Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության և գործողությունների համադրման բազմակողմ ծրագրի շրջանակում դեկտեմբերի 1-ից 4-ը ՊԲ էր այցելել Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը:
Աշխատանքային այցի ընթացքում նախագահները եղել են նաև ռազմական նշանակության մի շարք օբյեկտներում և ծանոթացել հակառակորդին առավել արդյունավետորեն հակազդելու նպատակով ստեղծված և ՊԲ-ում ներդրված մի շարք՝ բացահայտման և հանրայնացման ոչ ենթակա նորամուծությունների, խրախուսել նշված և հարակից գործընթացներում աչքի ընկած և առավելագույն ներդրում ունեցած զինծառայողներին:
Նրանք մասնավորապես այցելել են «Ասպարեզ» ուսումնական կենտրոն, որտեղ նրանց ներկայացրել են հայկական արտադրության նոր զինտեխնիկայի մարտավարատեխնիկական բնութագրերը և նշանակությունը, որից հետո դիտաշտարակից հետևել են դրանց կիրառման ընթացքին:
Աշխատանքային այցի ընթացքում, հայկական երկու հանրապետությունների ռազմաքաղաքական ղեկավարության կողմից հարգանքի տուրք է մատուցվել նաև խորհրդային միության կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Բաղրամյանի հիշատակին, ում 120-ամյակը լրացել է դեկտեմբերի 2-ին: