loading...

Ռոբերտ Քոչարյանի նվերը հեղափոխությանը



Դիտումներ ` 762
Ռոբերտ Քոչարյանի նվերը հեղափոխությանը

Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է քաղաքականություն վերադառնալու մասին, թեև դա արել է բավականին տարօրինակ ձևով, ասելով, թե «համարեք, որ վերադառնում եմ»։ Այսինքն՝ նույնիսկ այս իրավիճակում Քոչարյանը ստանձնում է, այսպես ասած, ուղիղ վերադարձի մասին հայտարարելու պատասխանատվություն, այդուհանդերձ, թողնելով նահանջի տեղ, որպեսզի հետո հարկ եղած դեպքում ասի, թե ընդամենը խորհուրդ է տվել «համարել», որ վերադառնում է: Այսպես թե այնպես, առնվազն միջանկյալ վերադարձը առկա է, թեև դրա ամբողջական ձևակերպումից նա խուսափում է այն պատճառով, որ պատկերացնում է քաղաքականություն, ավելի շուտ բաց, հրապարակային քաղաքականություն վերադարձի հետևանքը իր համար: Մյուս կողմից, դա պատկերացնելով հանդերձ, Ռոբերտ Քոչարյանը ներկայումս ունի այլընտրանք, այլընտրանք թերևս ինչ-որ կերպ երկրից հեռանալն ու որևէ տեղ ապաստան ստանալն է, եթե իհարկե հաջողվի:

Ընդ որում պետք չէ բացառել, որ Քոչարյանն իբրև պլան Բ դիտարկում է նաև այդպիսի տարբերակ: Առայժմ նա հորդորում է «համարել», որ վերադառնում է: Իրականում նա այդպիսով իր վերադարձի կամ դրա համար քաղաքական պատասխանատվության, դրա հանդեպ քաղաքական դիրքավորման համար պատասխանատվության բեռը ավելի շատ դնում է ոչ այնքան իր, որքան «համարողների» վրա: Սա էլ իհարկե բնորոշ է Ռոբերտ Քոչարյանին, որը, առանց ուղիղ իշխանության, այդպես էլ երբեք չստանձնեց ուղիղ քաղաքական պատասխանատվություն իր, այսպես ասած, համակիրների կամ սատարողների առաջ:



Սա էլ իհարկե իրականում ընդամենը սեփական ռեսուրսների և քաղաքական հեռանկարների պատկերացման վկայություն է, որովհետև դրանք այնպիսին են, որ չեն տալիս որևէ արդյունքի համար բաց և ամբողջական պատասխանատվության հնարավորություն:

Պարզապես ներկայումս Քոչարյանը հայտնվել է որոշակիորեն ծուղակում կամ ցուգցվանգի վիճակում: Հակառակ դեպքում նա, թերևս, ձեռնպահ կմնար օգոստոսի 17-ի հանրահավաքից ժամեր առաջ քաղաքականություն վերադարձի մասին խոսելուց, որովհետև, անգամ երբևէ քաղաքական անցուդարձում չեղած մարդու համար պարզ է, թե ինչ էֆեկտ է ունենալու Քոչարյանի այդ հայտարարությունը հանրահավաքի կազմակերպիչների համար, որպես դրա բազմամարդության ապահովման լրացուցիչ և զգալի խթան:

Ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը անում այդ նվերը թավշյա հեղափոխությանը: Որովհետև համարժեք չի՞ գնահատում իրավիճակը, թե՞ ունի սեփական ուժերի հանդեպ մեծ վստահություն, այն իմաստով, որ թեև, այսպես ասած, հանրային խիստ փոքր և սոցցանցային արհեստածին աջակցությանը՝ ի տարբերություն թավշյա հեղափոխության հոծ զանգվածի, Քոչարյանը ապավինում է իր համակարգային կարողություններին և ռեսուրսներին՝ նկատի ունենալով, որ թավշյա հեղափոխությունը, խոշոր հավով, դեռևս վերածված չէ համակարգի: Մյուս կողմից, հեղափոխությունը համակարգ չէ, բայց ցանց է, և հաղթել է նաև հենց այդ ցանցային բնույթի շնորհիվ, և այս տեսանկյունից, իհարկե, մեղմ ասած՝ հարաբերական է այս մասով Ռոբերտ Քոչարյանի հնարավոր առավելությունը:


Ի վերջո, համակարգը, որպես այդպիսին, ներկայումս ավելի ուժեղ կամ մոբիլիզացված չէ, քան երեք ամիս առաջ: Եվ եթե այդ մոբիլիզացիան չբավականացրեց երեք ամիս առաջ, ապա պարզ չէ, թե ինչի հաշվին է այն բավականացնելու այժմ, երբ, ի տարբերություն այն ժամանակի, ներկայումս չկա նաև գործադիր իշխանությունը, թե թավշյա հեղափոխության ձեռքում է գերվարչապետական համակարգը: Խորքային առումով այդ համակարգը ճգնաժամի մեջ է շատ վաղուց, և տասը տարի այդ ճգնաժամային հարաբերություններն էին ուղեկցում Սերժ Սարգսյանին, որը պերմանենտ կանգնում էր հենց այդ համակարգի, այսպես ասած՝ դավադրությունների և հեղաշրջումների իրողությունների առաջ, որոնք վերագրվում էին թե՛ Ռոբերտ Քոչարյանին, թե՛ Հովիկ Աբրահամյանին, թե՛ Ծառուկյանին, տարբեր ֆորմատներով, քառյակներով ու եռյակներով:

Ներկայումս այդ համակարգի ճգնաժամը ամենևին հաղթահարված չէ և իշխանությունից զրկվելը ամենևին չի կատարել ավելի ուժգին խորքային մոբիլիզացնող դեր, որովհետև, ի վերջո, համակարգի համար առանցքայինը եղել է ու կա ոչ միայն նյութական շահը, այլ նաև անձնական անվտանգությունը: Իսկ այդ տեսանկյունից իրավիճակը առնվազն 50/50 է, այն էլ խիստ չափազանցված գնահատականով, որովհետև եթե Ռոբերտ Քոչարյանը դիտարկվում է դիրքերի վերականգնման միջոց, ապա մյուս կողմից նրան աջակցելը դիտարկվելու է որպես հասարակական և իշխանական հակազդեցության ուղիղ թիրախ դառնալու միջոց: Եվ այս իմաստով հակահեղափոխական բևեռի մոբիլիզացիան իր որքային բնույթով, մեղմ ասած, չի կարող ավելին լինել, քան ընդամենը ամիսներ առաջ, իսկ ահա պակաս լինել կարող է, որովհետև այն արդեն տեղի է ունենալու առանց իշխանական լծակների, առանց իրավապահների, որոնցից առանցքայիններից մեկի՝ ԱԱԾ պետն այսօր հայտարարել է, որ խոշոր բացահայտումները դեռ առջևում են:

https://www.1in.am/2408655.html


loading...

Փակել