loading...

Ռոբերտ Քոչարյանի արյունոտ իշխանության մեկնարկը. Արթուր Մկրտչյանի սպանության առեղծվածը



Դիտումներ ` 1071
Ռոբերտ Քոչարյանի արյունոտ իշխանության մեկնարկը. Արթուր Մկրտչյանի սպանության առեղծվածը

Շատերի մոտ այն թյուր կարծիքն է, թե Ռոբերտ Քոչարյանը լավ նախագահ է եղել Արցախում և միայն Հայաստան գալուց հետո է հայտնվել հրեշավոր համակարգի ճիրաններում:

Այս տեսակետն որևէ աղերս չունի իրականության հետ: Նախ` Ռոբերտ Քոչարյանը ԼՂՀ-ում իշխանության է եղել միայն ֆորմալ առումով: 90-սկաններին Արցախում հաստատվել էր ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանի ռազմական դիկտատուրան. Ռոբերտ Քոչարյանի նախագահությունը եղել է այդ դիկտատուրայի ստվերում կամ լավագույն դեպքում` դրա քաղաքական ցուցանակը: Ավելին` տեսակետ կա, որ 1997-ին Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում է հայտնվել Սամվել Բաբայանի իրականացրած «սեկվեստորի» արդյունքում. արցախյան այն օրերի էլիտային մոտ կանգնած մարդիկ պնդում են, որ թե Սերժ Սարգսյանին և թե Ռոբերտ Քոչարյանին Արցախից «արտաքսել» է Սամվել Բաբայանը:

Համենայն դեպս, Ռոբերտ Քոչարյանը Ղարաբաղում սիրված գործիչ չի եղել երբեք և, եթե անգամ Սամվել Բաբայանի մարիոնետը չէր, ապա իր իշխանության համար պարտական է ոչ թե հասարակությանը, այլ զազրելի մի ոճիրի, որը կապված է նրա անվան հետ:

Արցախում 88-ի շարժումը ասոցացվում էր Արթուր Մկրտչյանի անվան հետ, որը 1992-ի հունվարին ընտրվեց Գերագույն խորհրդի առաջին նախագահ:

 



1988 թվականի փետրվարի 12-ի Հադրութի հանրահավաքից մինչև Գերագույն խորհրդի նախագահ ընտրվելը, Արթուր Մկրտչյանի ուղին եղել է սրընթաց։ 1992 թվականի հունվարին ԼՂՀ իշխանության ղեկին կանգնեց մի երիտասարդ գործիչ, ով մարմնավորում էր համազգային շարժման ոգին:

Արթուր Մկրտչյանն ընդամենը 32 տարեկան էր, երբ ընտրվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ և պաշտոնավարեց ընդամենը 97 օր, երբ քունքին արձակված կրակոցը վերջ դրեց նրա կյանքին:

Արթուր Մկրտչյանի սպանությունն այդպես էլ, ըստ էության, չբացահայտվեց` մնալով առեղծվածային:

Արթուր Մկրտչյանը ՀՅԴ անդամ էր և դաշնակցական շրջանակներում տեսակետ է արմատավորվել, որ այս սպանության թիկունքում կանգնած է ՀՀՇ-ն, որը փորձում էր Արցախում ևս իշխանության բերել իր մարդուն: Խոսքը` Ռոբերտ Քոչարյանի մասին է, ով իսկապես շուտով ԼՂՀ-ում դարձավ իշխանության տերը` սկզբում Պաշտպանության պետական կոմիտեի ղեկավարի, այնուհետև` նախագահի պաշտոնում:


ՀՅԴ-ն փաստորեն մեղադրում էր Ռոբերտ Քոչարյանին` Արթուր Մկրտչյանի դիակի վրայով իշխանության գալու համար: Իհարկե, այս հանգամանքը չխանգարեց, որ ընդամենը վեց տարի հետո ՀՅԴ-ն դառնա Քոչարյանի հայաստանյան արյունոտ իշխանության հիմնական հենարաններից մեկը:

Դժվար է ասել, թե Ռոբերտ Քոչարյանը ինչքանով է ասոցացվում որևէ կուսակցության հետ, սակայն փաստ է, որ նրա իշխանությունը թե Հայաստանում և թե Արցախում հաստատվել է արյունոտ ահաբեկչությունների հետևանքով: Արցախում` դա Արթուր Մկրտչյանի սպանությունն էր, Հայաստանում` Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը:

Արթուր Մկրտչյանի սպանության դրվագը հուշում է, որ քաղաքական ահաբեկչությունը Ռոբերտ Քոչարյանի ձեռագրի բաղադրիչն է: Հայաստանում դրան գումարվեցին նաև Քոչարյանի ընչաքաղցությունը և այն բարդույթները, որ Քոչարյանի մոտ մնացել էին Սամվել Բաբայանի պարբերական նվաստացումներից: Այդ ամենի համար հատուցեց Հայաստանի հասարակությունը:


loading...

Փակել