Երեւանի Ավագանու փետրվարի 13-ի նիստը կարող է դառնալ օսկարակիր ֆիլմի սցենար, հատկապես, որ հերոսներից մեկը եղավ կարատեիստ, կինոդերասան, սցենարիստ, ռեժիսոր եւ պրոդյուսեր Գոռ Վարդանյանը:Երկիր ծիրանի կուսակցության անդամ կանայք Ավագանու նիստի են բերել Նուբարաշենի խճուղու կոյուղաջրերից, որոնց հոտի դեմ բողոքում են բնակիչները: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, տեսնելով իրեն մոտեցող կոյուղաջրով կնոջը, փորձել է ձեռնարկել պաշտպանական միջոցառումներ, վախենալով, որ դա ինչ որ փորձ է իր դեմ, գուցե ընդհուպ մահափորձ:
Երեւանի Ավագանու ՀՀԿ-ական մյուս անդամները, գուցե մտածելով, որ Մարգարյանից հետո կհասնի իրենց հերթը, փորձել են թույլ չտալ, որ կոյուղաջրով կինը հասնի քաղաքապետ Մարգարյանին: Սկսվել է աղմուկ, աղաղակ, հայհոյանք, ծեծկռտուք, եւ ի վերջո Գոռ Վարդանյանը գրկել եւ դուրս է շպրտել կնոջը, որի ձեռքին այլեւս չկար կոյուղաջրով տարա:Միջադեպը կարծես թե սպառվեց, թեեւ դժվար է ասել, որ դա կլինի վերջինը: Համենայն դեպս, Երկիր Ծիրանի կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, թե թույլ չի տալու ՀՀԿ-ականներին հանգիստ հավաքվել Ավագանում:
Ավելի վաղ, երբ նա ընտրվում էր Ավագանի, հայտարարում էր, որ դժոխքի է վերածելու Տարոն Մարգարյանի կյանքը:Մինչ այժմ Զարուհի Փոստանջյանը քայլ առ քայլ ավելացնում էր «դժոխքի դոզան»: Փետրվարի 13-ը գագաթնակե՞տն է, թե ոչ, դժվար է ասել, սակայն Տարոն Մարգարյանին ահաբեկել Փոստանջյանին եւ թիմակիցներին թերեւս հաջողվել է: Փաստացի, Մարգարյանը համարում է, որ նրանցից ինչ ասես հնարավոր է սպասել, եթե ահաբեկվել է իրեն մոտեցվող կոյուղաջրով տարայից եւ փաստորեն տրվել է կամա թե ակամա կազմակերպված սադրանքին, իրավիճակը փաստացի դուրս բերելով վերահսկողությունից եւ ՀՀԿ Ավագանուն դուրս բերելով «գեղեցիկ» փաթեթից:
Տեղի ունեցածը սակայն միայն առերեւույթ կամ ֆորմալ մասով է Տարոն Մարգարյան-Զարուհի Փոստանջյան ֆորմատ, կամ ՀՀԿ Ավագանի-Երկիր Ծիրանի ավագանի ֆորմատ: Գործնականում, դե ֆակտո, խոսքը Սերժ Սարգսյան-Տարոն Մարգարյան ֆորմատի մասին է:
:Ի վերջո, ինչպե՞ս է Զարուհի Փոստանջյանի Երկիր Ծիրանին հայտնվել Երեւանի Ավագանում: Շատ պարզ ձեւով՝ այն պարզապես չէր կարող չհայտնվել, քանի որ ընտրությանը մասնակցեց ընդամենը երեք ուժ, իսկ ըստ օրենքի՝ այդ դեպքում անցնում են երեքն էլ, անկախ հավաքած ձայների թվից, որովհետեւ Ավագանին կարող է կազմված լինել նվազագույնը երեք ուժից:
Ըստ այդմ, բավական էր մի որեւէ այլ ուժի ներկայության ապահովում՝ իսկ ՀՀԿ կամ Սերժ Սարգսյանի համար դա բացարձակապես խնդիր լինել չէր կարող, եւ Երկիր Ծիրանին չէր հայտնվի խորհրդարանում եւ Տարոն Մարգարյանն էլ պարբերաբար չէր կանգնի «դժոխքի» առաջ:Բայց Սերժ Սարգսյանը փաստորեն որոշեց, որ չպետք է խոչընդոտի Երկիր Ծիրանի կուսակցությանը հայտնվել Երեւանի Ավագանում: Հազիվ թե Սարգսյանն ունենար պատրանք, որ Ծիրանին Ավագանում կպահի իրեն այնպես, ինչպես օրինակ ԵԼՔ խմբակցությունը: Ըստ այդմ, Սերժ Սարգսյանը ցանկանում էր, որ հենց Ծիրանին իր արմատական եւ էպոտաժային պահվածքով ներկայացված լինի Երեւանի Ավագանում:
Ըստ այդմ, այն տհաճ եւ փետրվարի 13-ի դեպքում գրեթե դաժան անակնկալը, որ Երկիր Ծիրանին մատուցեց Տարոն Մարգարյանին, գործնականում մատուցել է Մարգարյանին Սերժ Սարգսյանը:Իհարկե անակնկալը տհաճ է նաեւ ԵԼՔ դաշինքի համար, որովհետեւ Եկիր Ծիրանին, սրելով իրավիճակը, զուտ քարոզչական, մթնոլորտային առումով «խաղից դուրս» վիճակում է դնում ԵԼՔ-ին, ընդ որում ոչ միայն Երեւանի Ավագանու շրջանակում, այլ ընդհանրապես քաղաքական դիրքավորման:
Բանն այն չէ, որ Երկիր Ծիրանիի մարտավարությունը գործնականում էֆեկտիվ եւ իշխանության համար խնդրահարույց է: Բացարձակապես, եւ ավելին՝ իրավիճակն էլ ավելի մարգինալացնող եւ զավեշտի վերածող մարտավարություն է, որի զոհը դառնում են Տարոն Մարգարյանը, ՀՀԿ Ավագանին, ԵԼՔ խմբակցությունը, բայց ամենեւին ոչ իշխանությունն իր ամբողջության մեջ:
Ավելին, այդ տեսարանները իշխանությանը ընձեռում են «պատասխան» լեգիտիմ ռեակցիաների հնարավորություն: Այսինքն, մի կողմից դրանց միջոցով լուծվում են ներիշխանական հարցեր՝ օրինակ Տարոն Մարգարյանին մատուցվող անակնկալների տեսքով, որոնք կարծես թե միտված են նրա ներիշխանական կամ ներկլանային հավակնությունները «օրորոցում խեղդելուն», մյուս կողմից իշխանությունը կարողանում է մթնոլորտի գրեթե սահմանային շիկացման միջոցով իրավիճակը վերածել զավեշտի եւ անձեռնմխելի դարձնել օրակարգ թելադրողի իր դիրքը:
Հերթական դրվագն ակնհայտորեն ստացվեց, որն ի դեպ հնարավոր է իսկապես վերածել ֆիլմի, պատրաստել մրցունակ մի սցենար եւ ներկայացնել համաշխարհային կինոփառատոնների: Ի դեպ, մի քանի տարի առաջ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե Հայաստան են հրավիրելու Մել Գիբսոնին, որ մի ֆիլմ նկարվի հայ ժողովրդի հերոսական կերպարի մասին: Դա 2012 թվականի խորհրդարանի ընտրությունից առաջ էր: Մել Գիբսոնը Հայաստան այդպես էլ չեկավ:
Գոռ Վարդանյանն այդտեղ, դուք ի՞նձ եք հրավիրում ֆիլմ նկարելու, թերեւս ասել է Գիբսոնը Հայաստանի իշխանությանը: Եվ իսկապես, կրկեսի վերածելու ոչ, բայց կինոյի հայրենիք հաստատ կա եւ այդ ներուժը պետք է օգտագործել:Ի դեպ, ֆիլմը պետք է պատրաստել հնարավորինս արագ եւ կինովարձույթի հասույթով էլ լուծել Նուբարաշենի խճուղու կոյուղու հարցը, բնակիչներին ազատելով գարշահոտից: