Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի նախօրեին տարածած հայտարարությունը, տապալված ասուլիսից հետո, կասկած չի թողնում, որ երկրորդ նախագահը այլևս դիրքավորվում է որպես նոր իշխանության այսպես ասած գլխավոր, իսկ գուցե միակ ընդդիմախոս: Եվ նույնքան անկասկած է թերևս, որ իրերի այդ վիճակը կշարունակվի առնվազն մինչև խորհրդարանի արտահերթ ընտրություն, եթե դիտարկում ենք, որ այն տեղի է ունենալու 2019-ի գարնանը: Եվ այստեղ իհարկե հետաքրքիր հարցերից մեկը դառնում է այն, թե Քոչարյանի դիրքավորումը ինչ է փոխելու այդ ընտրությունների հարցում, դրան տանող գործընթացում, և արդյո՞ք այդ փոփոխությունը ընդհուպ կարող է առնչվել ժամկետին:
Իհարկե լուրջ չէ խոսել այն մասին, որ մի քանի ամիս առաջ կամ հետո ընտրական ժամկետը սկզբունքային բան է փոխելու հենց Ռոբերտ Քոչարյանի և նրա շուրջ ձևավորվելիք հին համակարգի ուժերից կազմված բեվեռի քաղաքական կապիտալի հարցում: Տվյալ պարագայում սակայն այդ բեվեռը անխուսափելիորեն կարող է ազդել մյուս ուժերի կապիտալի վրա, ինչն էլ իր հերթին կարող է առաջացնել ընտրության ժամկետի հետ կապված նոր տրամադրություններ:
Կգնա՞ այդ տրամադրություններին ընդառաջ Նիկոլ Փաշինյանը, թե ոչ, դա հարց է իհարկե, որովհետև կոնկրետ Փաշինյանի կապիտալի մասով Քոչարյանը կարծես թե ոչ միայն վտանգ չէ, այլ հակառակը: Այդ տեսանկյունից իրավիճակը բարդանում է մյուս բոլոր քաղաքական ուժերի համար, թե գոյություն ունեցող, թե նորաստեղծ, որովհետև նրանց համար Քոչարյանը որևէ կարգավիճակում՝ թիրախի, թե ձգող առանցքի, լինելու է ավելորդ խնդիր և այսպես ասած էներգատար, ռեսուրսատար խնդիր: Այլ կերպ ասած, Քոչարյանը նրանց զրկելու է իրենց վրա կենտրոնանալու հնարավորությունից:
Եվ եթե Նիկոլ Փաշինյանն էլ հրաժարվի այսպես ասած լայն դաշինքի գաղափարից, որը նրան փորձ է արվում առայժմ անուղղակիորեն, զգուշորեն հրամցնել, ապա խորհրդարանի առանց այդ էլ բարդ ընտրությունը մյուս ուժերի համար կլինի շատ ավելի բարդ: Այս պայմաններում նրանց համար դաշինքը այլընտրանք չունի, սակայն ոչ թե Նիկոլ Փաշինյանի հետ դաշինքը, այլ լայն դաշինքը Ռոբերտ Քոչարյանի գլխավորած բեվեռի դեմ: Իհարկե սրա հնարավորությունը գործնականում բավական բարդ է և հավանականությունը շատ քիչ, որովհետև չի նշմարվում գոնե ուժերի մոտավոր շրջանակ, որոնք ունեն բավականաչափ ընդհանրություններ դաշինքով հանդես գալու և այդպիսով հակակշիռ բեվեռ ձևավորելու համար:
Ինչո՞ւ է սխալ Նիկոլ Փաշինյանի շուրջ բեվեռով մասնակցությունը, եթե ինչ-որ կերպ հաջողվի համոզել Փաշինյանին: Որովհետև դա գործնականում թույլ չի տա ձևավորել քաղաքական պատկեր, դա կլինի պատկերի աղավաղում, ընդ որում ընդամենը մանդատների հարց լուծելու համար: Փաշինյանը կձևավորի արհեստական բեվեռ, եթե ձևավորի, որը անկասկած փլուզվելու է հետագա հնգամյակում: Մինչդեռ հաջորդ հնգամյակի համար Հայաստանին պետք է գոնե որոշակի քաղաքական մրցակցության գծանկար, որը հետո հնարավոր կլինի գունավորել և զարգացնել: Ի վերջո դրա համար է անհրաժեշտ խորհրդարանի արտահերթ ընտրությունն ու այդ միջոցով իրավիճակի արդեն առնվազն միջնաժամկետ կայունացումը:
Խոշոր հաշվով, «հակահեղափոխություն» ասվածի խնդիրը այստեղ է, ոչ թե իշխանություն վերցնելը, որն ակնհայտորեն չափազանցված վերագրում է: Թույլ չտալ խորհրդարանի արտահերթ ընտրությամբ քաղաքական գծապատկերի միջնաժամկետ կայունացում, այսինքն քաղաքական մրցակցության որոշակի ծրագրավորում, ինչի շնորհիվ հնարավոր կլինի ստանալ քիչ թե շատ բալանսավորված խորհրդարան: Այդ իմաստով խորհրդարանի արտահերթ ընտրությանը անհրաժեշտ են հավասարակշռող բեվեռներ, որովհետև Փաշինյանն ու տեսականում «Քոչարյանը» ամենևին համազոր բեվեռներ չեն և հակակշիռ պետք է քոչարյանական բեվեռին, որ այն չդառնա երկրորդը: