Երեկ մեզնից շատերի կյանքի ամենաերջանիկ օրերից էր։ Հուզմունքը, ոգեւորությունը, միասնականության եւ երջանկության զգացումը համակել էին մեզ։ Սակայն իմ շրջապատում ամենից շատ այս օրվան սպասում էր մի մարդ։ Մարդ, ով անվերապահորեն սիրում եւ ընդունում, նույնիսկ երկրպագում էր Նիկոլին։ Մարդ, ով ջանք չէր խնայում իր իշխանամետ մտերիմ, բարեկամ, ընկերներին համոզելու, որ այս հեղափոխությունը կենսական նշանակություն ունի Հայաստանի համար։ Մարդ, ով, չնայած իր տարիքին, իմ եւ բազմաթիվ երիտասարդների կողքին էր հեղափոխության ողջ ընթացքում։
Նա մասնակցեց բոլոր հանրահավաքներին, փակեց փողոցներ, քայլեց երթերի ժամանակ, վիճեց ոստիկանների հետ եւ այլն։ Ճակատագրի բերումով, նրա ազգանունն էլ էր Փաշինյան։
Աշոտ Փաշինյանը ծնվել էր 1955 թվականին, ընդամենը 63 տարեկան էր։ Կյանքի մեծ մասն ապրել էր Ռուսաստանում, ուներ շինարարական ընկերություն, մեծ ընտանիք, թոռներ։ Չնայած Նիկոլ Փաշինյանի հետ ազգակցական կապ չուներ, սակայն Նիկոլին սիրում էր հարազատ եղբոր պես։
Երեկ ցերեկը Նիկոլի՝ վարչապետ դառնալու լուրը հրապարակում միասին էինք տոնում, իրար շնորհավորում, խոսում Հայաստանի լուսավոր ապագայի եւ բազմաթիվ անելիքների մասին։ Թաց աչքերով՝ դժվարությամբ զսպելով մեր հուզմունքը։ Այնուհետեւ բաժանվեցինք, եւ ընդամենը ժամեր անց մեզ հասավ մի ողբերգական լուր։ Երեկոյան Աշոտ Փաշինյանը մահացավ սրտի կաթվածից։
loading...