Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով «Միասնական Ռուսաստան» կուսակցության համագումարում, թվարկել է այն պատճառները, որոնք խաթարում են երկրի կայունությունը եւ խանգարում նրա զարգացմանը:
«Ցանկանում եմ ընդգծել, որ ոչինչ ավելի շատ չի խաթարում երկրի կայունությունը եւ գողանում զարգացման ռեսուրսը, որքան սուտը, անարդարությունը, անօրենությունը, կոռուպցիոն ժանգը եւ կաշառակերությունը, անտարբերությունը սեփական երկրի քաղաքացիների կարիքների հանդեպ, գոռոզությունն ու մեծամտությունը, որտեղից էլ դրանք գան՝ քաղաքագետներից, պաշտոնյաներից, բիզնեսից թե իրենց էլիտա համարողներից», ասել է Պուտինը:
Ինքնին զավեշտալի է ՌԴ իշխող կուսակցության առջեւ նման ելույթը, քանի որ Պուտինի թվարկած բոլոր այդ արատները այդ կուսակցության հենքն ու մոտիվացիան են: Այդ արատները վերաբերվում են նաեւ Պուտինի անմիջական շրջապատին, որի վերաբերյալ բավականաչափ կուտակված կոռուպցիոն կոմպրոմատ կա:
Պուտինը գնում է արդեն չորրորդ ժամկետին, սակայն այս անգամ նրա մոտ նկատելի է հռետորաբանության փոփոխություն: Նախկին գոռոզությունից ու մեծամտությունից բան չի մնացել:
Եվ դա բնական է. Պուտինն ընդունել է ԱՄՆ-ի գերակայությունը, ԱՄՆ-ի հետ պայմանավորվել գլոբալ խնդիրների շուրջ, ստացել նոր դերակատարություն աշխարհում: Դա Ռուսաստանի համար կարող է փրկություն դառնալ, մյուս կողմից՝ ԱՄՆ-ի հետ պայմանավորվելը դեռ պետք է մատուցվի ռուսական հանրությանը, երկարատեւ գոռոզ ու մեծամիտ պահվածքից հետո:
Պետք է նշել, որ ԱՄՆ-Ռուսաստան պայմանավորվածությունները դրական նշանակություն ունեցան նաեւ Հայաստանի խնդիրների առումով, մասնավորապես ԱՄՆ ջանքերով ճանաչվեց ստատուս-քվոն Ղարաբաղում: Մյուս կողմից, դրանք տհաճ անակնկալ էին Հայաստանի իշխանության, մասնավորապես արտաքին քաղաքական ու ռազմաքաղաքական պատասխանատուների համար, ինչը միայն առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ:
Բանն այն է, որ Հայաստանի իշխանության արտաքին քաղաքականությունը ենթարկված էր ոչ թե երկրի շահերին, այլ Մոսկվայի պահանջներին ու կարիքներին: Հայաստանի իշխանությունը ծառայություններ էր մատուցում արտաքին շահագրգիռ կողմերին՝ սեփական դիրքերը պահելու համար:
loading...