Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2014 թվականին հրամայել է խոցել ուղևորատար ինքնաթիռը, որում, նախնական տեղեկատվությամբ, «ռումբ է եղել»: Reuters գործակալությունը մանրակրկիտ վերապատմում է «Պուտին» փաստագրական ֆիլմի հատվածները, որը կիրակի տեղադրվել է ռուսական սոցցանցերում:
Ֆիլմում Պուտինը թղթակից Անդրեյ Կոնդրաշովին պատմել է, թե ինչպես է 2014թ. փետրվարի 7-ին, Սոչիում Օլիմպիադայի բացումից անմիջապես առաջ, իրեն զանգահարել անվտանգության ծառայության սպան:
Նախագահին զեկուցել են ինքնաթիռի գրավման մասին, որը Խարկովից թռչում էր Ստամբուլ: Նրանք պահանջում էին, որ ինքնաթիռը վայրէջք կատարի Սոչիում:
Pegasus թուրքական ավիաընկերության Boeing 737-800-ի օդաչուները հաղորդել են, որ ուղևորներից մեկի մոտ ռումբ կա: Ինքնաթիռում եղել է 110 ուղևոր, իսկ մարզադաշտում 40 հազար մարդ էր հավաքվել Խաղերի բացման արարողությանը: Պուտինը լրագրողին պատմել է, որ հարցում է կատարել անվտանգության խորհրդի մասնագետներին:
Նրան պատասխանել են, որ գործողությունների արտակարգ պլանը նմանատիպ դեպքերում նախատեսում է հարվածել ինքնաթիռը: Նախագահը ի պատասխան ասել է՝ «գործեք պլանի համաձայն»:
Այս հեռախոսազրույցից հետո Պուտինը ժամանել է Օլիմպիական մարզադաշտ՝ Միջազգային օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչների հետ: Մի քանի րոպեից հնչել է նրա հեռախոսի զանգը: Զանգահարողն ասել է, որ տեղեկատվությունը կեղծ է եղել, ուղևորը, որը սպառնացել է պայթյունով, հարբած է եղել, այդ պատճառով ինքնաթիռը շարունակել է հետևել իր ուղղությանը դեպի Ստամբուլ: