2016 թվականին ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակից Արմեն Իսրայելյանը, ով 2002 թվականից աշխատել էր պատգամավորին պատկանող ընկերություններից մեկում, պնդում էր, որ Ալեքսանյանն իրեն զրկել է ունեցվածքից՝ տիրանալով իր ընտանեկան բիզնեսներին:
Այս մասին Արմեն Իսրայելյանը հայտարարել էր «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում:
Նույն հրապարակման մեջ Ալեքսանյանի նախկին աշխատակիցը հայտարարել էր, որ ինքն ԱԺ պատգամավորի հրահանգով բազմիցս առևանգել է տարբեր քաղաքացիների և ճնշումներ իրականացրել նրանց նկատմամբ:
Իսրայելյանը նաև հայտարարել էր, որ ինչ-որ ժամանակ անց պատանդառուի դերում հայտնվել է ինքը, քանի որ խնդիրներ է ունեցել գործարար Սամվել Ալեքսանյանի հետ:
Արմեն Իսրայելյանն այս հայտարարությունից երեք ամիս անց սպանվեց Ռուսաստանի Դաշնությունում: Դեպքի առնչությամբ եղան հրապարակումներ, որ սպանությունը կատարվել է ինչ-որ ավազակային հարձակումից հետո, որին մասնակից է եղել նաև Արմեն Իսրայելյանը:
Սակայն շատերի մոտ նաև կասկածներ առաջացան, թե ինչու սպանություն տեղի ունեցավ Ալեքսանյանի դեմ կատարված հայտարարությունից կարճ ժամանակ անց: Ալեքսանյանը, իհարկե, հերքեց իր կապը կատարված սպանության հետ:
Այս սպանության մասով դեռևս 2016 թվականի հեկտեմբերի 25-ին, այն ժամանակ դեռ ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ սպանությունը կատարել է վարձու մարդասպանը և սպանության պատվիրատուի հետքերը բերում են Ազգային Ժողով.
«Տեղի ունեցածի վերլուծությունը ուղիղ բերում է Ազգային Ժողով»,-հայտարարել էր պատգամավոր Փաշինյանը:
Նոր Հայաստանում իրավապահները պետք է ամենայն պատասխանատվությամբ զբաղվեն այս հարցով, քանի որ խոսք է գնում ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորի սպանություն պատվիրելու մասին:
Սա ոչ միյան խիստ հանցագործություն է, այլ նաև հեղինակազրկում է մեր պետությունը, քանի դեռ նման կասկածները փարատված չեն ու նման անձը շարունակում է պատգամավորի բարձր կոչում կրել:
Այս ամենը հաշվի առնելով Politik.am-ը արդեն իսկ դիմել է Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, որպեսզի Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ընդունի, որպես հաղորդում հանցագործության մասին և օրինական քայլեր ձեռնարկի, որպեսզի պարզի, թե ի՞նչ կապ ունի Արմեն Իսրայելյանի սպանության հետ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:
Մենք հարցում ենք ուղարկել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պարզելու համար, արդյո՞ք շարունակում է կարծել, որ Սամվել Ալեքսանյանը կապ ունի Արմեն Իսրայելյանի սպանության հետ:
Մանրամասները տեսանյութում՝