Արևելյան Եվրոպայում կոմունիստական ավտորիտար ռեժիմների տապալումներից հետո բնականոն զարգացման ճանապարհով գնացին այն երկրները, որոնցում նախկին համակարգերը դադարեցրին դիմադրությունը ժողովրդավարական հեղափոխություններին, քաղաքակիրթ կապիտուլացվեցին, ադապտացվեցին նոր իրողություններին, ու նույնիսկ նախկին համայնավարական կուսակցությունները տրասնֆորմացվեցին ժամանակակից սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների՝ դառնալով նոր քաղաքական համակարգերի լիարժեք սուբյեկտներ։
Ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, մանավանդ, երբ հեռացող վարչապետն ընդունեց իր պարտությունը և հեղափոխության առաջնորդի հաղթանակը, թվում էր՝ այդ ճանապարհով կգնա նաև ՀՀԿ-ն՝ հատկապես, երբ հրաժարվեց դիմադրության նոր ճակատ բացել Հայաստանի «աբխազացման» խորհրդանիշ Կարեն Կարապետյանի դեմքով։ Ապրիլի 30-ին վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հյուրընկալվել էր ՀՀԿ խմբակցությանը, ու թվում էր՝ կային բոլոր նախադրյալները, որպեսզի ձևավորվի ազգային համաձայնության և քաղաքական տոլերանտության միջավայր։
Տակավին անհայտ է, թե կոնկրետ ինչ իրադարձություններ տեղի ունեցան ապրիլի 30-ի լույս մայիսի 1-ի գիշերը, սակայն քաղաքական պրակտիկայում գրանցվեց անոմալ մի երևույթ, երբ խորհրդարանական մեծամասնությունը դարձավ ԱԺ ինստիտուցիոնալ ճգնաժամի հիմնական հրահրողը՝ չունենալով վարչապետի թեկնածու, դեմ քվեարկեց Փաշինյանին՝ առաջին փորձով ձախողելով նրա ընտրությունը։ Ասում են՝ ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ անհատական «գիշերային աշխատանք» է տարել անձամբ Ռոբերտ Քոչարյանը, որը նույն օրերին ռուսական НТВ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, թե իշխանությունը ճամպրուկ չէ, որ փոխանցվի Նիկոլ Փաշինյանին։
Մայիսի 1-ին ՀՀԿ-ն սկզբունքորեն չվնասեց հեղափոխությանը՝ մեծացնելով դրա ծավալը, սակայն, ըստ էության, թաղեց իր արդիականացման հեռանկարը՝ հրապարակ բերելով, այսպես կոչված, «ռեստավրացիայի» կամ ռևանշիզմի գաղափարը, որը կանխորոշիչ եղավ հետհեղափոխական Հայաստանի իռացիոնալ երկբևեռ քաղաքական համակարգի ձևավորման համար։ Եթե չլիներ ՀՀԿ մայիսի 1-ի ռևանշիստական վարքագիծը, որն առանց քաղաքական ուղերձի միտված էր հին համակարգի մեխանիկական ռեստավրացիային, ապա Փաշինյանը հարկադրված չէր լինի մայիսի 8-ի ընտրությունից հետո կազմավորել, այսպես կոչված, ազգային համաձայնության կառավարություն, որը եղած մոդելներից թերևս ամենաանհաջողն էր՝ բոլոր առումներով, սակայն, ըստ էության, հարկադրված պատասխան էր ՀՀԿ-ի ռևանշիստական նկրտումներին։
Ամառվա կեսերին տեղի ունեցած նշանային մի իրադարձություն թեթև հույսեր ծնեց, որ ՀՀԿ-ն ոչ թե խոսքով, այլ կիրառական քաղաքականության մակարդակում որոշել է արդիականացվել. Սերժ Սարգսյանն իր կուսակցության գրասենյակում ընդունել էր գերմանական «Ադենաուեր» հիմնադրամի ներկայացուցիչներին, ու թվում էր՝ Հայաստանի քաղաքական համակարգը վերջապես կարող է ձերբազատվել «հեղափոխականներ-հակահեղափոխականներ» արատավոր ու ռիսկային համակարգից, սակայն շուտով ասպարեզ եկավ Ռոբերտ Քոչարյանի գործոնը՝ ռեստարտ տալով հին համակարգի «ռեստավրացիայի» մեռելածին գաղափարին. ընդ որում՝ երկրորդ նախագահի ճամբարում դիրքավորվեց ոչ միայն ՀՀԿ-ն՝ վերջնականապես ձախողելով դասական կուսակցություն դառնալու նախագիծը, այլ նաև ազգային համաձայնության կառավարության մասնակից ՀՅԴ-ն։
Բնականաբար, մեզ չի մտահոգում ՀՀԿ-ի կամ ՀՅԴ-ի ճակատագիրը. նրանք, մեծ հաշվով, անպտուղ կռիվ են տալիս ժամանակի դեմ, ու ինչքան շատ լինեն ռևանշիստական դրսևորումները, այնքան անխուսափելի ու դաժան է լինելու նրանց քաղաքական ֆիասկոն։
Սակայն «ռեստավրացիայի» կամ ռևանշիզմի գոյությունը՝ որպես երկրորդ բևեռ, էապես ազդում է նաև, այսպես կոչված, հեղափոխական կառավարության որակի վրա. այն բարեփոխումների վրա կենտրոնանալու փոխարեն՝ իր էներգիայի մեծ մասը մսխում է հակահեղափոխության մարտահրավերները չեզոքացնելու վրա՝ փորձարկելով հարկադրանքի օբյեկտիվորեն ռեպրեսիվ պոտենցիալը։
Քանի իրական է ռևանշիզմի վտանգը, տարածություն չկա նաև կառավարությանն ուղղված առողջ քննադատության համար. մեծ է հավանականությունը, որ «մարտնչող» հեղափոխականության կողմից կպիտակավորվես «հակահեղափոխական» նվաստացուցիչ արտահայտությամբ։ Մեր հասարակության քաղաքական գիտակցության մակարդակը բարձր չէ, ու նա առայժմ չի կարողանում զանազանել, թե, օրինակ, Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 17-ի հանրահավաքային ելույթն ովքեր են քննադատում ռևանշիզմի, իսկ ովքեր՝ դեմոկրատական այլընտրանքի դիրքերից. բոլոր քննադատները հասարակության համար, դժբախտաբար, հակահեղափոխականներ են։ Իսկ երբ չի հնչում առողջ քննադատություն, ցանկացած կառավարության մոտ, նույնիսկ ամենաիդեալական, ձևավորվում է անսխալականության բարդույթ, որից ավտորիտարիզմ կես քայլ է։
Սակայն ամենամեծ ողբերգությունն այն է, որ Ռոբերտ Քոչարյանն ու ՀՀԿ-ն՝ իրենց ռևանշիզմով ու անիմաստ դիմադրությամբ, ըստ էության բովանդազրկում են առաջիկա ընտրական ցիկլը՝ Երևանի ավագանու, մեծ հավանականությամբ՝ նաև խորհրդարանի արտահերթ ընտրությունները։ Երևանի ավագանու ընտրություններն արդեն իսկ ընթանում են «հեղափոխություն-հակահեղափոխություն» ռեժիմով՝ նույնիսկ անկախ այն հանգամանքից, որ դրանց չի մասնակցում «ռեստավրացիայի» դրոշակակիր ՀՀԿ-ն։ Եթե նույն տրամաբանությամբ ընթանան խորհրդարանական ընտրությունները, տապալվելու է դեմոկրատական հակակշռի կամ ընդդիմության ձևավորման նախագիծը, և Հայաստանն ունենալու է, ըստ էության, միաբևեռ հեղափոխական համակարգ՝ ձևավորված հակահեղափոխության կամ «ռեստավրացիայի» փլատակների վրա։
Այս հեռանկարը թերևս գիտակցում են Ռոբերտ Քոչարյանն ու ՀՀԿ-ն, սակայն իրենց իռացիոնալ վարքագծով կարծես թե վրեժ են լուծում իրենց մերժած հասարակությունից։