loading...

Ռուս-իսրայելական որոշում Հայաստանի մասով. Բաքվի դասը



Դիտումներ ` 1664
Ռուս-իսրայելական որոշում Հայաստանի մասով. Բաքվի դասը

Մենք ցավում ենք, որ Ադրբեջանում զենքի այլ օգտագործման ձեւ չգտան, եւ մենք արել ենք հետեւություններ: Այդ միտքը Երեւանում արտահայտել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, խոսելով Ադրբեջանին ռուսական սպառազինության մատակարարման վեաբերյալ եւ ասելով, թե իրենց հայտնի է, որ 2016-ի ապրիլին Հայաստանի հանրությունը հարցեր ուներ այդ կապակցությամբ:

Զատուլինը հայտարարությունը՝ հետեւությունների մասին, այլեւս նորություն չէ, քանի որ դրանից մի քանի օր առաջ նույնն ասել էր ՌԴ Պետդումայի մեկ այլ ներկայացուցիչ Կոնստանտին Կոսաչեւը:Նրանք ասում են նաեւ, որ Ադրբեջանի հետ այլեւս չի լինի նախկին ծավալի ռազմա-տեխնիկական գործակցությունը, թեեւ պարզ չէ իհարկե՝ Ռուսաստա՞նն է իսկապես հրաժարվել նախկին ծավալից, թե՞ Բաքուն՝ ունենալով ԱՄՆ պատժամիջոցների ենթարկվելու մտավախություն:

Դեռ պարզ չէ, թե Ռուսաստանի ու Ադրբեջանի ռազմա-տեխնիկական գործակցությունն ինչքան է սահմանափակված, եւ այդ սահմանափակումը որքան կշարունակվի: Մյուս կողմից, Ռուսաստանը ունի Կովկասի մասով հետեւության անհրաժեշտություն ոչ միայն հենց ապրիլյան քառօրյայից հետո հայկական հարցադրումների, այլ ընդհանրապես աշխարհքաղաքական իրավիճակի բերումով: Հայաստանը թերեւս օգտվում է հենց այդ մթնոլորտից եւ փորձում որոշակի ձեռքբերումներ արձանագրել Ռուսաստանի հետ հարաբերությունում:Այդ հանգամանքը իհարկե այլ խնդիր է եւ դրան առիթ ունեցել եմ անդրադառնալ մի շարք հոդվածներում:

 



Տվյալ պարագայում Զատուլինի հայտարարության մեջ ուշագրավ է հետեւյալ ձեւակերպումը՝ «ցավոք, Ադրբեջանը չգտավ այդ զենքը օգտագործելու այլ ձեւ»:Շատ հետաքրքիր է, թե ի՞նչ ձեւի մասին է խոսքը, Ռուսաստանն ուրիշ ի՞նչ օգտագործման ձեւ էր ակնկալում Բաքվից, երբ մատակարարում էր միլիարդավոր դոլարների մահաբեր սպառազինություն, ամենատարբեր բնույթի: Միայն Զատուլի՞նն էր այլ ձեւի օգտագործում ակնկալում, պատկերացնում, թե՞ Ռուսաստանի իշխանությունն ամբողջությամբ ուներ այդ ակնկալիքը, եւ պատգամավորը արտահայտում է իշխանության ափսոսանքը:

Մի՞թե Ռուսաստանը սպասում էր, կամ թեկուզ Զատուլինը սպասում էր, որ Բաքուն այդ զենքը ձեռք է բերում ասենք միայն զորավարժությունների համար, կամ պարզապես «բաց երկնքի տակ» ռազմական ցուցահանդես կազմակերպելու համար, կամ էլ ձեռք է բերում որպես մետաղի ջարդոն, ասենք հետո Իրանին վաճառելու համար:Ի դեպ, Իրանի մասով: Իսկ գուցե Զատուլինը նկատի ունի այն, որ Մոսկվան Ադրբեջանին միլիարդավոր դոլարի սպառազինություն է մատակարարել ոչ թե Հայաստանի, այլ Իրանի հանդեպ ազդեցություն ձեռք բերելու համար:

Գուցե դա՞ նկատի ուներ Կրեմլը, երբ ապրիլից առաջ էլ հայտարարում էր, թե չի խախտում հավասարակշռությունը, պահում է այն: Գուցե նկատի ունեին Իրանի հետ Ադրբեջանի՞ ուժերի հարաբերակցությունը եւ այդ իսկ պատճառով Իսրայելի հետ միասին ավելի քան տասը միլիարդ դոլարի սպառազինություն են վաճառել Բաքվին:

Իսկ հիմա միասին էլ հետեւություն են արել եւ հետաքրքիր է, որ վերջին շրջանում նաեւ Իսրայելն է մեծացրել Հայաստանի հանդեպ հետաքրքրությունն, ու տեղի է ունենում շփումների աշխուժացում, բացվում են նոր չվերթեր, խոսք է գնում հայ-իսրայելական արդյունաբերական պալատի ջանքով Գյումրիում՝ որտեղ ի դեպ Ռուսաստանի ռազմակայանն է, ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին՝ ԵՏՄ ուղղությամբ լոգիստիկ նշանակությամբ, Հայաստանի կառավարությունը հավանության է արժանացրել Իսրայելի հետ կրկնակի հարկումը բացառող համաձայնագիրը:

 


Անշուշտ լավ է, որ Ռուսաստանն ու Իսրայելը անում են համատեղ հետեւություն, եթե դրա արդյունքը շոշափելու է Հայաստանը: Կարեւոր է իհարկե, որպեսզի դրա հետեւանքը չզգա հայ-իրանական հարաբերությունը: Այդ առումով հետաքրքիր է օրերս Բաքվում Իրանի, Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի արտգործնախարարների հանդիպման հանգամանքը:

Չի բացառվում իհարկե, որ խոսքը կարող է վերաբերել արդյունավետությանը, որ Բաքուն չկարողացավ կոնկրետ մեծ ու շոշափելի արդյունքի վերածել հսկայական ռազմա-տեխնիկական առավելությունը, որ Ռուսաստանի եւ Իսրայելի աջակցությամբ ձեռք էր բերել Հայաստանի նկատմամբ: Թեեւ, իհարկե այստեղ էլ անշուշտ առկա է Իրանի խնդիրը, որովհետեւ Բաքվի արդյունքը ենթադրելու էր ստատուս-քվոյի փոփոխություն: Մոսկվան ըստ երեւույթին ակնկալում էր փոխել ստատուս-քվոն իր ռազմական ներկայությունը հաստատելով, Իսրայելն ըստ երեւույթին ակնկալում էր Ադրբեջանի գերակայություն Իրանին սահմանակից տարածքներում, դրա միջոցով ավելացնելով իր ներկայությունն Իրանի սահմանին:

Հայկական զինուժը խառնեց ծրագրերն ու ակնկալիքները, փաստորեն ստիպելով Ադրբեջանի վրա գործակցող Իսրայելին ու Ռուսաստանին գործակցության հարթակ դիտարկել Հայաստանը: Ադրբեջանը նրանց գործակցությունից չշահեց: Երեւանը այդ առումով ունի հնարավորություն հանգամանալից դիտարկել Բաքվի ունեցած դասն ու այդ գործակցության տեսանկյունից հետեւանքի փոխարեն ստանալ արդյունք:


http://www.lragir.am/index/arm/0/comments/view/172814


loading...

Փակել