Ինչպես արդեն հայտնել ենք, Դավիթաշենում այսօր հարյուր տոկոսանոց բլոկադա էր։ Վարչական շրջանը փակ էր ամբողջությամբ։ Փակ էին անգամ բակերն ու վարչական շրջանի ներքին փողոցները։
Պետք է նշենք նաև, որ Դավիթաշենում այսօր դասեր չեն եղել գրեթե բոլոր դպրոցներում, այդ իսկ պատճառով փողոցները հիմնականում փակել էին դպրոցականները։
Ուշագրավ ու հետաքրքիր դեպք է այսօր տեղի ունեցել Դավիթաշենում, որը տեղում աշխատող NEWSPRESS.am-ի թղթակցին պատմել են փողոցը փակած երեխաները։
Ժամը 13։00-ին, երբ ցուցարարները փակել էին Տիգրան Պետրոսյան փողոցից դեպի Դավիթաշենի կամուրջ տանող ճանապարհը, ցուցարարներին մոտեցել է շտապօգնության ավտոմեքենա։ Մարդիկ ճանապարհը բացել են, որ ավտոմեքենան անցնի, ու երբ մեքենան անցել է, երեխաները տեսել են ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին, ով նստած է եղել շտապօգնության ավտոմեքենայի՝ հիվանդների համար նախատեսված հատվածում։
Երեխաները NEWSPRESS.am-ին պատմեցին նաև, որ շտապօգնության ավտոմեքենային կից մոտեցել է նաև Mercedes-Benz ML մակնիշի ավտոմեքենա, որի մեջ եղել են թիկնեղ տղամարդիկ, ովքեր երեխաների մոտ թողել են թիկնապահների տպավորություն։ Սակայն երեխաները ճանապարհ չեն տվել այդ ավտոմեքենային, ու րոպեներ անց այն հեռացել է տարածքից։
Հավելենք նաև, որ այսօր սոցիալական ցանցերում մի շարք օգտատերեր գրեցին այն մասին, որ Երևանի փողոցներում ՀՀԿ խմբակցության պատգամավորները հիմնականում շրջել են շտապօգնության ավտոմեքենաներով։