loading...

Ռոբերտ Քոչարյանը հանձնեց Միքայել Հարությունյանին



Դիտումներ ` 820
Ռոբերտ Քոչարյանը հանձնեց Միքայել Հարությունյանին

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ լրագրողների հետ զրույցում հաստատեց, որ Ռոբերտ Քոչարյանը ստացել  է վկայի կարգավիճակով Մարտի 1-ի գործով հարցաքննությանը ներկայանալու ՀՔԾ ծանուցագիրը։ Նույն օրը Ռոբերտ Քոչարյանը, որը այժմ գտնվում է արտերկրում, պատասխանել է «Երեւան թըդեյ»-ի գրավոր հարցերին, եւ դրանք մի քանի կարեւոր արձանագրումների առիթ են տալիս: Անդրադառնալով 2008 թվականի փետրվարի 23-ի հայտնի խորհրդակցությանը, Քոչարյանն ասել է, թե նման խորհրդակցություն, «որպես այդպիսին չի եղել»: Դա եղել է իբր մի կես ժամանոց հանդիպում հրամանատարական կազմի հետ: «Ամենից անհանգստացնող փաստն այն էր, որ բողոքողները փորձում էին իրենց կողմը քաշել «Երկրապահին», հրապարակում վանկարկում էին` «Մանվել, Մանվել»:

Այդ ընթացքում «Երկրապահի» ներսում արդեն երկու օր շարունակ այդ հարցի բուռն քննարկումներ էին ընթանում: Ընդ որում, քննարկումներին մասնակցում էին կազմակերպության վարչության մեջ մտնող բազմաթիվ բարձրաստիճան զինվորականներ: Վարչության նախագահ Մանվել Գրիգորյանն ինքը պաշտպանության նախարարի գործող տեղակալ էր, գեներալ-լեյտենանտի կոչումով: Շենքի մոտ այդ ընթացքում հավաքվել էին կազմակերպության շատ անդամներ` ավելի ցածր կոչումով զինվորականներ, ոմանք` զինված: Տեղի ունեցողն անթույլատրելի էր. բանակը, փաստորեն, ներքաշվում էր հետընտրական քաղաքական գործընթացի մեջ, ինչն իրական վտանգ էր հանդիսանում սահմանադրական կարգի համար: Պետք էր շտապ միջոցներ ձեռնարկել...»,- ասում է Քոչարյանը եւ հատուկ շեշտում, որ այդ «հանդիպմանը» Մանվել Գրիգորյանը չէր եկել:

«Հանձնարարել եմ փոխանցել նրան, որպեսզի գնա տուն եւ այնտեղ սպասի իր ճակատագրի վերաբերյալ վերջնական որոշմանը: Ասել եմ նաեւ, որ եթե մինչեւ երեկո «Երկրապահ»-ում ժողովները եւ հավաքույթները չդադարեն, ապա անց են կացվելու զենքի եւ զինամթերքի հայտնաբերման միջոցառումներ` շենքի ամբողջ տարածքում եւ ներկաների շրջանում (այդ իսկ օրվա երեկոյին մոտ շենքն արդեն դատարկ էր, Մանվել Գրիգորյանն էլ ենթարկվել ու գնացել էր տուն)»,- ասում է Քոչարյանը:

 



Կարող ենք արձանագրել մի քանի կարեւոր փաստ: Քոչարյանին, ինչպես ինքն է պնդում, անհանգստացրել է Մանվել Գրիգորյանի պահվածքը, եւ դա է եղել պատճառը որ նա «շտապ միջոցներ» ձեռնարկի: Մարտի 1-ից հետո, սակայն, Քոչարյանը ակնարկում էր, թե «շտապ միջոցներ» ձեռնարկվել են, քանի որ ցուցարարները փողոցում ավտոբուսների ետեւից դուրս էին գալիս ու կրակում իրավապահների վրա ու թաքնվում էին: Նա պնդում էր նույնիսկ, որ իբր կան իր այդ ասածը հաստատող կադրեր: Փաստորեն հիմա Մարտի 1-ին «շտապ միջոցներ» ձեռնարկելու մեղավորը եղել է Մանվել Գրիգորյանը: «Ամենից անհանգստացնող» մեղավորը: Այն նույն Մանվել Գրիգորյանը, որը հիմա կալանավայրում է, եւ հանրությունը նրա նկատմամբ բացասական վերաբերմունք ունի:

Ու չնայած այլ անուններ Քոչարյանը չի տալիս, բայց նա Մարտի 1-ի մեղքը գցում է այլոց վրա: Ինչպես ասում են, «հանձնում» է մյուսներին: Ասում է, թե իբր ուժայինների հետ հանդիպումների ժամանակ «որեւէ քննարկում կամ գործողությունների ծրագրի մշակում չի եղել»: Նա ընդամենը կարեւոր է համարել «ամրապնդել կարգապահությունը ուժային կառույցներում, պահպանել դրանց ամբողջականությունը եւ զերծ պահել կուսակցական ազդեցություններից» եւ վերջ, հասկանում ես: Մարտի 1-ին ուժ կիրառելու, զորքը Երեւան բերելու հետ նա ոչ մի կապ չունի, հասկանում ես: ՀՀ ԶՈՒ գերագույն հրամանատարից թաքուն են զորքը բերել Երեւան, մինչեւ արտակարգ դրություն հայտարարելը: Ընդ որում, իրենից թաքուն զորքը մտցրել են մայրաքաղաք «Ղարաբաղից եկող տագնապային տեղեկությունների` շփման գծի ամբողջ երկայնքով թշնամու շեշտակի աճած ակտիվության ֆոնի վրա»:

Քոչարյանը փորձում է նաեւ իրենից վանել այն ժամանակ դեռ ՀՀ Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի կողմից ստորագրված 0038 հույժ գաղտնի հրամանը: Այդ հրամանի մասին հարցին Քոչարյանը պատասխանել է այսպես. «Դա ներքին փաստաթուղթ է եւ ձեռնարկած գործողությունները գտնվում են ՊՆ իրավասության տիրույթում: ... Զորանոցային վիճակի անցումը մարտական ստորաբաժանումների մարտունակության ամրապնդման նպատակով` բանակի համար սովորական մի բան է:


Պարզապես անհեթեթ է մեղադրել նախարարին իր աշխատանքը հավուր պատշաճի կատարելու, կամ էլ այն բանի համար, թե այդ որոշմամբ ինչ-որ «փաստացի ռազմական դրություն» է մտցվել: Որքանով ինձ հայտնի է, բանակային ստորաբաժանումները 2008թ. մարտի 1-ին զենք չեն կիրառել եւ չեն բախվել ցուցարարներին»,- ասում է Քոչարյանը:

Այդ տխրահռչակ հրամանով, որը, ըստ Քոչարյանի, «սովորական մի բան էր», սահմանվում էր հետեւյալը. «Սահմանադրական պարտականությունների կատարումը ՀՀ զինված ուժերի կողմից ապահովելու նպատակով ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմը ս.թ. փետրվարի 23-ին ժամը 18:00-ից տեղափոխել զորանոցային վիճակի՝ մինչեւ հատուկ կարգադրության ստացումը: ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի վարչություններում, առանձին բաժիններում ստեղծել սպայական խմբեր, որոնց զինել տաբելային զենքով:

Երեւանի կայազորի պետ, պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Յուրի Խաչատուրովի հետագա գործունեության ապահովման նպատակով ստեղծվել է կայազորի պետի վարչակազմ»: Դրանից մի քանի օր անց, նույնիսկ մինչեւ Քոչարյանի կողմից արտակարգ դրության հայտարարումը, որի սահմանադրականությունը նույնպես վիճելի է, զինված ուժերը բերվեցին մայրաքաղաք: Փաստորեն, ըստ Քոչարյանի,  դա արել է Միքայել Հարությունյանը առանց իր հրամանի: Հիմա Միքայել Հարությունյանը գտնվում է հետախուզման մեջ: Արդյոք նա հայտնաբերվելուց եւ կալանավորվելուց հետո կասի՞, թե Քոչարյանը նրան նման հրաման տվել է թե ոչ, ցույց կտա ժամանակը:

http://armtimes.com/hy/article/141333


loading...

Փակել