loading...

Սերժ Սարգսյանի պատասխան հարվածը. Լուկաշենկոն բացում է գաղտնիքը



Դիտումներ ` 954
Սերժ Սարգսյանի պատասխան հարվածը. Լուկաշենկոն բացում է գաղտնիքը

«Ժամանակին մենք այլ թեկնածուներ էինք առաջադրում: Այն ժամանակ մեզ չլսեցին: Այժմ եկել ենք նրան, որ բոլորն են ընդունում՝ Լուկաշենկոն ճիշտ էր այս հարցը քննարկելիս», հայտարարել է Բելառուսի նախագահ Լուկաշենկոն՝ խոսելով ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնում Յուրի Խաչատուրովի առաջադրման մասին:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ռոտացիոն սկզբունքով Հայաստանին էր անցել 2016 թվականից, սակայն հարցը ձգվեց մոտ մեկ տարի եւ միայն 2017-ի գարնանը Հայաստանի թեկնածուն նշանակվեց այդ պաշտոնին: Այդ թեկնածուն Յուրի Խաչատուրովն էր: Մեկ տարի հարցը հետաձգվում էր ՀԱՊԿ վեհաժողովիօց վեհաժողով, մեկ Լուկաշենկոն չէր լինում, մեկ Նազարբաեւը, մեկ այլ բան:

Բելառուսի նախագահը այժմ փաստորեն բացահայտ հայտարարում է, որ դեմ էր Խաչատուրովի թեկնածությանը եւ ներկայացրել են այլ թեկնածուներ: Հարց է առաջանում, ի՞նչ թեկնածուներ նկատի ունի Լուկաշենկոն: Հայաստանի՞ այլ թեկնածուներ, թե՞ այլ երկրի թեկնածուներ: Այսինքն, Լուկաշենկոն դեմ է եղել Հայաստանի՞ քվոտային, թե՞ միայն Յուրի Խաչատուրովին ու Սերժ Սարգսյանին առաջարկել են փոխել թեկնածուին:

Այդ համատեքստում հետաքրքիր է 2016-ի դեկտեմբերին Մոսկվայում ՀԱՊԿ երկրների հավաքին ընդառաջ Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի հայտարարությունը, թե Հայաստանը չի փոխելու իր թեկնածուին: Պետք է ենթադրել, որ Լուկաշենկոն, իսկ գուցե նաեւ Նազարբաեւը ակնկալում էին ալ թեկնածու: Ո՞վ է եղել այդ այլ թեկնածուն եւ ի՞նչ չափանիշով ու պատկերացումով է առաջնորդվել Լուկաշենկոն: Նա ինչ որ պատճառով չի ցանկացել Խաչատուրովի՞ն, թե՞ պարզապես ունեցել է իր համար խիստ ցանկալի թեկնածու եւ այդ պատճառով նրա համար մերժելի էր լինելու որեւէ այլ մեկը, լինել Խաչատուրովը, թե ուրիշ անձ:

 



Եվ ընդհանրապես, Հայաստա՞նն է եղել այդտեղ խնդիրը, թե՞ Ռուսաստանը: Իսկ արդյո՞ք Լուկաշենկոյի դիրքորոշման վրա այդ ժամանակ ազդել է Ադրբեջանը, Իլհամ Ալիեւը:

Թե՞ Բելառուսի նախագահը կասկածել է Սերժ Սարգսյանին, որ նա իր համար խնդիր դարձած Յուրի Խաչատուրովին «բարդում» է ՀԱՊԿ վրա եւ ազատվում այդ խնդրից: Մեծ հաշվով:

Ըստ երեւույթին Սերժ Սարգսյանն այդպես փորձել է հավասարակշռել ռիսկերը: Իսկ դրանց առկայության մասին ավելի ուշ հայտարարել էր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ ասելով, թե ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնում Յուրի Խաչատուրովի նշանակումը ամենեւին չի ուժեղացնում այդ կառույցում Հայաստանի դիրքերը, քանի որ այս դեպքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի որեւէ հայտարարություն ուղղակի կկապվի նրա այսպես ասած ազգային պատկանելությանն ու կմեկնաբանվի լոկ այդ շարժառիթային դիրքից:

Վիգեն Սարգսյանը բավական նրբորեն ակնարկել էր բուն խնդիրը՝ ՀԱՊԿ ԳՔ պաշտոնը տալով Հայաստանին, կազմակերպությունը մի կողմից «ձեռքերն էր լվանում եւ փորձ անում իրեն ազատել Հայաստանի հարցապնդումներից, մյուս կողմից էլ «թուլացնում» էր Հայաստանին եւ Արցախին առնչվող խնդիրներում իր հայտարարությունների այսպես ասած «ուժը»՝ տալով դրանք Խաչատուրովի այսպես ասած հայ լինելու վրա «դուրս գրելու» հնարավորություն:

2015 թվականին ՀԱՊԿ ղեկավարներին անտարբերության համար ուղիղ եւ կոշտ մեղադրանք ներկայացնող Սերժ Սարգսյանն անկասկած պատկերացնում էր խնդիրը, որ ՀԱՊԿ ԳՔ պաշտոնը ծուղակ է Հայաստանի համար, իրականում ոչ թե Հայաստանի հնարավորություններն ավելացնելու, այլ Հայաստանի «բերանը փակելու» միջոց: Մյուս կողմից, իհարկե, բարդ էր հրաժարվել ռոտացիոն քվոտայից:

 


Յուրի Խաչատուրովի թեկնածությունը թերեւս Սերժ Սարգսյանի «պատասխան հարվածն» էր ՀԱՊԿ-ին, որը զգում են հիմա, ու Լուկաշենկոն թերեւս խոսում է հենց այդ մասին, որ ինքն այն ժամանակ էր հասկացել Սարգսյանի «հնարամտությունը»:

Ներկայումս իհարկե սեղանին ՀԱՊԿ նոր ԳՔ հարցն է: Հայաստանի ռոտացիոն քվոտան մինչեւ 2020 թվականն է: Երեւանը պաշտպանության նախարարի շուրթերով հայտարարել է, որ պահելու է այն մինչեւ վերջ: Սկսվել է Խաչատուրովին փոխարինելու ընթացակարգ: Նիկոլ Փաշինյանը այդ թեմայով հեռախոսային խոսակցություն է ունեցել Ղազախստանի, Բելառուսի եւ Ռուսաստանի նախագահների հետ:

Լուկաշենկոն իր հերթին հայտարարել է, որ օգոստոսի 22-ին Պուտինի հետ խորությամբ քննարկել են ՀԱՊԿ հարցը: Ի՞նչ կարծիքի է նա Հայաստանի հնարավոր նոր թեկնածուի մասին: Պաշտոնապես որեւէ անուն շրջանառության մեջ չէ, սակայն կասկած չկա, որ Փաշինյանը այն արդեն իսկ հնչեցրել է հեռախոսազրույցներում:

Խաչատուրովի դեմ հայաստանյան գործից հետո հնչող հայտարարություններն այն էին, թե Հայաստանը վարկաբեկում է ՀԱՊԿ-ն, խաղում հեղինակության հետ: Իրականում ՀԱՊԿ հեղինակություն ասվածը չափազանց ծիծաղելի է, առաջին հերթին հենց Հայաստանի անվտանգության հարցերում այդ կառույցի տարիների քաղաքական պահվածքի պարագայում: ՀԱՊԿ հեղինակության հետ խաղում են այն անդամ պետությունները, որոնք Հայաստանին պատերազմով սպառնացող եւ Հայաստանի տարածքի հանդեպ ոտնձգություններ ու նկրտումներ դրսեւորող Ադրբեջանին մատակարարում են հսկայական քանակի մահաբեր սպառազինություն:

ՀԱՊԿ հեղինակությունն ունի ձեւավորման խնդիր, ոչ թե վերականգնման կամ պահպանման: Հնարավոր չէ վարկաբեկել այն, ինչ չկա եւ չի եղել: Կլինի՞: Հայաստանն այդ հարցում կարող է ունենալ կարեւոր դեր, հատկապես նոր Հայաստանը, եթե իհարկե Ռուսաստանին, Բելառուսին եւ Ղազախստանին հետաքրքրում է ՀԱՊԿ-ը եւ դրա հեղինակությունը:

https://www.lragir.am/2018/08/28/374239/


loading...

Փակել