իր հրաժարականից երկու օր անց՝ ապրիլի 25-ի երեկոյան: Այդ օրը թավշյա հեղափոխությունը ծավալվեց նոր ուժով, այն բանից հետո, երբ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը չգնաց Նիկոլ Փաշինյանի հետ բանակցության՝ իշխանության սահուն փոխանցման շուրջ:

Նիկոլ Փաշինյանը պահանջել էր, որ բանակցությանը ներկա լինեն նաեւ ՀՀԿ խմբակցության ղեկավարն ու ԱԺ նախագահը, ասելով, որ Կարեն Կարապետյանը միայն չի ներկայացնում ՀՀԿ-ն: Կարապետյանը անթույլատրելի էր համարել պայման թելադրելը: Բանակցությունը չեղավ, շարժումը հավաքեց նոր թափ, դրան միանալու մասին արդեն պաշտոնապես հայտարարեցին ՀՅԴ-ն ու Ծառուկյան դաշինքը, ՀՅԴ-ն դուրս եկավ կոալիցիայից:Նույն օրը Վահրամ Բաղդասարյանը հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարականից հետո չի խառնվում գործերին, չի էլ ցանկանում: Բայց, մի քանի ժամ անց եղավ տեղեկություն, որ Սարգսյանը խմբակցության անդամներին հրավիրում է հանդիպման, հետագա ճակատագրի հարց քննարկելու:

Տեղեկություն եղավ նաեւ, որ Սարգսյանը խոսել է խորհրդարանում «տարբերվող ձեւաչափով» գործունեությանը պատրաստ լինելու, որեւէ հարցում միասնական մնալու եւ նաեւ կուսակցության վերափոխման, կուսակցության նոր նախագահի հարց դիտարկելու մասին:Հետաքրքիր էր, որ գործերին չխառնվող Սերժ Սարգսյանն ապրիլի 25-ի երեկոյան այդուհանդերձ խառնվել էր: Ընդ որում, այդ հավաքին չէր մասնակցել Կարեն Կարապետյանը: Դե ֆակտո, Սերժ Սարգսյանը բավական պարզ ակնարկել էր, որ ՀՀԿ-ն պետք է պատրաստվի խորհրդարանում ընդդիմության կարգավիճակի, միասնաբար քվեարկի Նիկոլ Փաշինյանի օգտին եւ ձեռնամուխ լինի ներկուսակցական վերափոխման:

 



Ապրիլի 26-ից գործընթացը սկսեց զարգանալ այդ տրամաբանությամբ, երբ Մոսկվայում աջակցություն գտնելու Կարեն Կարապետյանի ջանքը բախվեց Պուտինի հստակ մերժմանը: Ապրիլի 27-ից Կարեն Կարապետյանը կարծես թե անցավ ընդհատակ: Մայիսի 1-ի վարչապետի քվեարկությանն ընդառաջ ամեն ինչ տանում էր նրան, որ ՀՀԿ-ն աջակցելու է Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: Բայց ապրիլի 30-ի երեկոյան Փաշինյանը տեղեկություն տարածեց, որ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ եղել է ՀՀԿ հավաք, որտեղ որոշվել է մերժել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:

Մայիսի 1-ին ՀՀԿ-ն միասնաբար քվեարկեց, բայց միասնաբար դեմ, բացառությամբ ԱԱԾ գեներալ Ֆելիքս Ցոլակյանի, որը քվեարկեց Նիկոլ Փաշինյանի օգտին եւ որը թերեւս միակն էր, որ խորությամբ պատկերացրել էր տեղի ունեցողը, կամ չէր տրվել մանիպուլյացիայի:Բանն այն է, որ դրանից առաջ ռուսական ՆՏՎ հեռուստաալիքով տարածվեց Ռոբերտ Քոչարյանի մեկնաբանությունը, թե իշխանությունը ճամպրուկ չէ, որ վերցնես ու փոխանցես: Խոշոր հաշվով նա իհարկե իրավացի էր, սակայն տողատակն անկասկած այլ էր, եւ Քոչարյանը ակնարկում էր, որ նա այդ ճամպրուկում ունի անձնական իրեր, որոնք պետք է հաշվի առնել: Հեռուստատեսությամբ այդ մեկնաբանության պայմաններում թերեւս պարզ է, թե արդեն տեսախցիկների ու հանրային աչքից հեռու ՀՀԿ շրջանակում ինչպես է իր շահերը պաշտպանել Ռոբերտ Քոչարյանը:

Այդ իմաստով, թերեւս թյուր է տպավորությունը, որ Սարգսյանն ու Քոչարյանը գործել են միայնակ:Հակառակը, Ռոբերտ Քոչարյանն ըստ երեւույթին Սերժ Սարգսյանին մեղադրել է «դավադրության» եւ ամբողջ համակարգը «հանձնելու» փորձի համար, նրա հանդեպ կասկած առաջացնելով ՀՀԿ-ում եւ այդպիսով փաստացի մայիսի 1-ի քվեարկությանն ընդառաջ իրականացնելով ներկուսակցական հեղաշրջում: Հ

ետաքրքիր էր ավելի ուշ՝ հեղաշրջման մայիսի 2-ի տապալումից հետո Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական կայքի մեկնաբանությունը, թե Քոչարյանը որեւէ կերպ խառնված չի եղել պրոցեսներին եւ ավելին, եթե Քոչարյանը մասնակից լիներ, բանը չէր հասնի ճգնաժամի: Դե ֆակտո, տողատակում հենց դա վկայում է, թե ինչ տրամաբանությամբ է Քոչարյանը մասնակցել «ճամպրուկի» ճակատագրի որոշմանը, փորձելով ամեն ինչ բարդել Սերժ Սարգսյանի կամ անկարողության, կամ «դավաճանության» վրա եւ այդպիսով վերցնել «ճամպրուկն» իր ձեռքը:

 


Մայիսի 2-ի առավոտյան սակայն գործնականում ամբողջ հանրապետությունն իր ձեռքը վերցրեց հասարակությունը, ցույց տալով, որ գնացքը արդեն գնացել է եւ ուշացողները մնացել են կառամատույցին, այն էլ առանց  «ճամպրուկի»:Մայիսի 8-ից հետո տարածվեց տեղեկություն, որ Կարապետյանները՝ Տաշիրի եւ Գազպրոմի, դուրս են գալիս ՀՀԿ-ից ու ստեղծելու են նոր կուսակցություն: Հետո սակայն այդ տեղեկությունը հերքվեց: Պաշտոնապես նրանք չեն մեկնաբանել ոչինչ, բայց ըստ երեւույթին կայացրել են ոչ թե նոր կուսակցություն, այլ նոր ՀՀԿ ստեղծելու որոշում՝ վերցնելով հին ՀՀԿ իշխանությունը:

Իշխանություն, որի ղեկին Սերժ Սարգսյանը տեսնում է թերեւս Վիգեն Սարգսյանին: Միաժամանակ չհանձնվելու մասին են հայտարարում Տարոն Մարգարյանն ու Ռուբեն Հայրապետյանը: Անկասկած կան նաեւ ներհհկ-ական մի շարք այլ խմբեր, որոնք ծրագրում են պայքարել նոր խորհրդարանում ՀՀԿ թեկուզ փոքր, բայց տեղի համար:Սերժ Սարգսյանն այդ իրավիճակում ստիպված է մնալ ՀՀԿ նախագահ, առնվազն ներկուսակցական պլանները պաշտպանելու համար: Իշխանությունը փոխանցել նրա մոտ չստացվեց, նա թերեւս  ծրագրում է գոնե հաջողել կուսակցության ղեկավարությունը փոխանցելու հարցում:

Մյուս կողմից, նրան անշուշտ շարունակում են կասկածել եւ բաց չեն էլ թողնի՝ ներկուսակցական խմբերը, մինչեւ երեւի թե չստանան բոլոր հարցերի պատասխանները:Բայց, այդ իմաստով իհարկե Սերժ Սարգսյանն ապահովել է իր «երկաթյա ալիբին», ասելու համար, որ ինքն ամենեւին չէր պատրաստվում մնալ երրորդ ժամկետի, այդ կուսակցականները միաբերան պնդեցին անփոխարինելիությունը եւ դարձան հեղափոխության պատճառ, բացի իհարկե Դավիթ Հարությունյանից:

http://www.lragir.am/index/arm/0/comments/view/177217


loading...

Փակել