Վերաքննիչ քրեական դատարանը հետաձգել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերաբերյալ գործի քննությունը: Նիստը կշարունակվի օգոստոսի 10-ին:Փաստաբանները տեղեկացրել են, որ Քոչարյանը ներկա է եղել դատավարությանը և հանդես է եկել ելույթով: Քոչարյանի ելույթը չի հրապարակվել, հայտնի է միայն, որ նա շարունակում է իրեն մեղավոր չճանաչել. «Նախագահը ներկա էր, խոսեց և փայլուն խոսեց, և ես նույնիսկ մտածում եմ, որ նրա ասածի զգալի մասը կարելի է հրապարակել, որովհետև բավական լավ հիմնավորված փաստարկներ էին: Խոսեց գործի վերաբերյալ և իր մեղադրանքի մասով»,- ասել է փաստաբան Հայկ Ալումյանը:
Երկրորդ նախագահի մյուս պաշտպանը՝ Արամ Օրբելյանն էլ ասել է, որ դատարանից դրական ակնկալիքներ ունեն: Թե ինչ ընթացք կստանա հունիսի 28-ից անազատության մեջ գտնվող Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը՝ դժվար է ասել: Սակայն սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվողներ երկրորդ նախագահի թիմակիցները Մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված առաջ են քաշում նոր վարկած: Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը մասնավորապես հայտարարել է, թե 2008 թվականի Մարտի 1-ին կանխվել է ռազմական հեղաշրջում:
Yerevan Today-ին տված հարցազրույցում Վիկտոր Սողոմոնյանը, անդրադառնալով առաջին նախագահի՝ 2008թ.-ի փետրվարյան ելույթին, թե Պաշտպանության փոխնախարարներ Մանվել Գրիգորյանն ու Գագիկ Մելքոնյանը միացել են իրենց, նշել է. «Ես ցավում եմ, եթե հասարակությունը այս պատմական մասը մոռացել է, բայց սա, եթե չեմ սխալվում, փետրվարի 21-ն է կամ 22-ը:
Եթե սա տանք մի պատահական քաղաքագետի կամ թարգմանենք-տանք մի պատմաբանի, որը նույնիսկ հայերեն չգիտի, նա կասի, որ սա դասական ռազմական հեղաշրջում է: Երբ որ ընտրություններում պարտված թեկնածուն հայտարարում է, որ պաշտպանության երկու փոխնախարարներն անցնում են, ինչպես ինքն իրեն է անվանում, ժողովրդի թեկնածուի կողմը, Մանվել Գրիգորյանը Երկրապահի ղեկավարն է, փաստորեն տեղի է ունենում բանակի ուղիղ ներքաշում քաղաքականության մեջ, սա պարզապես ուրիշ անվանում չունի:
Իմ կարծիքով, այս գործի ապօրինության մեխը այն է, որ պատմությունն է վերաշարադրվում: Այսինքն, փոխարենը Հատուկ քննչական ծառայությունն առաջին նախագահին կանչեր, ասեր՝ այդ ինչպե՞ս եք բանակցել, այդ ի՞նչ զորամիավորումներ էին բերում կանգնեցնեին հրապարակում, փաստորեն ռազմական հեղաշրջում էր պատրաստվում, փոխարենը անեն դա, կանչում են երկրորդ նախագահին որպես վկա եւ մեղադրանք են առաջադրում, որ ինքը սահմանադրական կարգը տապալել է: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ վերաշարադրում է տեղի ունենում պատմության»:
Վիկտոր Սողոմոնյանի կարծիքով՝ դա ուղիղ ճանապարհ էր դեպի քաղաքացիական պատերազմ. «Այսինքն՝ բանակի մի մասը երկրապահով գնար միանար պարտված թեկնածուին, որը բավականին ծայրահեղական կոչերով էր հանդես գալիս, մենք ունենալու էինք ոչ թե տասը զոհ, այլ գուցե հարյուրավոր զոհեր, որովհետեւ դա լինելու էր քաղաքացիական պատերազմ:
Ի դեպ, ուշադրություն դարձրեք, փետրվարի 23-ի հայտնի խորհրդակցությունից հետո, մամուլի հաղորդագրությունում, որը հրապարակային է, այդ օրերի թերթերում էլ կա, կարելի է ծանոթանալ, այդտեղ գրված է, որ հանրապետության նախագահն ասաց, որ ոչ մի կազմակերպություն չի կարող իրեն թույլ տալ վեր դնել օրենքներից եւ չի կարող ներքաշվել քաղաքական գործընթացների մեջ:
Ակնհայտ է, որ խոսքը Երկրապահի մասին է, եւ այս կոնտեքստում չհասկանալ 0038 հրամանի մեջ արձանագրված զորանոցային վիճակի մասին նախարարի կարգադրությունը կամ հրամանը, սա նշանակում է, որ կա այլ նպատակ, որը ոչ թե ճշմարտություն բացահայտելն է, այլ քաղաքական նպատակներն են եւ այդ նպատակներն են հետապնդվում ՀՔԾ կողմից: Այլ կարծիք այստեղ լինել չի կարող»,- հայտարարել է Քոչարյանի գրասենյակի ղեկավարը և հիշեցրել, որ 2-րդ նախագահին տասը զոհերի մահվան համար մեղադրանք չի առաջադրվել, այլ սահմանադրական կարգի տապալման համար:
Ռազմական հեղաշրջման վարկածը իսկապես շրջադարձային մոտեցում է Մարտի 1-ի իրադարձություններին: Սա թերևս նշանակում է, որ առաջիկայում առնվազն որպես վկա պետք է հարցաքննության կանչվեն նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ու երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, պատասխանելով հարցին՝ կիսո՞ւմ է կարծիքը, որ 2008 թվականին ռազմական հեղաշրջման փորձ է կատարվել, կարճ պատասխան է տվել՝ գնահատականը կտա դատարանը: Ամեն դեպքում, Քոչարյանի թիմակիցները կարծես թե հակահարձակման են անցնում, և գուցե դեռ հրապարակ կնետվեն փաստեր, որոնց մասին չի բարձրաձայնվել նախկինում: Ի դեպ, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը նշել է, որ բացի 0038 հայտնի հրամանից՝ գոյություն են ունեցել այլ փաստաթղթեր ևս:
Հայկ Դավթյան