loading...

Սերժ Սարգսյանի խոշոր տապալումը



Դիտումներ ` 1040
Սերժ Սարգսյանի խոշոր տապալումը

Արմենիա հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադառնալով Հայաստանի համար կարեւորագույն նշանակություն ունեցող Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի շինարարությանը, մասնավորապես դրա մեղմ ասած դանդաղ ընթացքին, Սերժ Սարգսյանն արեց ուշագրավ հայտարարություն՝ թե սոցիալական կայունությունը գերադասել են ճանապարհի արագ շինարարությունից:

«Երբ որ ծրագիրը սկսում էին, այդպես չէր, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը արդեն շոշափելի երևում էր։ Հիշո՞ւմ եք, մենք այդ ճգնաժամի պատճառով ստիպված էինք պարտքեր վերցնել, պետական պարտքը ավելացնել, ավելի շատ վարկային միջոցներ, որպեսզի կարողանայինք երկրում կայունություն ապահովել, որպեսզի սոցիալական լարվածություններ չլինեին, մենք երկրում կայունությունը գերադասեցինք այդ ճանապարհի արագ կառուցումից։ Ո՞րն էր ճիշտ, ես կարծում եմ այդպես է։ Ճիշտ այդպես էր, մենք կարող էինք ունենալ, չգիտեմ ևս 150 կմ կառուցված ճանապարհ, բայց սոցիալական խիստ լարվածություն։ Երկարաժամկետ ծրագրերը, իհարկե, կատարման համար պարտադիր են, բայց նրանք ենթական են որոշակի փոփոխությունների՝ ելնելով կոնկրետ երկրի շահերից», հայտարարեց Սերժ Սարգսյանը:

Նա ասել էր նաեւ, թե ճանապարհի արժեքի գնահատումը այսպես ասած խիստ նախնական է եղել, որն արել էր մի ճապոնական ընկերություն:Հյուսիս-հարավի դանդաղ եւ խնդրահարույց շինարարության «պատճառը» բացատրելու Սերժ Սարգսյանի փորձը պատասխանի փոխարեն առաջացնում է մի շարք նոր հարցեր: Սարգսյանի պատճառաբանությունը ոչ միայն չի թվում համոզիչ, այլ թվում է մտացածին, երբ պարզ չէ, թե ինչ ասել, բայց ինչ որ բան ասել պետք է, որովհետեւ խոսքը վերաբերում է պետության ամենակարեւոր նախագծերից մասին:

Սերժ Սարգսյանն ասում է, թե ճանապարհի շինարարության արժեքի գնահատումը, այսինքն անհրաժեշտ ծախսի հաշվարկը եղել է խիստ նախնական:

Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարությունը սկսվել է 2012 թվականի սեպտեմբերին, Արարատի մարզի հատվածի շինարարության մեկնարկով: Հայտարարվել էր, որ ծրագիրը ավարտվելու է 2016 թվականին: Ներկայում 2017 թվականն է ավարտվում, իսկ Հյուսիս-հարավ ավտոմայրուղուց անցնող մոտ 5 տարիների ընթացքում կառուցվել է ընդամենը 55-60 կմ, կամ ընդհանուր ծրագրի մոտ տասը տոկոսը: Փաստորեն, տարեկան կառուցվում է մոտ 10-15 կմ ճանապարհ:



Հաշվի առնելով ճանապարհի ռազմավարական նշանակությունը ոչ միայն Հայաստան-Իրան-Վրաստան հարաբերության, այլ ընդհանրապես ռեգիոնալ քաղաքականության տեսանկյունից, Հյուսիս-հարավի շինարարության տեմպը պարզապես խայտառակ է: Ինչպիսին է որակը՝ անհրաժեշտ է անցնել արդեն կառուցված մի քանի տասնյակ կիլոմետրով եւ տեսնել, թե արդեն քանի տեղում է առաջացել կարկատանի անհրաժեշտություն, քանի հատվածում է քայքայվել բետոնե ծածկը:

Ահա այդ իրավիճակը Սերժ Սարգսյանը փորձում է բացատրել համաշխարհային տնտեսական ճգնաժամով, ծրագրի արժեքի խիստ նախնական գնահատականով եւ այլն: Ո՞վ է այդ բացատրությունը մատուցել Սերժ Սարգսյանին:

Ծրագրի վարկավորման վերաբերյալ համաձայնագիրը Հայաստանն ու Ասիական զարգացման բանկը կնքել են 2009 թվականին: Ասիական զարգացման բանկն ըստ դրա պետք է տրամադրեր 500 միլիոն դոլար, ընդհանուր 962 միլիոն դոլար արժեքից: Երբ Հայաստանի կառավարությունը 2009 թվականին կնքել է համաձայնագիրը Ասիական բանկի հետ, ունեցե՞լ է ծրագրի ոչ նախնական եւ ընդհանրական, այլ բավականաչափ հստակ գնահատում: Եթե չի ունեցել, ապա ինչու՞ է կնքել համաձայնագիրը Ասիական բանկի հետ:

«Երբ որ ծրագիրը սկսում էին, այդպես չէր, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը արդեն շոշափելի երևում էր։ Հիշո՞ւմ եք, մենք այդ ճգնաժամի պատճառով ստիպված էինք պարտքեր վերցնել, պետական պարտքը ավելացնել, ավելի շատ վարկային միջոցներ, որպեսզի կարողանայինք երկրում կայունություն ապահովել, որպեսզի սոցիալական լարվածություններ չլինեին, մենք երկրում կայունությունը գերադասեցինք այդ ճանապարհի արագ կառուցումից», հայտարարում է Սերժ Սարգսյանը:

Նրա մոտ կամ հիշողության կորուստ է, որը փորձել են շահարկել բացատրությունը պատրաստողները, կամ Սերժ Սարգսյանի մոտ բացակայում է այլ, կարեւոր մի բան՝ հանրությանը չխաբելու պարկեշտությունը:


Բանն այն է, որ 2009 թվականին, երբ Հայաստանն Ասիական բանկի հետ ստորագրել է վարկավորման համաձայնագիրը, համաշխարհային տնտեսական ճգնաժամը ոչ միայն շոշափելի երեւում էր, այլ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը արդեն հասցրել էր հայտարարել, թե ճգնաժամի մասին լռելու դեպքում այն չի գա Հայաստան:

Իհարկե, չի բացառվում, որ Սերժ Սարգսյանին 2009 թվականին դեռեւս չէին հայտնել 2008-ից ծավալված համաշխարհային տնտեսական ճգնաժամի մասին, ինչպես հայտնի անեկդոտում, երբ սովետական քաղաքացու նկուղում պահվող գերմանացի գերուն չեն ասում, որ երկրորդ համաշխարհայինն արդեն ավարտվել է:

Բայց արդեն 2009 թվականին համախարհային ճգնաժամը Հայաստանի վրա ունեցել է ազդեցություն 14 տոկոսից ավելի անկման տեսքով: Հետեւաբար, երբ Հյուսիս-հարավ ծրագիրը սկսում էին, այն էլ ոչ թե շինարարության, այլ փաստաթղթավորման փուլում, համաշխարհային ճգնաժամը ոչ միայն շոշափելի էր աշխարհում, այլ նաեւ Հայաստանում:

Սարգսյանը հայտարարում է, որ սոցիալական կայունությունը գերադասել են ճանապարհի շնարարությունից: Ի՞նչ է ստացվում՝ ճանապարհի համար նախատեսված փողով Հայաստանում թոշակ, նպաստ ու աշխատավա՞րձ են բաժանել: Չէ՞ որ ճանապարհի շինարարության մեջ արվող ներդրումը ինքնին սոցիալական էֆեկտ ենթադրող հանգամանք է, եւ ավելին՝ ճգնաժամերի պարագայում թերեւս հենց առավել կարեւոր են դառնում խոշոր ենթակառուցվածքային ներդրումային ծրագրերը:

Աներկբա է, որ Սերժ Սարգսյանը չունի Հյուսիս-հարավի ընթացքի վերաբերյալ բացատրություն: Խոշոր հաշվով հնարավոր է ընթացքը բարդել այն «ուղեկցած» վարչապետների եւ նախարարների վրա, սակայն աներկբա է, որ ռազմավարական նշանակության նախագծի առնվազն ներկայիս վիճակում փաստացի տապալման պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, որովհետեւ այդօրինակ նախագծերը ենթադրում են պատասխանատվության հենց այդ մասշտաբը:

Ավելին, Սերժ Սարգսյանի հարցազրույցում չկար ոչ միայն մինչ այժմ եղածի կամ չեղածի համար համոզիչ պատասխան, այլ պատասխանատվություն հետագայում լինելիքի մասին, նախագծի հետագա ճակատագրի, դրան դինամիկա, տեմպ հաղորդելու հնարավոր ուղիների, տարբերակների մասին:

http://www.lragir.am/index/arm/0/comments/view/166947


loading...

Փակել