loading...

Քոչարյանի գաղտնիքը



Դիտումներ ` 641
Քոչարյանի գաղտնիքը

Հանրությունը կամ հանրային ակտիվ խմբերը փորձում են հասկանալ, կռահել, թե ինչու է Ռոբերտ Քոչարյանի թիմը գաղտնի պահում այն 45 պատգամավորների անունները, որոնք ներկայացրել են Քոչարյանին կալանքից ազատելու երաշխավորություն՝ ստորագրության տեսքով: Ներկայացվում են ամենատարբեր վարկածներ, թեև նկատի չի առնվում մի հանգամանք, որ գաղտնիությունը ըստ էության անիմաստ է, քանի որ այդ ցուցակը այսպես թե այնպես ներկայացվելու է դատարան, և ըստ այդմ՝ առնվազն արտահոսքը երաշխավորված է: Հազիվ թե Քոչարյանի թիմը, այսպես ասած, ակնկալեր լիակատար գաղտնիություն, ըստ այդմ՝ խնդիրը բոլորովին այլ է, քան պարզապես հանրությունից գաղտնի պահելը կամ հանրությանն այս կամ այն տողատակով մոլորեցնելը:

Բանն այն է, որ Քոչարյանի համար ստորագրահավաքին միացել է խորհրդարանի գրեթե մեծամասնությունը կամ մեծամասնությունից, այսպես ասած, ութ պատգամավոր պակաս: Սա հետաքրքիր հանգամանք է, որը հետահայաց ուշադրության պարագայում ստեղծում է բավականին հետաքրքիր մի շրջանակ: Փաստորեն, Ռոբերտ Քոչարյանը ըստ էության մեծամասնություն ուներ 2017 թվականի ապրիլի 2-ին ձևավորված խորհրդարանում:

 



Այն, որ այդ խորհրդարանում ձևավորված է ամենաբազմազան և բազմաֆունկցիոնալ մեծամասնություն, մենք անդրադարձել ենք թե՛ ապրիլի 2-ի ընտրությանը նախորդած, թե՛ հաջորդած ժամանակահատվածում մեր բազմաթիվ հրապարակումներով: Ըստ էության, ապրիլի 2-ի խորհրդարանն աչքի է ընկել նրանով, որ ֆորմալ մեծամասնությունից բացի՝ այն ունեցել է մի քանի կոնֆիգուրացիայի ենթակա մի քանի տարբեր այլ մեծամասնություններ, սակայն ոչ թե վերացական կամ տեսական, այլ միանգամայն իրական քաղաքական նախագծման: Ներկայումս Ռոբերտ Քոչարյանի 45 պատգամավորը հենց այդ իրողության դրսևորումն է:

Ընդ որում, ինչն է այստեղ ուշագրավը: Այն, որ ներկայումս այդ դրսևորումը տեղի է ունենում թավշյա հեղափոխության պայմաններում, թավշյա հեղափոխության առնվազն առաջին փուլի հաղթանակի և իշխանափոխության փաստի պայմաններում, բայց դա չի նշանակում, որ այդ փաստը չլինելու պարագայում չէր լինելու նաև 45-ի դրսևորումը: Այդ դրսևորումը մեծ հավանականությամբ լինելու էր նաև Սերժ Սարգսյանի իշխանությունը պահելու պարագայում, և ավելին՝ ավելի մեծ հավանականությամբ հենց այդ պարագայում:

 


Սերժ Սարգսյանը խորհրդարանում ֆորմալ մեծամասնությունից դուրս ձևավորել էր մի քանի այլ մեծամասնական կոնֆիգուրացիա՝ լավ պատկերացնելով, որ իշխանություն չունի բուն ՀՀԿ վրա, և ըստ այդմ՝ ՀՀԿ մեծամասնությունը ցանկացած պահի կարող է դուրս գալ Սերժ Սարգսյանի դեմ: Խոշոր հաշվով, հենց դա էլ տեղի է ունեցել ապրիլի 25-ից սկսած, երբ Սարգսյանը թողեց իշխանությունը, գուցե մի փոքր ավելի վաղ, քան պլանավորել էր ՀՀԿ մեծամասնությունը:

Հենց այդ իրավիճակի կանխարգելիչ քայլն էր 2015-ին Ռոբերտ Քոչարյանի խնդիրները լուծելու համար քաղաքականությունից հեռացված Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն և պատկառելի ներկայությունը նոր խորհրդարանում: Ու հենց այդ համատեքստում է նաև ուշագրավ ներկայումս Քոչարյանի, ըստ էության, քաղաքականություն վերադարձի հանդեպ Գագիկ Ծառուկյանի լուռ, բայց բողոքական դրսևորումը:


loading...

Փակել