loading...

Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն պայքա՞ր են սկսել Հայաստանի երկնքի համար



Դիտումներ ` 1995
Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն պայքա՞ր են սկսել Հայաստանի երկնքի համար

Օրերս հրապարակվել է ՆԱՏՕ պաշտպանական քոլեջի զեկույցը, որում նշված է, որ Ռուսաստանը փորձում է Հայաստանն օգտագործել ՆԱՏՕ-ի հետ դիմակայությունում:

Դա ներառում է ուժեղ եւ ինքնաբավ հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծում, որը կարող է որսալ ՆԱՏՕ-ի ինքնաթիռները, ինչպես նաեւ մարտավարական եւ օպերատիվ հրթիռները, նշված է զեկույցում: Ռուսաստանը Հայաստանում այդպիսի միջոցներ ունի Գյումրիի բազայում, ինչպես նաեւ Էրեբունու ռազմաօդային բազայում: 

Տարածաշրջանում Ռուսաստանի իրականացրած «Սահմանափակ հասանելիության» ռազմավարության երկրորդ բաղադրիչը, ըստ ՆԱՏՕ-ի վերլուծաբանների, հարձակման համալիրների տեղակայումն է, որոնց հիմքը «Իսկանդեր-Մ» հրթիռներն են, ինչպես նաեւ հարվածային ավիացիան:



Հայաստանում «ռուսական բաստիոնի» ռազմավարական կարեւորությունը, ըստ ՆԱՏՕ-ի վերլուծաբանների, կախված է Իսկանդեր-Մ հրթիռային համալիրների տեղակայումից, որոնք ունեն Իսկանդեր-Կ տեսակի հրթիռ (P-500 թեւավոր հրթիռի նատօ-ական անվանումը): Դա կարող է խախտել Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրի պահանջները:

Հատկանշական է, որ օրերս Դոնալդ Թրամփը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներին Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագիրը խախտելու համար: Այս մասին գրել էր Պոլիտիկոն՝ հղում անելով Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյային: 

Ըստ Պոլիտիկոյի, ԱՄՆ Առեւտրի նախարարությանը հանձնարարվել է պատժամիջոցների փաթեթ մշակել այն ռուսական ձեռնարկությունների ու ընկերությունների դեմ, որոնք կապված են հրթիռային նոր տեխնոլոգիաների մշակման հետ:


Եթե այս բոլոր իրադարձությունները մեկ հարթությունում դիտենք, կարելի է նկատել, որ ԱՄՆ-ն Ռուսաստանին մեղադրում է հրթիռային ուժերն ուժեղացնելու մեջ, այդ թվում՝ Հայաստանում տեղակայելու միջոցով:

Վրաստանն ամերիկյան Ջավելին հակատանկային հրթիռներից բացի հաջորդ տարվանից ֆրանսիական Միստրիալ զենիթահրթիռային համալիրներ կստանա: Միստրալը նախատեսված է ցածր թռչող ինքնաթիռներն ու ուղղաթիռները խոցելու համար: Ֆրանսիական Միստրալը դասով համապատասխանում է ռուսական Իգլային եւ ամերիկյան Սթինգերին: Բացի այդ, Վրաստանը Ֆրանսիայից շարժական ռադիոլոկատորներ է գնել:

Հիշեցնենք, որ վերջերս Արցախի Պաշտպանության բանակը հայտարարել է արդիականացված Իգլա համալիրներ ստանալու մասին:

Հայաստանի ու Վրաստանի երկինքը դառնում է Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի միջեւ պայքարի հիմնական ասպարեզներից մե՞կը: 

http://www.lragir.am/index/arm/0/politics/view/166607


loading...

Փակել