Հունվարի 25-ի գիշերը` ժամը 2-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերից մեկի պաշտպանական հատվածում Պաշտպանության բանակի առաջապահ ուժերի կողմից հավաստանշվել է հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձ: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական հատուկջոկատայինները հետ են շպրտվել:
Ըստ նախնական տվյալների՝ հակառակորդի կողմից կան կորուստներ: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, APA լրատվական գործակալության փոխանցմամբ, հերքել է հայկական կողմի հաղորդումը՝ վստահեցնելով, թե ադրբեջանական բանակը ամբողջովին պահպանում է հրադադարը և որևէ կորուստ չունի:
Հայկական կողմը, դատելով հաղորդագրությունից, բարեբախտաբար կորուստներ չունի, սակայն Ադրբեջանի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձն ուշագրավ է մի քանի առումով: Վերջին նման փորձը Բաքուն ձեռնարկել էր անցած տարվա փետրվարին և արժանացել էր հայկական կողմի համարժեք պատասխանին: Թերևս սա դարձավ առիթ, որպեսզի Հայաստանի իշխանությունները` անգամ Սերժ Սարգսյանի մակարդակով, հանրությանը հավաստիացնեն, որ Ադրբեջանն այլևս նման արկածախնդրության չի դիմի: Ընդ որում, Սերժ Սարգսյանի և մյուսների ինքնավստահությունը բազմաշերտ էր և հիմնված էր հատկապես երկու հանգամանքի վրա: Մի կողմից` 2016-ի Ապրիլյան պատերազմից հետո հայկական կողմը դասեր է քաղել և առաջնագծի ամրացման ուղղությամբ հսկայածավալ աշխատանք է տարվել, մյուս կողմից` մատնանշվում էր վարվող արդյունավետ արտաքին քաղաքականությունը:
Կրակովում տեղի ունեցած Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը հույսեր ծնեց, որ փոքր քայլերով իրականություն են դառնում Վիեննայի պայմանավորվածությունները, մանավանդ, որ Էմանուել Մակրոն-Սերժ Սարգսյան հանդիպման ժամանակ Ֆրանսիայի նախագահը բաց տեքստով ակնարկեց, որ Փարիզը մտադիր է ակտիվացնել ջանքերը ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում:
Սակայն գրեթե զուգահեռ ընթացող այլ իրադարձություններ ծնում են մտահոգություններ, որ գործընթացը կարող է դուրս գալ վերահսկողությունից` ինչպես դա տեղի ունեցավ երկու տարի առաջ, երբ Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց Ռուսաստանի քարտ-բլանշով: Համենայնդեպս, երբ Նալբանդյանը և Մամեդյարովը պայմանավորվեցին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման մասին, հունվարի 19-ին Ադրբեջանը նոր սպառազինություն ստացավ Ռուսաստանից, իսկ երկրի նախագահ Իլհամ Ալիևը երեկ անգամ Դավոսում չխորշեց հանդես գալ համատեքստից դուրս հայտարարությամբ` ակնարկելով, որ ռուս-ադրբեջանական ռազմա-տեխնիկական համագործակցությունը Բաքվի նոր ագրեսիվ քաղաքականության ազդակ է: Մոսկվան, ըստ էության, հակադրվում է Կրակովի համատեքստին և Վիեննայի պայմանավորվածություններին, ինչը լարվածության նոր պատճառ է ստեղծում տարածաշրջանում:
Ռուսական զրահատեխնիկայի մատակարարումն Ադրբեջանին համարժեք պատասխանի չարժանացավ Երևանում և Ստեփանակերտում: ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը քիչ մնաց նույնիսկ ողջունի Մոսկվայի «կայունացնող» քաղաքականությունը: Հայաստանն իր հերթին ամեն ինչ անում է, որպեսզի պահպանի ռազմական բալանսը, այսօր կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ասել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ արձագանքելով լրագրողների այն դիտարկմանը, թե Ռուսաստանը շարունակում է զենք մատակարարել Ադրբեջանին։ Ընդ որում, Քոչարյանը տողատակով դարձյալ պաշտպանել է Ռուսաստանին` ասելով, թե Հայաստանն այդ երկրից սպառազինություն է ձեռք բերում մատչելի գներով:
Մենք, ըստ էության, ականատես ենք լինում Մոսկվայի քաղաքականության ոչ թե դատապարտման, այլ` անուղղակի արդարացման: Երևանում պարտավոր էին ամենաբարձր մակարդակով Մոսկվային հիշեցնել իր դաշնակցային և միջնորդական առաքելությունների մասին` պահանջելով դադարեցնել սպառազինությունների մատակարարումը Ադրբեջան:
Մյուս կողմից` Հայաստանը պարտավոր է զարգացնել, այսպես կոչված, զուգահեռ կամ այլընտրանքային ռազմա-տեխնիկական համագործակցությունը Եվրամիության, ՆԱՏՕ-ի, Չինաստանի, Իրանի հետ` Մոսկվային ստիպելով վարել ավելի կառուցողական քաղաքականություն:
Թվում էր` 2016-ի պատերազմից հետո Մոսկվայում համապատասխան հետևություններ են արվել: Սակայն ամեն ինչ վերադարձվ ի շրջանս յուր այն բանից հետո, երբ Ռուսաստանի քաղաքականությունից դժգոհ Հայաստանի հասարակությունը կորցրեց իր սուբյեկտությունը, իսկ մեր դիվանագիտությունը դարձավ նախկինի պես անատամ` հերթական անգամ կասկածի տակ դնելով Սերժ Սարգսյանի խոսքի արժեքը: Համենայնդեպս, երեկ Ադրբեջանը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել` ռուսական սպառազինության նոր խմբաքանակի ստացումից անմիջապես հետո, ահազանգելով, թե կարող է կրկնել 2016-ի սցենարը: