loading...

Ռոբերտ Քոչարյանը դիմեց բանակին. վտանգավոր խաղ



Դիտումներ ` 1096
Ռոբերտ Քոչարյանը դիմեց բանակին. վտանգավոր խաղ

Երկիր Մեդիա հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում, որտեղ հայտարարեց քաղաքականություն վերադարձի մասին, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խոսեց այն մասին, թե նոր իշխանությունը վարկաբեկում է բանակը՝ իրեն ուղղված մեղադրանքով:

Ռոբերտ Քոչարյանն իրեն նույնացնում է բանակի հետ, անկասկած ոչ առանց գիտակցելու: Բանն այն է, որ նոր իշխանությունը բացարձակապես չի վարկաբեկում բանակը, այլ պարզապես մեղադրում է Ռոբերտ Քոչարյանին բանակը Սահմանադրության հակառակ ներքաղաքական գործընթացի մեջ ներքաշելու համար: Իրավացի է այդ մեղադրանքը, հիմնավոր, թե ոչ, դա այլ հարց է: Ռոբերտ Քոչարյանն օրինակ համարում է, որ մեղադրանքը անհիմն է եւ ինքը ոչ թե բանակն է ներքաշել, այլ կանխել է դրա ներքաշումը:

Հարցը պետք է պարզվի իհարկե դատարանում, թե ով է իրավացի՝ մեղադրողը, թե պաշտպանվողը: Բայց աներկբա է, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությունը այլեւս ընդգծված քաղաքական է նաեւ, եւ բանակի վարկաբեկման մասին հայտարարությունը հենց այդ համատեքստում է: Նա փաստորեն թաքնված «ուղերձով» դիմում է բանակին, դրա գուցե որոշ շրջանակների, որոնք իր կարծիքով կարող են հավատարիմ լինել իրեն: Քոչարյանն ակնհայտորեն փորձում է բանակը տրամադրել նոր իշխանության դեմ, բանակում առաջացնել այդ իշխանության հանդեպ անվստահություն:

Դա վտանգավոր խաղ է եւ փաստացի հավասարազոր է բանակը սեփական քաղաքական նպատակների շրջանակ ներքաշելուն: Նոր իշխանությունը ոչ միայն չի վարկաբեկել բանակը, այլ կատարել է մի շարք քայլեր, արել մի շարք հայտարարություններ, դրանցով վերահաստատելով, որ բանակը Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի ամենակայացած կառույցն է եւ Հայաստանի ազգային անվտանգության գլխավոր երաշխավորը:



Ավելին, նոր իշխանությունը փաստացի բարձրացնում է բանակի դերը Հայաստանի պետական քաղաքականության կորագծում, ինչի մասին են վկայում Հայաստանի պաշտպանության նոր նախարարի արդեն իսկ արած մի շարք հայտարարություններ, կապված թե արցախյան գործընթացի, թե անվտանգության այլ խնդիրների հետ:

Դեր, որը պետք է անխուսափելի լիներ գործնականում հայկական պետականության վերականգնման անցնող մոտ երեք տասնամյակի հենց սկզբից, որպես պետական քաղաքականության կարեւորագույն բեւեռ, հաշվի առնելով այն, որ այդ պետականությունը ձեւավորվել էր պատերազմին զուգահեռ, այդ պետականության անվտանգության եւ ռազմավարական հեռանկարների առանցքում էր այդ պատերազմի հաղթական արդյունքը, եւ պետականության գոյությունն ու զարգացումը պետք է ուղեկցվեր այդ արդյունքի պաշտպանության տրամաբանությամբ՝ չավարտված պատերազմի թերեւս երկարատեւ ընթացքին զուգահեռ, որպես այդ իրավիճակում բարդ տարածաշրջանում բալանսավորված կայունության երաշխիք:

Բայց, դրա փոխարեն, գործնականում հենց սկզբից բանակը վերածվեց ոչ թե պետական քաղաքականության ռազմա-քաղաքական կարեւոր բեւեռի, այլ քաղաքական իշխանության գործիքի՝ գերազանցապես հասարակության ու քաղաքական ընդդիմությունների հետ հարաբերությունների համատեքստում:

Գործնականում նաեւ դա էր պատճառը, որ Արցախի խնդրում հայկական պետական քաղաքականությունն ավելի ու ավելի էր զրկվում հավասարակշռությունից, իր հետ բերելով նաեւ ռեգիոնալ հավասարակշռության խախտում, որն էլ անխուսափելի էր դարձնում կայունության խախտումն ու ռազմական գործողությունների որեւէ մասշտաբով վերսկսումը: Հետեւանքը ապրիլյան քառօրյա պատերազմն էր:


Հատկանշական է, որ հենց դրանից մի քանի ամիս անց Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե եկել է ակտիվ ռազմա-քաղաքական դիվանագիտության ժամանակը, առաջ քաշվեց ազգ-բանակ հայեցակարգը: Ամբողջ խնդիրն իհարկե այն էր, որ այդ ամենը հռչակագրի մակարդակում էր, իսկ ներքին կառավարման տրամաբանությունը եւ որակը չէր համապատասխանում այդ հռչակագրերին եւ դրանց առարկայացմանը:

Նոր իշխանությունը գործնականում արել է քայլեր հենց ներքին կառավարման որակը բարձրացնելու ուղղությամբ, փաստացի հենց ինքը գտնվելով ազգ-բանակ հայեցակարգի տրամաբանության ներքո, թեեւ առանց այդ հայեցակարգի հռչակման: Իհարկե ակնառու է, որ խնդիրը պահանջում է ռազմավարական հեռանկարի ամբողջացում, քանի որ առայժմ գերազանցապես տակտիկական փուլում է: Բայց ակնառու է, որ ընթացքը ունի բանակի դերի բարձրացման միտում, ոչ թե հակառակը:

Այդ իմաստով, եթե Ռոբերտ Քոչարյանին քաղաքականություն իրապես բերել է թեկուզ իր պատկերացումների հանգույն պետության ապագայի հանդեպ մտահոգությունը, ոչ թե մտահոգությունն իր անձնական ապագայի եւ ունեցվածքի հանդեպ, ապա նա թերեւս պետք է հենց պետական ապագայի մտահոգությամբ էլ ձեռնպահ մնա բանակը իր ներքաղաքական շահերի շրջանակ ներգրավելու եւ բանակի ու գործող իշխանության միջեւ խնդիրներ ստեղծելու ջանքերից՝ անկախ այդ ջանքերի հաջողության հեռանկարից:

https://www.lragir.am/2018/08/17/372041/


loading...

Փակել