loading...

Սերժ Սարգսյանի անակնկալ հայտարարությունը.



Դիտումներ ` 1805
Սերժ Սարգսյանի անակնկալ հայտարարությունը.

Մյունխենում Անվտանգության միջազգային ամենամյա համաժողովին մասնակցած Սերժ Սարգսյանն անակնկալ հայտարարություն է արել, ասելով, թե Հայաստանը չի կարող առհավետ սպասել, մինչեւ Թուրքիան վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները: «Արձանագրությունները բանակցվել էին՝ ելնելով եղած պայմաններից: Եթե Թուրքիան ցանկանում է սպասել այլ պայմանների, ապա վավերացնել արձանագրությունները, նա չարաչար սխալվում է: Նոր պայմաններում պետք է բանակցվի նոր փաստաթուղթ», հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Այն, որ Հայաստանը հետ կկանչի իր ստորագրությունն արձանագրություններից, նորություն չէ, Սերժ Սարգսյանն այդ մասին հայտարարել է դեռեւս նախորդ տարի սեպտեմբերին: Անակնկալը տվյալ պարագայում Սարգսյանի ձեւակերպումն է այլ պայմաններում այլ փաստաթղթի բանակցման մասին: Բանն այն է, որ Սարգսյանի այդ ձեւակերպման տողատակում նշմարվում է որոշակի սպասելիք: Սերժ Սարգսյանը խոսում է ինչ որ նոր պայմանների մասին, ասելով, որ այդ դեպքում պետք է Թուրքիայի հետ բանակցվի նոր փաստաթուղթ:

Ի՞նչ նոր պայմանների մասին է նա խոսում եւ որ ուղղությամբ պետք է սպասել այդ «նոր պայմանները»: Թե դրանց մասին Սարգսյանի հիշատակումը հիպոթետիկ է:Ինչպես հայտնի է, Թուրքիան արձանագրությունների վավերացումը պայմանավորել է արցախյան խնդրում տարածքների վերադարձով: 



Հայաստանը դեմ է հանդես եկել հայ-թուրքական հարաբերությունը արցախյան խնդրի հետ կապելուն: Նոր պայմանների հնարավոր առաջացումը, որի մասին խոսում է Սերժ Սարգսյանը, արդյո՞ք կապված է արցախյան խնդրում որեւէ զարգացման հետ: Թե՞ դրանք վերաբերում են առավել լայն աշխարհքաղաքական իրադրության:

Նկատելի է, որ Սարգսյանի ազդակը ուղղված է ոչ թե Թուրքիային, այլ ուժային այլ կենտրոններին: Ընդ որում, խոսքը ամենեւին միայն Մյունխենի ելույթի մասին չէ, այլ նաեւ դեռեւս սեպտեմբերին արձանագրությունների վերաբերյալ ՄԱԿ ամբիոնից հնչեցրած ելույթի:Սերժ Սարգսյանը Մյունխենում փաստորեն ավելի է հստակեցնում իր ազդակը, կարծես թե ասելով, որ համաձայն է հայկական հարցով Թուրքիայի դեմ աշխարհքաղաքական որեւէ խաղի ներգրավվել նոր պայմաններով:

Աշխարհը ներկայում գտնվում է առանցքային վերանայումների փուլում, որտեղ կենտրոնական խաղացողներից մեկը Թուրքիան է: Խոշոր հաշվով դրված է Թուրքիայի դերակատարման հարց, որն այդպես էլ բաց է մնացել ԽՍՀՄ փլուզումից հետո: Ըստ ամենայնի, Արեւմուտքը Անկարային վերապահում է ավելի ցածր դեր, քան պատկերացնում է Թուրքիան, երբ քանդվեց ԽՍՀՄ-ը: Թուրքիայի հետ սիրախաղով այդ խնդիրը թերեւս փորձում է խորացնել Ռուսաստանը, Անկարայի մոտ տպավորություն ստեղծելով, որ ի տարբերություն Արեւմուտքի, Ռուսաստանի հետ դաշինքը նրան խոստանում է ավելի խոշոր աշխարհքաղաքական դեր:


Միեւնույն ժամանակ, Արեւմուտքն էլ փորձում է ռուս-թուրքական այդ խաղն օգտագործել նրանց փոխադարձ զսպման համար, բավականաչափ պատկերացնելով, որ խորքային քաղաքականության առումով Անկարան ու Մոսկվան շատ ավելի լուրջ բաժանարար գծեր ունեն, քան Թուրքիան ու Արեւմուտքը:Թուրքիայի շուրջ զարգացումներում առանցքային խաղաքարտերից եւ գործիքներից մեկը եղել է հայկական հարցը, ցեղասպանության խնդիրը, հայ-թուրքական հարաբերության խնդիրը: Եթե Թուրքիայի շուրջ սկսվում է աշխարհքաղաքական աշխույժ տեղապտույտ, ապա մեծ է հավանականությունը, որ հայկական հարցը կհայտնի հորձանուտում:

Ի՞նչ տեսքով դա կլինի, բնականաբար բարդ է ասել, սակայն նկատելի է, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է դրան, ընդ որում առավել ինքնավստահ, քան օրինակ հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության փուլում: Ըստ այդմ, Սարգսյանը Արեւմուտք եւ Ռուսաստան ազդակ է հղում, որ հրաժարվում է հին պայմաններով ու պայմանավորվածություններով հնարավոր ներգրավվածությունից եւ պահանջում է «նոր գին», եթե միջազգային օրակարգում Թուրքիայի դերի համատեքստում հայ-թուրքական հարաբերությունը վերստին ստանա արդիականություն:

http://www.lragir.am/index/arm/0/comments/view/170500


loading...

Փակել