loading...

Պուտինի եւ Թրամփի ուղերձը Նիկոլ Փաշինյանին



Դիտումներ ` 854
Պուտինի եւ Թրամփի ուղերձը Նիկոլ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Հատկանշական է, որ շնորհավորանքը հաջորդել է Պուտինի հետ Փաշինյանի հանդիպմանը: Դրա՞ն էր սպասում ԱՄՆ նախագահը, թե՞ պարզապես զբաղված էր այլ՝ շատ ավելի հրատապ խնդիրներով եւ Հայաստանի նորընտիր վարչապետին շնորհավորելու հարցը նրա օրակարգում առաջիններից չէր:

Իսկ Թրամփի օրակարգը, հատկապես այս օրերին, բավական հագեցած է, հատկապես Մերձավոր Արեւելքի հարցերով: Օրերս ԱՄՆ-ն Երուսաղեմ տեղափոխեց Իսրայելում իր դեսպանատունը, ինչի մասին Թրամփը հայտարարել էր ամիսներ առաջ, երբ Երուսաղեմը ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք: Դեսպանատան տեղափոխումը բերեց արյունահեղության, որը հանգեցրեց մի քանի տասնյակ պաղեստինցի ցուցարարների մահվան, Իսրայելի զինվորականների հետ նրանց բախման հետեւանքով:

Միաժամանակ, ԱՄՆ փորձում է Իսրայելին աջակցել Մերձավոր Արեւելքում Իրանի ընդայնվող ներկայությունը զսպելու հարցում: Ընդ որում, այստեղ ակնառու է աշխատանքը Ռուսաստանի հետ, ինչի վկայությունն էր մայիսի 9-ին Հաղթանակի շքերթին Պուտինի կողքին Իսրայելի վարչապետ Նաթանյահուի ներկայությունը:Սիրիայում Իրանի ներկայությունը թերեւս չի գոհացնում նաեւ Ռուսաստանին, որը թեեւ կարծես թե գործակցում էր այդ հարցում Իրանի հետ, սակայն միեւնույն ժամանակ սիրիական արշավի ընթացքում, այդուհանդերձ եղան ռուս-իրանական մի քանի «թյուրըմբռնումներ», օրինակ, երբ ռուսական կողմը հայտարարել էր, որ Իրանի տարածքից հարվածներ է հասցրել ԻԼԻՊ դիրքերին:

Իրանը Ռուսաստանին դիվանագիտորեն մեղադրեց «բացբերանության» համար եւ «դուրս հրավիրեց» իր տարածքից:Մյուս կողմից, ներկայում Սիրիայի նախագահ Ասադը կարծես թե ավելի շատ իր անվտանգությունը կապում է Իրանի, քան Ռուսաստանի հետ:Մերձավոր Արեւելքում, Սիրիայում տեղի ունեցողը չափազանց բարդ կծիկ է պատճառահետեւանքային կապերը առերեւույթ հասկանալու եւ արձանագրելու համար:



Ի՞նչ պայմանավորվեց Պուտինը նախորդ տարի Թրամփի հետ, որից հետո դուրս բերեց զինուժի հիմնական մասը Սիրիայից, եւ այնտեղ բավական աշխուժացան ԱՄՆ-ն ու Իսրայելը: Իհարկե նաեւ Թուրքիան

: Միաժամանակ աշխուժացան հարվածներ ռուսական օդուժին, եւ Մոսկվան պարբերաբար կորցնում է օդանավ կամ ուղղաթիռ, բայց համառորեն չի հրաժարվում ԻԼԻՊ նկատմամբ հայտարարած հաղթանակից եւ չի վերադառնում նոր հաղթանակի հետեւից: Ու՞մ է անհրաժեշտ Ռուսաստանի վերադարձը:Իսկ ի՞նչ էր անհրաժեշտ Իսրայելի վարչապետին Ռուսաստանում մայիսի 9-ին, Հաղթանակի շքերթի օրը, երբ Պուտինը դառնում է թերեւս առավել զգայուն: Եվ այդ համատեքստում էլ խիստ ուշագրավ է մայիսի 14-ին Սոչիում Նիկոլ Փաշինյանի ռեվերանսը այդ օրվան եւ ռազմական շքերթին, ռուսական ռազմարդյունաբերական արտադրանքի մասին տպավորություն հայտնելու համար:

Դրա՞ համար էր միայն Հաղթանակի օրվա շքերթի հիշատակումը, թե՞ տողատակում կար ակնարկ այդ օրը Պուտինի կողքին Իսրայելի վարչապետի գտնվելու թեմայի առիթով: Նաեւ այդ դիտանկյունից արդյոք զուգադիպություն էր, որ ԱՄՆ նախագահ Թրամփը Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո շնորհավորական ուղերձ հղեց Նիկոլ Փաշինյանին, ճանաչելով նրա իշխանությունը Հայաստանում:Մեկ այլ հետաքրքիր հանգամանք է այն, որ Սոչի մեկնելուց առաջ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Իրանի նախագահ Ռոհանիի հետ:

Թեեւ Հայաստանի թավշյա հեղափոխությունը եղել է առանց աշխարհքաղաքական եւ արտաքին քաղաքական օրակարգի, այդուհանդերձ աներկբա է, որ այդ ներքին օրակարգով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը ուղղակի չեն կարող չզբաղվել աշխարհքաղաքական եւ արտաքին քաղաքական օրակարգով, որն անկասկած չի սպասելու եւ ժամանակ չի տալու Փաշինյանին:Առավել եւս, որ Հայաստանում նոր իրավիճակը խոշոր հաշվով առանցքային նոր տարր է մտցնում այդ օրակարգ եւ Նիկոլ Փաշինյանն անկասկած լավ պատկերացնում է այդ հանգամանքը, ինչի մասին վկայությունը Ստեփանակերտ կատարած նրա առաջին այցն էր եւ Արցախի հարցի մասին հայտարարությունը:

 


Արցախի եւ Մերձավոր Արեւելքի հարցերը անկասկած չունեն ուղիղ առնչություն օրակարգային իմաստով, սակայն կասկածից վեր է նաեւ, որ Կովկասը եւ Մերձավոր Արեւելքը դիտարկվում են հաջորդական շղթայի տրամաբանությամբ:Հայաստանը գործնականում արդեն մեկ տարի գրեթե անմիջական ներքաշված է այդ գործընթացներում՝ հայ-ռուսական, հայ-իսրայելական, հայ-իրանական հարաբերությունների շղթայով, որը բավական ուշագրավ կորագծով զարգանում է նախորդ տարվա հուլիսից:

Ի՞նչ ժառանգություն է ստացել այդ շղթայից Նիկոլ Փաշինյանը, որը Սոչի Պուտինի հետ հանդիպման մեկնելուց առաջ ոչ միայն հեռախոսազրույց էր ունեցել Իրանի նախագահի հետ, այլ նաեւ տեղափոխվել բնակության կառավարական ամառանոց՝ Սերժ Սարգսյանի հարեւանությամբ:Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը պարտավոր էին ճշտել սլաքները, անկախ իրենց հարաբերությունից եւ ներքաղաքական զարգացումներից, որովհետեւ սեղանին արդեն իշխանության հարց չէ, այլ Հայաստանի հարցը:

Փաշինյանին մայիսի 14-ին ու 15-ին հաջորդաբար ճանաչեցին Պուտինն ու Թրամփը, այդպիսով ցույց տալով, որ Հայաստանի համաձայնության իշխանությունը կամ կառավարությունը իրենց համաձայնության փաթեթից դուրս չէ: Դա հաջողության նվազագույն գրավականն է եւ կարեւոր քարտ-բլանշ ներսում համաձայնության եւ համերաշխության քաղաքականությունը արդեն կոնկրետ որակով եւ արդյունքով կապիտալիզացնելու եւ Հայաստանի աշխարհքաղաքական բաժնետոմսերի արժեքը բարձրացնելու համար

http://www.lragir.am/index/arm/0/comments/view/176455


loading...

Փակել