Տոնական և նախատոնական օրերին մաքսային ծառայությունն ու առեւտրային բանկերը կաշխատեն արտակարգ ռեժիմով, իսկ ոչ աշխատանքային օրերին հերթապահություն կսահմանվի: Նման հանձնարարական կառավարության այսօրվա նիստում տվեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նա նշեց, որ նախորդ նիստում ՊԵԿ-ին հանձնարարել էր բոլոր մաքսատներում և բանկերում դեկտեմբերի 2-ից մինչև հունվարի 7-ը, շաբաթ, կիրակի և տոնական օրերին սահմանել աշխատանքների կազմակերպման հերթապահություն:
«Անհրաժեշտություն է առաջացել բոլոր մաքսատներում ու Սննդի անվտանգության պետական ծառայության բոլոր բաժանմունքներում նախատեսել արտաժամյա ժամային գրաֆիկ՝ միաժամանակ ապահովելով մաքսակետերում գործող բոլոր բանկերի մասանճյուղերում համապատասխան վճարումների արտաժամյա կատարման հնարավորություն», ասաց վարչապետը:
Նա հետաքրքրվեց, թե ինչ կարծիք ունի այս մասին Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, սակայն ԿԲ նախագահն այնքան էլ գոհ չէր այս հանձնարարականից:
«Բանկերի հետ կխոսենք, եթե դրա կարիքը լինի, կանենք», ասաց Ջավադյանը:
«Ես կարծում եմ` կարիքը լինելու է այսօրվանից ի վեր մինչև հունվարի 7-ը: Նույնը ՊԵԿ-ում, ապահովում եք արտակարգ իրավիճակ, որ կլիենտը որևիցե պրոբլեմ չզգա», – հանձնարարեց Կարեն Կարապետյանը: