loading...

Ռոբերտ Քոչարյանի վտանգավոր խաղը Պուտինի դեմ



Դիտումներ ` 773
Ռոբերտ Քոչարյանի վտանգավոր խաղը Պուտինի դեմ

Եթե ամեն ինչ նորմալ է, ինչու են այդքան հաճախ արդարանում, հայ-ռուսական հարաբերության մասին հայտարարել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Սպուտնիկ Արմենիա ռադիոկայանի հետ զրույցում:

Երկրորդ նախագահի համար պատճառը թերեւս պետք է լիներ շատ պարզ՝ եթե ինքն ու նախկին իշխանության տարբեր արբանյակներ ու ներկայացուցիչներ առավոտից երեկո շեփորում են հայ-ռուսական ինչ որ խնդիրներ, ապա բնական է, որ առաջանում է տեղեկատվական դաշտում դրանք հերքելու անհրաժեշտություն, գոնե երբեմն:

Ըստ Քոչարյանի, ՌԴ ու Իրանի հանդեպ պատժամիջոցները, Հայաստանի հակառակորդ պետությունների անկանխատեսելիությունը ավելի կարեւոր է դարձնում հայ-ռուսական հարաբերությունը: «Կարող է մեծ գայթակղություն լինել այս վիճակում, այսպես ասենք`«խաղեր տալ», փորձել «թռնել» նախկինում  ձեւավորված հարաբերություններից, փորձել ինչ-որ տեղ նոր հարաբերություններ ձեւավորել այլ ռազմական միավորումների, այլ պետությունների հետ։ Ես կարծում եմ, ճիշտ հակառակը` նման դեպքերում պետք է շատ ավելի ուշադիր լինես քո գործընկերների, տվյալ դեպքում` Ռուսաստանի, Իրանի նկատմամբ, եւ փորձես ցույց տալ, որ դու այս իրավիճակից չես օգտվում», հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը:

Երկրորդ նախագահը հայտարարել է քաղաքականություն վերադառնալու մասին, բայց առայժմ կարծես թե ավելի շատ զբաղված է բանսարկությամբ: Համենայն դեպս այն գնահատականը, որ նա տալիս է հայ-ռուսական հարաբերության ներկայիս վիճակին եւ մթնոլորտին ու դրա հանդեպ Հայաստանի իշխանության դիրքորոշմանը, վարքագծին, քաղաքականություն չէ, այլ բանսարկություն: Այն պարզ պատճառով, որ երկրորդ նախագահի գնահատականը կապ չունի իրականության հետ եւ չի կարող հիմնված լինել ծանրակշիռ որեւէ փաստարկի վրա:



Բանն այն է, որ առկա աշխարհքաղաքական իրավիճակում, թավշյա հեղափոխության ամենաառաջին քայլից մինչեւ այժմ Հայաստանի նոր իշխանությունը, Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հայտարարել է, որ բացարձակապես կասկածի տակ չի դրվելու Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերության առաջնահերթությունը, չի լինելու աշխարհքաղաքական վեկտորի փոփոխություն, Երեւանը կասկածի տակ չի դնելու ինտեգրացիոն միավորումներում իր հանձնառությունն ու մասնակցությունը:

Այդ պայմաններում Ռոբերտ Քոչարյանն ինչի՞ վրա է հիմնվում՝ խոսելով «իրավիճակից օգտվելու գայթակղության» մասին, փորձելով ստեղծել տպավորություն, թե Հայաստանի նոր իշխանությունը խաբում է Ռուսաստանին:

Այսինքն, Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ Պուտինն այնքան միամիտ է, կամ գուցե նույնիսկ հիմար, որ կարող է խաբվե՞լ Հայաստանի նոր իշխանությանը: Համենայն դեպս, Հայաստանի երկրորդ նախագահը գործնականում հենց դա է ասում:

Այստեղ իհարկե նա որդեգրել է նույն մարտավարությունը, որը կիրառում էր Սերժ Սարգսյանի դեմ, դեռեւս նրա նախագահության շրջանում, երբ դարձյալ փորձում էր ներկայացնել, որ Սարգսյանը խաբում է Պուտինին եւ իրականում «թռնում» նրա վրայից, եթե օգտագործենք Ռոբերտ Քոչարյանի հռետորաբանությունը:

Պարզապես այն ժամանակ նա անում էր դա անուղղակի, փորձագիտական եւ մեդիա շրջանակների միջոցով, այժմ անում է իր դեմքով, քանի որ ստիպված է եղել մտնել հրապարակային քաղաքականություն, իր ունեցվածքն ու անձը պաշտպանելու համար:

Պաշտպանվելը անշուշտ ցանկացած անձի, այդ թվում Ռոբերտ Քոչարյանի անժխտելի իրավունքն է: Եվ իհարկե ինքն է ընտրում, թե ինչպես պաշտպանվի: Բայց Ռոբերտ Քոչարյանը իր անձնական խնդիրները լուծելու համար ինչպես Սերժ Սարգսյանի վրա էր փորձում Պուտինի այսպես ասած քեն ու ոխ առաջացնել, այդպես էլ փորձում է այժմ դա անել Նիկոլ Փաշինյանի վրա:


Սերժ Սարգսյանի պարագայում ՌԴ նախագահը որոշակիորեն «տրվեց» այդ փորձերին, հետո իհարկե կանգնելով դրա իսկ ծանր հետեւանքի առաջ՝ հենց Ռուսաստանի համար բարդ ու խնդրահարույց հետեւանքի առաջ: Ի վերջո հատկանշական էր կրեմլամերձ փորձագետներից մեկի հայտարարությունը, թե Ռուսաստանի օգնությամբ Հայաստանում իշխանության գալու փորձ անողները զբաղված են կլոունադայով:

Այդ հայտարարությունը գործնականում կարող է համադրելի լինել նաեւ ներկայիս իրավիճակի վրա, քանի որ Ռոբերտ Քոչարյանը ներկայում փորձում է հենց այդ՝ Ռուսաստանի միջոցով ստեղծել իշխանության հավանականություն:

Սա իհարկե անլուրջ եւ նույնիսկ վիրավորական մոտեցում է նաեւ նույն Պուտինի հանդեպ, որին մի անգամ նույն Քոչարյանը փաստորեն Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում «մտցրել» է այդ «գետն», ու Պուտինը դրանից մի կերպ է չոր դուրս եկել, կամ ավելի շուտ կիսաչոր:

Եվ Հայաստանում տեղի ունեցող թավշյա հեղափոխության գործընթացի հանդեպ Ռուսաստանի աննախադեպ, զարմանալի զուսպ դիրքորոշումը պարզորոշ վկայությունն էր, որ Պուտինն արել է անհրաժեշտ հետեւությունը, որը բխում է նրա ռազմավարական շահից:

Գուցե Ռոբերտ Քոչարյանը մտածում է, որ խորացող պատժամիջոցների ճնշման տակ Պուտինի սառը դատելու ունակությունը կարող է տեղի տալ եւ հնարավոր է այդ դեպքում նրան ներքաշել անձնական պլանների դաշտ: Փաստորեն երկրորդ նախագահը բավական վտանգավոր խաղ է սկսել ավելի շատ Պուտինի, քան Նիկոլ Փաշինյանի դեմ:

https://www.lragir.am/2018/08/31/375167/


loading...

Փակել