Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարվել է կառավարության որոշմամբ իրեն հատկացված առանձնատան սեփականության իրավունքից: Այդ մասին Սերժ Սարգսյանը հայտարարել է կառավարության նիստում։
Իհարկե, դժվար է նշել, թե ինչ պատճառով է Սերժ Սարգսյանը հրաժարվել կառավարության որոշմամբ իրեն հատկացված առանձնատան սեփականության իրավունքից: Այս իրավունքից օգտվում են հանրապետության նախկին նախագահները, սակայն, ի տարբերություն Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանին առանձնատուն էր հատկացվել Պռոշյան փողոցում գտնվող կառավարական կացարանում, ըստ ամենայնի` հենց այն տանը, որտեղ նախագահության տաս տարիներին ապրել է Սերժ Սարգսյանը:
Դարձյալ անհասկանալի է, թե ինչու էր հենց այդ վայրում առանձնատուն տրվել Սերժ Սարգսյանին, սակայն միակ բանական բացատրությունն այն է, որ Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնը լքելուց հետո` մինչև վարչապետ դառնալը, միջանկյալ ութ օրերի ընթացքում, երբ չի ունեցել պետական որևէ պաշտոն, չի ցանկացել լքել կառավարական կեցավայրը: Մյուս կողմից` Սերժ Սարգսյանը հիմա կարող է հրաժարվել առանձնատան սեփականության իրավունքից, որովհետև այդ խնդիրը նրա համար ակտուալ չէ առնվազն առաջիկա չորս տարիներին, երբ նա, այսպես թե այնպես, օգտվում է պետության առաջին դեմքի համար նախատեսված բոլոր արտոնություններից:
Սերժ Սարգսյանի առանձնատան թեման դարձել էր քաղաքական և հասարակական քննարկումների թեմա. կառավարության այդ որոշումը համարվում էր Սարգսյանի անսահմանափակ իշխանության հավերժացման դրսևորում: Հանրային և քաղաքական այդ տրամադրությունները խորհրդարան հասցրեց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, որը վարչապետի ընտրության օրը դիմեց Սերժ Սարգսյանին` առանձնատնից հրաժարվելու հորդորով:
Փաստն այն է, որ Արամ Սարգսյանի ելույթից օրեր անց Սերժ Սարգսյանը հրաժարվեց առանձնատնից, ինչը կարելի է համարել խորհրդարանական ընդդիմության փաստարկված քննադատության կամ առաջարկության հետևանք: Իհարկե, Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, թե Սերժ Սարգսյանը նման որոշում է կայացրել իր ղեկավարած շարժման, իր ծավալած պայքարի արդյունքում: Այս դեպքում Փաշինյանն ակնհայտորեն գերագնահատում է իր շարժման դերը. նախ` չենք հիշում, որ «Մերժիր Սերժին» շարժման հանրահավաքների ժամանակ նման պահանջ հնչեցված լինի և երկրորդ` իշխանության ներկայացուցիչները ցուցադրաբար հայտարարում են, որ որևէ փոխզիջում չեն պատկերացնում Փաշինյանի շարժման օրակարգի հետ:
Ճշմարտությունն այն է, որ Սերժ Սարգսյանն ունեցել է առանձնատնից հրաժարվելու սեփական պատճառները, սակայն իր քայլի տողատակում նա դրել է խորհրդարանական ընդդիմությանը ժեստ անելու մոտիվը:
Սերժ Սարգսյանն ըստ ամենայնի լուծում է մի քանի խնդիր: Նա փորձում է ցույց տալ, որ հաշվի է նստում ինստիտուցիոնալ նոր իրողությունների հետ, հետևաբար` գնահատում է խորհրդարանական ընդդիմության ձայնը: Մյուս կողմից` վարչապետը դիֆերենցված մոտեցում է դրսևորում, այսպես կոչված, ինստիտուցիոնալ և հեղափոխական ընդդիմություններին:
Գլոբալ առումով` որն էլ լինի Սերժ Սարգսյանի այսօրվա որոշման իրական դրդապատճառը, տեղի ունեցածը ցույց է տալիս մասնակցային ժողովրդավարության մեծ պոտենցիալը: Համակարգային հիմքեր ունեցող ինստիտուցիոնալ ընդդիմության հիմնական հարթակը պետք է դառնա խորհրդարանական ամբիոնը. սա ինստիտուցիոնալ նոր իրողությունների ուղղակի հրամայականն է, որին չադապտացվող քաղաքական ուժերը ժամանակի ընթացքում մաշեցնելու են իրենց ռեսուրսները` անկախ քաղաքական այսօրվա կոնյուկտուրայից։