loading...

Պուտինի անակնկալը. Փաշինյանը կօգնի՞



Դիտումներ ` 1368
Պուտինի անակնկալը. Փաշինյանը կօգնի՞

Թեեւ ԱՊՀ Դուշանբեի Վեհաժողովից հայաստանյան հանրության ուշադրությունը սեվեռվել էր ընթրիքի հայտնի լուսանկարի վրա, այդուհանդերձ Վեհաժողովի առավել հետաքրքիր դրվագը Վլադիմիր Պուտինն ու նրա գիրքն էին՝ Պուշկինի Եվգենի Օնեգին չափածո վեպը:

Երբ Վեհաժողովի ավարտին ԱՊՀ պետությունները փաստաթղթեր էին ստորագրում, ՌԴ նախագահը մի փաստաթղթից մյուսն ընդմիջման վարկյաններին փորձում էր ընթերցել Եվգենի Օնեգինը: Ընդ որում նկատելի է, որ Պուտինը գիրքը բացում է առաջին իսկ էջերից, եւ նույնիկս տպավորություն էր, որ նա ինչ որ բան է փնտրում էջերում, տողերում:

Մյուս կողմից զարմանալի չէ, որ ՌԴ նախագահը ներկայումս մեծ փնտրտուքի մեջ է: Ու այդ իմաստով հատկանշական է, որ նրա ձեռքին Եվգենի Օնեգինն էր, որը ռուսական գրականության առանցքային ստեղծագործություններից մեկն է: Դրանում Ռուսաստանի կյանքն է 19-րդ դարի սկզբներին՝ 1819-1925 թվականներին: Վեպը համարվում է նույնիսկ ռուսական կյանքի հանրագիտարան, առանցքում սիրային պատմությամբ, եւ ներառելով ռուսական բանակի արտաքին արշավանքներից մինչեւ դեկաբրիստների ապստամբություն ընկած ժամանակահատվածը:

Խիստ խորհրդանշական է, համեմատելով Ռուսաստանի ներկայիս իրադրության հետ: Ռուսաստանն արտաքին ռազմարշավներում է, իսկ երկրի ներսում առկա է հանրային ընդվզման բավական մեծ աստիճան եւ ծավալվելու վտանգ, որն ուղեկցվում է նվազող տնտեսական հնարավորություններով, ինչն արտաքին պատժամիջոցների հետեւանք է:



Պուտինը ելք է փնտրում բավականին բարդ իրավիճակից: Օրերս Ռուսաստանի երեք նահանգներում տեղի ունեցած ընտրություններում իշխող Եդինայա Ռոսիա կուսակցության ներկայացուցիչները պարտվել են: Իհարկե հաղթել են այսպես կոչված «համակարգային ընդդիմության» ներկայացուցիչները, սակայն հասկանալի է, որ դա լոկալ խլացուցիչ է, իսկ գլոբալ մասշտաբում անհրաժեշտ են առավել խորքային լուծումներ:

Կա՞ բանալի Եվգենի Օնեգինում: Համենայն դեպս մի բան կա, որ Պուտինը ԱՊՀ Վեհաժողովում այդպես կառչած էր գրքից:

Այդ հանգամանը ունի գուցե մեկ այլ խորհրդանշական, ինչ որ իմաստով նաեւ անակնկալ ասպեկտ: ՌԴ նախագահը կարծես ընդգծում էր իր տարբերությունը ԱՊՀ մյուս առաջնորդներից, ցույց տալով, որ զբաղված է ավելի բարձր գործերով կամ ստեղծագործություններով, եւ այն, ինչ կատարվում է շուրջը, իրեն այնքան էլ չի հետաքրքրում:

Բանն այն է, որ ելքը, որը փնտրում է ՌԴ նախագահը, կարող է լինել հենց տարբերության, տարբերվելու բանաձեւի մեջ: Կամ, ավելի շուտ, այլ կերպ լինել չի էլ կարող:

Թերեւս ավելի ու ավելի ակնառու է դառնում, որ ԱՊՀ կամ Եվրասիական արժեհամակարգային, մտածողության համակարգում ճգնաժամից ելք ելք չկա, ելքն այդ համակարգից դուրս է, ըստ այդմ տարբերության մեջ: Ըստ ամենայնի ՌԴ նախագահի առաջ ներկայում տարբերության ձեւակերպման խնդիրն է: Վեհաժողովի ուղեկից Եվգենի Օնեգինն այդ իմաստով իհարկե միջանկյալ լուծում է:

 


Այդ տեսանկյունից հատկանշական «ելք» կարող է լինել Նիկոլ Փաշինյան գործոնը: Նա արդեն տարբերվում է եվրասիական միջավայրում, նա տարբեր է մտել այդ միջավայր եւ դա ակնհայտ է: Կա տեսակետ, թե Նիկոլ Փաշինյանը եվրասիական առաջնորդների համար վտանգավոր օրինակ է, «օտար» օրինակ: Առերեւույթ դա այդպես է, նա արել է մի բան, որը խորթ է եվրասիական ակումբին, նույնիսկ շփոթեցնող ու վտանգավոր: Մյուս կողմից, այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, դա ելք է՝ իր տրամաբանությամբ, իր փիլիսոփայությամբ, ելք է ճգնաժամերից:

Ընդ որում առավելապես երաշխավորված, անարյուն, առանց բռնության ելք: Կօգնի՞ Փաշինյանը Պուտինին ձեակերպել նրա տարբերությունը «ավանդական» եվրասիա-ռուսական միջավայրում, որի վրա պետք է կառուցվեն Պուտինի ավելի ու ավելի անխուսափելի դարձող առանցքային որոշումներ եւ լուծումներ, դրանք հանրությանն ու պոստսովետական տարածությանը իբրեւ ելք, ոչ թե պարտություն կամ նահանջ ներկայացնելու համար:

Փաշինյանն ու հայկական մոդելը վտանգ չէ եվրասիական տարածության համար: Այդ տարածությունը վտանգի մեջ է վաղուց: Հայկական մոդելը այդ տարածության համար խորհելու հնարավորություն է, կամ յուրօրինակ «գիրք», որ արժե կարդալ, կարող է պետք գալ:

https://www.lragir.am/2018/09/28/382608/


loading...

Փակել