Հայաստան ժամանած ՌԴ Արտաքին հարաբերությունների փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը մի շարք աղմկոտ հայտարարություններ է արել Հայաստանում: Նա օրինակ ծաղրել է Ալիեւին, արդարացել Սերժ Սարգսյանին խաղատնային ռուլետկա նվիրելը, խոստացել, որ Ռուսաստանն Ադրբեջանին նախկին ծավալով զենք չի մատակարարում, եւ այլն: Նա գրեթե սենսացիոն հայտարարություն է արել, ասելով, թե Ադրբեջանին «հին զենքեր» են տալիս:
Սակայն նրա թերեւս գլխավոր հայտարարությունն այն էր, որ Ռուսաստանն էլ իր Իսրայելն ունի տարածաշրջանում՝ Հայաստանը:Ռուսաստանը վերջին շրջանում Դումայի երկու պատվիրակություն ուղարկեց Հայաստան, որոնց ղեկավարները գրեթե նույն հայտարարություններն են անում: Նրանք ասում են, թե Ռուսաստանը հետեւություններ է արել ապրիլյան իրադարձություններից: Դա Երեւանում մի կողմից գնահատվում է որպես հայերին սիրաշահելու Ռուսաստանի փորձ՝ միջազգային բարդ իրավիճակում հայտնվելու պատճառով, ընդ որում՝ նաեւ Հայաստանի ուղղությամբ քաղաքականության արդյունքում, շատերն էլ դրա մեջ տեսնում են չարագուշակ ինչ որ բան՝ կապված Ղարաբաղում իրավիճակը սրելու նոր փորձի մտադրության հետ:
Միով բանիվ, ռուսները «հիշել» են, որ Հայաստանն իրենց դաշնակիցն է, եւ Երեւան ուղարկված երկու պատվիրակությունները պնդել են այդ թեզը: Ավելին, հիշել են ԱՄՆ-Իսրայել դաշնակցության օրինակը: Սա արդեն շատ հետաքրքիր է: Ընդ որում, երբ Զատուլինը Երեւանում բերում էր այդ օրինակը, հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն այս տարի Իսրայելին աննախադեպ՝ 700 մլն դոլարի օգնություն է տրամադրել:
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իսրայելի հետ գործ ունեցողը գործ կունենա ԱՄՆ-ի հետ: Ռուսները վերջին շրջանում տարբեր մակարդակներում նման հայտարարություններ են անում Հայաստանի մասով, բայց առանց Ղարաբաղի: Ընդ որում, շեշտելով այդ հանգամանքը:ԱՄՆ-ի ու Իսրայելի միջեւ հարաբերություններում պարբերաբար խնդիրներ են առաջանում, երբեմն բավական սուր, որոնք սակայն ունեն պատճառա-հետեւանքային այլ տրամաբանություն: Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները տեղով մեկ խնդիր են՝ հարաբերությունների բնույթի ու շահերի հակադրության հետեւանքով:
Մյուս կողմից, ԱՄՆ-Իսրայել հարաբերությունը դաշնակցության իսկական օրինակ է, որն ընդգծում է մասնավորապես ԱՄՆ-ի՝ առաջատար հզոր ու լուրջ պետություն լինելու հանգամանքը:
Միայն այդպիսի պետությունը կարող է ունենալ դաշնակիցներ: Ռուսաստանը երեւի փորձում է լուրջ պետություն երեւալ «պոստֆակտում»՝ այն բանից հետո, երբ հանձնել է իր եղած «դաշնակիցներին» ու հայտնվել միջազգային մեկուսացման մեջ:
Հիմա, Իսրայելի օրինակը Հայաստանի դեպքում սիրաշահելու փո՞րձ է՝ այլ փաստարկների բացակայության պայմաններում, թե՞ իսկապես քաղաքականության վերանայման միտում: Այս երկրորդին դժվար է հավատալ հակառակն ապացուցող բազմաթիվ փաստերի ու իրադարձությունների ֆոնին:
Ռուսաստանի ինչի՞ն է պետք «իր Իսրայելը» տարածաշրջանում՝ նոր քաղաքականությա՞ն, որը ենթադրում է նախեւառաջ հայկական գործոնի ուժեղացումը, թե հերթական անգամ հայերի հաշվին իր խնդիրները լուծելու համար: Հայկական գործոնի ուժեղացումն, իր հերթին, արդյոք ենթադրում է ռուսների «հեռանալը» տարածաշրջանից: