«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստան ժամանած Եվրախորհրդարանի ներկայացուցիչները բավականին զուսպ են խոսել Հայաստանում տեղի ունեցած դեպքերի մասին՝ այդպես էլ չօգտագործելով «հեղափոխություն» եզրույթը։ Պատվիրակության ղեկավար Դեյվիդ Մալաիստը շեշտել է, որ անարյուն իշխանափոխության համար պետք է շնորհակալ լինել երկու կողմերին։
Եվրախորհրդարանի պատվիրակությունը խիստ կարեւոր է համարել առաջիկա արտահերթ ընտրությունները եւ օրենսգրքի փոփոխությունները ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի եւ Վենետիկի հանձնաժողովի հանձնառության ներքո կատարելու անհրաժեշտությունը։ Արտահերթ ընտրությունների համար վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա վարչապետի պաշտոնից, խորհրդարանը պետք է հետո երկու անգամ վարչապետի թեկնածու չառաջադրի կամ չքվեարկի։ Հնարավո՞ր է նման բան՝ հարցրինք մեր աղբյուրին։
«Իհարկե, Փաշինյանը կարող է Ֆեյսբուքով մտնել «լայվ», տեղեկացնել, որ հրաժարական է տալիս, մնում է վարչապետի ԺՊ, դուրս է գալիս փողոց, կանգնում ժողովրդի կողքին եւ պահանջում, որ քաղաքական ուժերից որեւէ մեկը վարչապետի թեկնածու չառաջադրի»։ Իսկ լուսանցք մղված ՀՀԿ-ն եւ մյուս քաղաքական ուժերը, ԱԱԾ-ի գործողություններից առավել «զգոնացած», կանեն, ինչ պահանջվում է՝ ասաց մեր աղբյուրը»: