Ռուբեն Թաթուլյանը Հայաստանի ներդրողների ակումբի անդամ չէ, նախօրեին հայտարարել էր վարչապետ Կարեն Կարապետյանի խոսնակը, միաժամանակ ասելով նաեւ, թե Կարապետյանի խնդիրը չէ ճանաչել ակումբի յուրաքանչյուր անդամի: Իհարկե, ակումբի ստեղծման ժամանակ Կարապետյանն ինքը հայտարարել էր, որ բոլոր անդամներին ճանաչում է, իսկ մի մասի հետ նույնիսկ ունի ընկերական եւ բարեկամական հարաբերություն:
Կարապետյանի խոսնակի հայտարարությունն առայժմ Հայաստանի իշխանության թերեւս միակ արձագանքն է Թաթուլյանի գործի մասով, որի հանդեպ ԱՄՆ սահմանել է պատժամիջոց՝ ինչպես մեկ տասնյակ այլ քրեական հեղինակությունների, որոնք համարվում են ՌԴ իշխանությանն առնչվող: Ինչպես հայտնի է, Թաթուլյանն ունի ՀՀ դիվանագիտական անձնագիր, եւ ներկայում ամենից հաճախ հնչող կոչը նրանից այդ անձնագիրը հետ վերցնելն է, իսկ հարցը՝ կվերցնի՞ ՀՀ-ն դիվանագիտական անձնագիրը Թաթուլյանի ձեռքից:
Թե՞ Հայաստանը կբավարարվի հայտարարությամբ, որ ներդրողների ակումբը կապ չունի Թաթուլյանի հետ: Ընդհանրապես, կառաջանա՞ խնդիրը Հայաստանի եւ Արեւմուտքի, մասնավորապես Հայաստանի եւ ԱՄՆ միջեւ, Թաթուլյանի գործով: Եթե Հայաստանը հետ չի կանչում նրա դիվանագիտական անձեռնմխելիությունը, ապա ստացվում է, որ իր հովանու տակ է վերցնում մի անձի, որին հանցաշխարհի հետ կապերի համար մեղադրում է գերտերությունը՝ ԱՄՆ: Մյուս կողմից, Թաթուլյանին կամ Ռոբսոնին ԱՄՆ մեղադրանք կարծես թե չի ներկայացնում, հետախուզում չի հայտարարում, այլ սահմանում է պատժամիջոց:
Ըստ այդմ, գոնե առայժմ չկա խնդիր, որ Հայաստանի անձնագիրը ապահովում է նրա կոնկրետ անձեռնմխելիությունը: Այդուհանդերձ, հարցը, թե արդյոք Հայաստանը կարող է Ռոբսոնի գործով խնդիր ունենալ ԱՄՆ հետ, արդիական է: Բայց արդյոք բուն խնդիրը այդ անձնագիրն է: Հազիվ թե:
Բուն խնդիրն այն է, թե արդյոք Հայաստանը որեւէ առնչություն ունի այն սխեմաներին, որոնց մասնակցության համար Թաթուլյանը հայտնվել է պատժամիջոցների թիրախում:
Թերեւս դժվար չէ պատկերացնել Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների մոտիվացիոն գլխավոր հենքը: Դա միջազգային կյանքում Ռուսաստանի ազդեցությունը, այդ թվում առաջին հերթին ստվերային ազդեցությունը թուլացնելն է: Իսկ այդ ազդեցության բուն միջոցն անկասկած եղել է փողը՝ լեգալ եւ ոչ լեգալ: Ռուսական ֆինանսա-տնտեսա-քաղաքական համակարգը գործնականում քաղցկեղի նման տարածվում էր արեւմտյան աշխարհում, եւ առաջին իսկ առիթն օգտագործվեց վիրահատական միջամտության համար:
Արեւմուտքի, Եվրամիության եւ ԱՄՆ համար թերեւս հենց այստեղ է բուն խնդիրը՝ ապահովել, որպեսզի ռուսական համակարգը չունենա «իր կանոնադրությամբ» արեւմտյան համակարգ ներթափանցելու եւ այնտեղ ճյուղավորվելու ներուժ եւ հնարավորություն:Կա՞, եղե՞լ է Հայաստանն այդ հարցում, թե՞ ոչ, այստեղ է առանցքային խնդիրը: Եվ թերեւս հենց այդ խնդրից է կախված, թե ինչ խնդիր կարող է ունենալ Հայաստանն օրինակ Ռոբսոնի գործում: Ըստ այդմ, եթե ավելի լայն խնդիր կա, ապա Հայաստանը չի կարող հարցերը լուծել Ռոբսոնից հրաժարվելով:
Իսկ եթե չկա ավելի լայն խնդիրը, եթե Հայաստանն այդ սխեմաների մաս չէ եւ Ռոբսոնի հետ կապն առնչվում է ընդամենը Հայաստանի իշխանության հարցերի շրջանակին եւ Ռուսաստանում կամ տարբեր այլ տեղերում տարաբնույթ հարցեր լուծելուն, նրա կապերն օգտագործելով, ապա այդ հանգամանքը ԱՄՆ համար գլոբալ քաղաքական իմաստով թերեւս ըմբռնելի կլինի: Ի վերջո, Հայաստանի իշխանության բնույթը ԱՄՆ-ն նոր չէ եւ Ռոբսոնով չէ, որ պետք է ճանաչի եւ ըստ այդմ վերաբերմունք ձեւավորի այդ իշխանության հանդեպ: Այստեղ անշուշտ ԱՄՆ-ն առաջնորդվել եւ առաջնորդվում է պրագմատիկ քաղաքական հաշվարկով:
Մյուս կողմից, հետ կանչելով Թաթուլյանի անձնագիրը, Հայաստանը այդպիսով «ճանաչում» է ԱՄՆ ոչ միայն պատժամիջոցը նրա հանդեպ, այլ նաեւ դրա քաղաքական ենթատեքստը, իրավականից զատ:
Իսկ քաղաքականն այստեղ ոչ միայն ռուսական «քաղցկեղային» էքսպանսիան արգելակելն է, այլ նաեւ ՌԴ իշխանությունն է, այդ իշխանության քաղաքական ներուժի էական թուլացումը նաեւ Ռուսաստանում, այսպես ասած «լեգիտիմության» հիմքում ճաքեր առաջացնելը:Ըստ այդմ, քայլ առ քայլ պատժամիջոցներով «շրջափակվում» է նախագահ Պուտինը: Ռոբսոնից հետ վերցնել ՀՀ դիվանագիտական անձնագիրը՝ նշանակում է առնվազն անուղղակի միանալ կամ ճանաչել Պուտինի դեմ այդ քաղաքականությունը:
Միեւնույն ժամանակ, անկասկած է, որ կա ռացիոնալ որոշման եւ Հայաստանը թե Արեւմուտքում, թե Ռուսաստանում ավելորդ ռիսկերից ապահովագրելու խնդիր, առավել եւս այժմ, երբ կարծես թե ձեւավորվել է մի շարք հանգամանքների բերումով ստեղծված որոշակի կոնսենսուսային իրավիճակ Հայաստանի հարցում, եւ նշմարվում են դրա պտուղները նվազագույնը արտաքին նպաստավոր միջավայրի ձեւավորման մասով:«Ռոբսոնի գործը» վտանգ է այս առավել լայն իրավիճակի բերումով: Այդ վտանգից ելքը պետք է դիտարկվի ոչ այս կամ այն մեկ քայլի կամ ընտրության տեսքով:
Այստեղ կա լայն գործընթաց, որը մի շարք հանգամանքների բերումով Հայաստանին կարող է պարբերաբար կանգնեցնել այդօրինակ խնդիրների առաջ, հաշվի առնելով Ռուսաստանի հետ բազմաբնույթ կապերն ու նաեւ Հայաստանի իշխող համակարգի բնույթը: Դա ստեղծում է օբյեկտիվ իրականությունը՝ անկախ դրա հանդեպ վերաբերմունքից, որը հնարավոր չէ հանգուցալուծել մեկ հարվածով:Ըստ այդմ, խնդիրը պետք է դիտարկվի լայն համատեքստում, որտեղ Հայաստանի անելիքը կամ մեսիջը Արեւմուտքին թերեւս համակարգային է՝ բարեփոխում, արդիականացում, բայց համոզիչ ընթացքով:
Այդ հանգամանքը Հայաստանի համար ռիսկը կարող է վերածել անգամ որոշակի հնարավորության, երբ Հայաստանը կարող է դիտարկվել հարթակ, որտեղ Արեւմուտք-Ռուսաստան որոշակի փոխզիջումային լուծումներ կարող են փնտրվել նաեւ պատժամիջոցների ենթակա սուբյեկտների մասով, Հայաստանը դիտարկելով որոշակի ֆիլտր միջազգային համակարգին արդեն ընդհանուր խաղի կանոններով ինտեգրվելու համար: