Երեկ Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում նշանակման հրամանագրի թանաքը դեռ չէր չորացել, երբ շնորհավորական առաջին հեռագիրը ստացվեց Մոսկվայից: Վլադիմիր Պուտինը Հայաստանի նորանշանակ վարչապետին շնորհավորեց նույնիսկ ավելի շուտ, քան հայկական երկրորդ պետության՝ ԼՂՀ նախագահը:
Պուտինի հեռագրում, իհարկե, արտառոց ոչինչ չկար ու նույնիսկ կարելի է ասել, որ այն շատ ավելի զուսպ էր, քան այն ուղերձը, որը վարչապետ Սերժ Սարգսյանն ապրիլի 17-ին ստացել էր Մոսկվայից: Խնդիրն այստեղ ոչ թե հեռագրի բովանդակությունն է, այլ այն ուղարկելու արագությունը: Օրվա ավարտին արդեն տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույցը:
Ըստ ամենայնի, Մոսկվան նման հրապարակային ժեստերով փորձում է քողարկել իր հայաստանյան քաղաքականության ձախողումը, երբ տարիներ շարունակ Հայաստանը նույնացվել է բացառապես իշխանության հետ: Այս ոչ ադեկվատ քաղաքականության հետևանքով Մոսկվան այնքան էր կորցրել քաղաքական զգոնությունը, որ չնայած Հայաստանում ունեցած մեծ ազդեցությանը՝ չէր կարողացել կանխատեսել հանրային տրամադրությունների փոփոխությունները, հասունացող հեղափոխությունը, և հիմա փորձում է ադապտացվել քաղաքական, ինստիտուցիոնալ նոր իրողություններին:
Սակայն երեկ տեղի է ունեցել ավելի կարևոր մի իրադարձություն, որը նույնիսկ շրջադարձային կարելի է համարել այն իմաստով, որ հայկական հեղափոխությունը, կարծես թե, լրջորեն խմբագրել է Կրեմլի քաղաքականությունն առնվազն հետխորհրդային տարածքում: Երեկ Պուտինը ելույթ է ունեցել Պետական դումայի լիագումար նիստում, որտեղ քննարկվում էր վարչապետի պաշտոնում Դմիտրի Մեդվեդևի թեկնածության հաստատման հարցը, և հանդես է եկել խիստ ուշագրավ հայտարարություններով: Նա ասել է, որ հետխորհրդային հանրապետությունները, այդ թվում՝ Ուկրաինան, Մոլդովան և Հայաստանը, ինքնուրույն քաղաքականություն վարելու իրավունք ունեն և պետք է հարգել նրանց այդ իրավունքը, այլապես երկկողմ հարաբերություններ կառուցել հնարավոր չէ: Պուտինը միանգամայն անընդունելի է համարել այն տեսակետը, որ Ռուսաստանից պոկել են Ուկրաինան, Մոլդովան ու հիմա էլ՝ Հայաստանը: Ռուսաստանի նախագահը նկատել է, որ իրենք են ժամանակին լուծարել ԽՍՀՄ-ը՝ անկախության և ինքնուրույն քաղաքականության հնարավորություն տալով նախկին հանրապետություններին:
Վլադիմիր Պուտինի երեկվա հայտարարությունները նույնիսկ սենսացիոն կարելի է համարել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների, ԽՍՀՄ-ի փլուզումը կործանարար որակող նրա հայտարարությունների համատեքստում:
Ուշագրավ է, որ Ռուսաստանի նախագահը երեկվա հայտարարությունները հնչեցնում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում, ինչը խոսում է թավշյա հեղափոխության մեծ էֆեկտի, խորքային հետևանքների մասին:
Արդյո՞ք Մոսկվայում հասկացել են իրենց քաղաքականության անհեռանկարայնությունը, նույնիսկ հետխորհրդային տարածքում ազդեցությունը կորցնելու իրական վտանգը և փորձում են վերանայել իրենց մոտեցումները: Պուտինի երեկվա ռացիոնալիզմը քաղաքականության վերանայման դրսևորո՞ւմ է, թե՞ Մոսկվայում շոկի մեջ են Հայաստանում կատարված իրադարձություններից և ռացիոնալ ձևակերպումներով փորձում են քողարկել իրենց շփոթվածությունը՝ ժամանակ շահելու նպատակով: Որն էլ լինի ճշմարտությունը՝ թավշյա հեղափոխությունը և լեգիտիմ կառավարության ձևավորումը միանգամայն նոր իրավիճակ են ստեղծել Հայաստանում և հայ-ռուսական հարաբերություններում, և Երևանը պետք է կարողանա իր սուբյեկտության վերականգնման փաստը կապիտալացնել հայ-ռուսական հարաբերություններում՝ դրանք հիրավի գործընկերային հիմքերի վրա դնելու նպատակով:
Հայաստանի սուբյեկտության մեծացումը բացառիկ հնարավորություն է ստեղծել նաև Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի համար՝ մանավանդ, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության ճանաչման շուրջ ձևավորվել է լիակատար միջազգային կոնսենսուս: Երեկ Հայաստանի նոր կառավարության հետ սերտ համագործակցության պատրաստակամության մասին հայտարարել են նաև Եվրոպական միության բարձր ներկայացուցիչ, հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին և ԵՄ հանձնակատար Յոհաննես Հաանը, ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերտը:
Ստեղծված իրավիճակում անհրաժեշտություն է, որպեսզի Հայաստանի նոր կառավարությունն իրապես բովանդակություն հաղորդի «և, և»-ի սկզբունքին՝ աշխարհաքաղաքական կենտրոններին հակելով կոնսենսուսի Հայաստանի բազմավեկտոր արտաքին քաղաքականության անհրաժեշտության հարցում: Սրա համար խիստ կենսական է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը լինի ներքին ռեֆորմացիայի շարունակությունը, սնվի դրա պոզիտիվ ակունքներից: