Lragir.am-ը գրում է. Սերժ Սարգսյանը նախօրեին tert.am-ին տված հարցազրույցում, որը բաղկացած էր մեկ հարցից, դե ֆակտո պաշտոնանկ արեց վարչապետ Կարեն Կարապետյանին:
Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե ինքն իհարկե 2014-ին ասել է, որ չի հավակնելու վարչապետի պաշտոնին, սակայն պարզունակ է մտածել, թե ամեն ինչ պետք է լուծվի միայն հավակնությամբ:
Նա հայտարարել է, որ այդքան պարզունակ եւ անպատասխանատու չէ, որ արտաքին ու ներքին անվտանգության մեծ մարտահրավերների պարագայում առաջնորդվի միայն իր հավակնությամբ:
Այդպիսով, Սերժ Սարգսյանը գրեթե հայտարարել է, որ ապրիլի 17-ին վարչապետ կդառնա հենց ինքը, կամ այլ կերպ պարզ է, որ Կարեն Կարապետյանի վարչապետությանը մնացել է մեկ ամիս, եւ եթե այդ մասին հայտարարվում է գրեթե բաց տեքստով, ապա դա նշանակում է, որ դե ֆակտո Կարապետյանն այլեւս վարչապետ չէ:
Թեեւ իհարկե հարաբերական է ասելը, թե նա վարչապետ էր մինչ այդ: Ավելին, եթե Կարապետյանը դառնար վարչապետ, Սերժ Սարգսյանը գուցե չառաջադրվեր այդ պաշտոնի համար:
Բայց, դա այլեւս երեւի թե անցած փուլ է, թեեւ Սերժ Սարգսյանը շարունակում է ձեռնպահ մնալ իր վարչապետության մասին ուղիղ հայտարարությունից:
Այդուհանդերձ, նա հռչակում է նաեւ որպես վարչապետ իր գլխավոր առաքելությունը՝ երիտասարդ լիդերների ձեւավորումը կամ կազմավորումը, ընդ որում անկախ կուսակցական պատկանելությունից եւ քաղաքական դիրքավորումից:
Այդ խնդրում նրա հենարանը լինելու է բանակը, ինչը Սարգսյանը անշուշտ ոչ ուղղակի, սակայն բավական հստակ ակնարկեց նույն օրը ՊՆ օպերատիվ հավաքի ընթացքում ունեցած ելույթում: Մանրամամսները՝ սկզբնաղբյուր կայքում