Արցախի Պաշտպանության բանակի ղեկավար Լևոն Մնացականյանը Ստեփանակերտում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի զինուժի էական կուտակումներ չկան, կրակոցները նույնպես նվազել են: Սահմանում տիրող հարաբերական լռությունը, սակայն, ըստ Մնացականյանի, ինչ-որ բան նշանակում է: Նրա խոսքերով՝ իրավիճակը կարող է լարվել սեպտեմբերի վերջին և հոկտեմբերի սկզբին։
«Մարտական խաչ»-ի ասպետ, ազատամարտիկ Վահան Բադասյանի խոսքերով՝ Լևոն Մնացականյանի հայտարարությունները տրամաբանական են, և աշնանն իսկապես կարող է լարվել իրավիճակը. «Վերջին տարիների Ադրբեջանի տակտիկան է դիվերսիոն ներթափանցումներ, հրադադարի ռեժիմի խախտում, ինչպես նաև 2016-ի լայնամասշտաբ պատերազմ․․․ այս ամենով հակառակորդն ուզում է հոգեբանորեն ազդել Հայաստանի վրա, ճնշում գործադրել։ Վերջին ամիսներին հակառակորդը Նախիջևանի տարածքում ակտիվացում սկսեց, դիրքեր ամրապնդեց, դա հենց այնպես չէ։
Նրանք դա արել են, որպեսզի հարձակման ժամանակ ելման կետը լինի մեր առաջնագծին ավելի մոտիկ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Բադասյանը։
Շարունակելով իր միտքը՝ Բադասյանը նշում է. «Ցավոք սրտի, ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը դա հաշվի չառավ, կամ եթե հաշվի առավ՝ համապատասխան գործողությունների չի դիմել։ Մեզ մոտ արդեն 10 տարուց ավելի է՝ կատարել են այդ առաջխաղացումը, ընդհուպ եկել են մոտեցել 30 կամ 70 մետրի, եթե տեղ կա, որ 100 մետր են հեռու՝ մենք ասել ենք՝ փառք է, որ այդպես է, բայց 100 մետրն ի՞նչ է, կարող են նաև քարով խփել։ Այս ամենը բերեց նրան, որ ապրիլին արագ կարողացան դիրքային առումով հաջողության հասնել։ Բայց այսօրվա դրությամբ Ադրբեջանը հետ է քաշվում, ինչո՞ւ։ Հավանաբար պատերազմ հենց հիմա կսկսեր, եթե լիներ Հայաստանի նախորդ ռեժիմը»։
Նրա դիտարկմամբ՝ նոր, լիարժեք ժողովրդավար ուժերի իշխանության գալը Ադրբեջանի համար մարտահրավեր է և՛ ներքին, և՛ արտաքին առումով. «Ներքին առումով այն է, որ Ադրբեջանը կայսրություն է, այնտեղ մի քանի բնիկ ժողովուրդներ կան, ազերիները, թուրքերն իշխում ու ճնշում են, բայց այս ժողովուրդների համար մեսիջ է, որ Հայաստանում դիկտատուրան վերացված է, ուստի իրենց մոտ էլ պետք է ժողովրդավարություն հաստատվի, ու իրենք պետք է անկախանան։ Մյուս կողմից էլ՝ Ադրբեջանի համար մարտահրավեր է Հայաստանի իշխանության դրած հիմքերը՝ արդարության վերականգնումը, ինչը ենթադրում է բանակի հզորացում։
Իսկ հզոր բանակին առավել դժվար է հաղթելը, քան 2016-ին։ Սա է պատճառը, որ հետ են քաշվում ու ավելի խոր պատրաստվում։ Մնացականյանը ճիշտ է ասում՝ պետք է ավելի վատին պատրաստվել, բայց մենք պետք է նաև նկատի ունենանք, որ Ադրբեջանին հարձակվելու համար երկար ժամանակ է պետք։ Դա նաև մեր օգտին է, մենք էլ պետք է պատրաստվենք։ Նախարար Տոնոյանի բառերը միայն քիչ են, պետք է բանակն ուժեղացնել, վերացնել բանակի արատավոր երևույթները»։
Բադասյանն ընդգծում է՝ բանակում անհրաժեշտ են կադրային փոփոխություններ.«Իմ մարդը, քո մարդը այդ սկզբունքը չպետք է լինի բանակում. սկզբունքը պետք է լինի պրոֆեսիոնալիզմը։ Մենք ունենք կադրային սխալ քաղաքականություն և որի արդյունքում այսօր Վազգեն Սարգսյան ռազմական ինստիտուտում դիմորդների թիվը սահմանափակ է, թափուր են շատ տեղեր, որովհետև տեսնելով այսօրվա սպաների, վետերան սպաների կարգավիճակը, ապրելակերպը՝ երիտասարդները պարզ է չեն ցանկանա իրենց կյանքը կապել բանակի հետ»։
Բադասյանն ընդգծեց. «Ես ուզում եմ իմ ասածները հիմնավորել։ Թե՛ Մանվելի, թե՛ Մովսես Հակոբյանի, թե՛ Սամվել Կարապետյանի մասով իմ հայտարարությունները ճիշտ էին, մինչև արատավոր երևույթները, գողությունները չվերացվեն, մենք հզոր բանակ չենք ունենալու։ Մենք չպետք է ուրախանանք, որ Ադրբեջանը հետ է քաշել իր ուժերը, մենք պետք է միայն ուրախ լինենք մեր հզոր բանակով, ինչ էլ որ հակառակորդն անի, մեք հետ ենք շպրտելու։ Ես կոչ կանեմ, որ գեթ մեկ անգամ իմ ասածները հիմք ընդունեն որպես հաղորդում հանցագործության մասին և որևէ անգամ ինձ հրավիրեն քննչական մարմին, գուցե ես այնպիսի բաներ եմ իրենց հայտնելու, որ արժանի լինի ուշադրության, գոնե այդպիսով ուղղեն եղածը ու թույլ չտան, որ այդ ամենը շարունակվի»։
Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ հավանական է, որ հակառակորդը գործողությունների դիմի աշնանը։ Միևնույն ժամանակ, ըստ Շիրինյանի՝ Ադրբեջանն ավելի շատ հոխորտում է, քան գործում։ «Իրենք չեն ուզում Հայաստանում խորհրդարանական ընտրություններ անցկացվեն, դա իրենց շահերին դեմ է, քանի որ այդպիսով Հայաստանը դառնում է լիարժեք ժողովրդավար երկիր։ Իսկ մեզ համար այդ ընտրությունների անցկացումը կենսական անհրաժեշտություն է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Նրա խոսքերով՝ Ադրբեջանը գիտակցում է, որ Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններն ի վնաս իրենց են։ «Քրեաօլիգարխիկ ընտանիքներին սպասարկող Սերժ Սարգսյանի ռեժիմն այլևս գոյություն չունի, բանակի հրամկազմը փոխվել է, դրա համար էլ զգույշ է հակառակորդը։ Մանվելատիպ գեներալները, որոնք կողոպտում էին երկիրն ու հայտարարում, որ Բաքվում չայ են խմելու, այլևս գոյություն չունեն։ Իրենք հիմա ցանկություն են հայտնում, հոխորտում, բայց զգուշավորություն են ցուցաբերում»,- ընդգծեց Շիրինյանը։
Քաղաքագետն ասաց՝ Հայաստանն անկախ ամեն ինչից պետք է արտահերթ ընտրություններ կազմակերպի, որպեսզի գործողություններում ավելի համարձակ լինենք։ «Եթե իրենք սկսեն ռազմական գործողություններ, Արցախի Պաշտպանության բանակը կհայտնվի Կուր-Արաքսի խառնարում»։