loading...

Փաշինյանը 12 տարեկան էր, երբ մայրը մահացել է. նրան և 2 եղբայրներին մեծացրել է հոր 2-րդ կինը



Դիտումներ ` 1342
Փաշինյանը 12 տարեկան էր, երբ մայրը մահացել է. նրան և 2 եղբայրներին մեծացրել է հոր 2-րդ կինը

Armeniasputnik.am-ը գրում է.

Նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծնողներն ապրում են Իջևանում` համեստ տանը, հպարտանում են իրենց ժողովրդով և անհանգստանում որդու համար։

«Փաշինյան, հյուր ունենք», – կանչում է ամուսնուն ժպտերես կինը` մի ակնթարթ գլուխը վեր բարձրացնելով մարգերից։ Տնից հապճեպ, արագ քայլերով դուրս է գալիս մի տղամարդ։ Մեզ տեսնելով` ողջունում է. «Բարի գալուստ։ Մտեք։ Այստեղ այնպիսի թթի օղի ունեմ։ Բժիշկներն ինձ արգելել են խմել, իսկ ձեզ կարելի է։ Մտեք, մտեք»։

Վարչապետ Փաշինյանի ծնողների տունը գտնվում է Իջևան քաղաքի Բլբուլյան թաղամասում։ Սովորական տուն է` փոքր բանջարանոցով և ճոճաթոռով` արտաքուստ ոչնչով աչքի չընկնող։ Հենց այստեղ է անցել Հայաստանի վարչապետի պատանեկությունը։

«Վերջին անգամ Նիկոլին տեսել ենք մայիսի 8–ին։ Եկավ ուշ գիշերը, նստեցինք, խոսեցինք, հետո վաղ առավոտյան` ժամը 5–ին, վեր կացավ ու գնաց Արցախ։

Նրա վրա հիմա այնպիսի ահռելի պատասխանատվություն է դրված, իսկ ժողովուրդն անհամբեր է։ 20 տարի թալանել են երկիրը, ինչպե՞ս կարելի է մի քանի օրում կամ ամսում ամեն ինչ վերականգնել։ Իհարկե, անհանգստանում եմ որդուս համար, իսկ եթե հույսերը չարդարացնի՞», – պատմում է Փաշինյանի հայրը` Վովա Փաշինյանը։

Նա, անպայման, կհասնի իր նպատակին, չէ՞ որ մեծ համբերություն ունի, ավելացնում է Երջանիկ Չիբուխչյանը։

«Եթե նա ամեն ինչ այնպես անի, ինչպես պատկերացնում է, մենք կապրենք հիանալի երկրում», – վստահ է նա։

 



Քչերը գիտեն, որ Երջանիկ Չիբուխչյանը Նիկոլ Փաշինյանի հարազատ մայրը չէ։ Ապագա վարչապետը 12 տարեկան էր, երբ մայրը մահացավ հիվանդությունից։

Վովա Փաշինյանն ամուսնացել է երկրորդ անգամ։ Առաջին ամուսնությունից երեք որդիներին մեծացրել է հենց Երջանիկը։

Հայրը պատմում է, որ Նիկոլի ապստամբ բնավորությունը սկսել է դրսևորվել հենց այդ տարիքում, անարդարության համար պայքարը նրա արյան մեջ է։ Նա իր առաջին «բողոքի ակցիան» անցկացրել է, երբ 13 տարեկան պատանի էր. այդ ժամանակ նրան դուր չի եկել Կոմերիտ միությունը։

«Գիտեք, թե ինչպես եմ ուրախանում, երբ թոռներս ինձ ասում են «տատ ջաաան»։ Ընտանիքն ամենամեծ երջանկությունն է։ Արդեն 30 տարի է ես երեք որդիների մայր եմ։ Ամուսնության առաջին օրերին ես շփոթում էի տղաներին` ով է նրանցից Արտակը, ով` Արմենը, ով` Նիկոլը։ Իսկ հիմա նրանք ամենահարազատն են», – երջանիկ ժպիտը դեմքին խոստովանում է տիկին Երջանիկը։

Երջանիկ Չիբուխչյանն ամուսնուն ազգանունով է դիմում` Փաշինյան, երբեմն էլ` Վովա։ Մենք խնդրում ենք նրանց իրար մոտ կանգնել` լուսանկարելու համար։ Երջանիկն ուղղում է ամուսնու վերնաշապիկը, իսկ երբ առաջարկում եմ գրկախառնվել, երկուսն էլ պատասխանում են հուզիչ ամաչկոտությամբ. «Վայ, մեր տարիքում ինչ գրկել»։

Հենց այդ պահին տան կողքով անցնում է էքսկուրսիայի եկած խումբը, երիտասարդ ուսուցչուհին 7-8 տարեկան երեխաներին ցույց է տալիս Փաշինյանների տունը։ Ամուսինները չեն զարմանում, ասում են, որ իրենց տունը դարձել է Իջևանի տեսարժան վայրը։

«Մեզ գրեթե ամեն օր շնորհավորում են և, իհարկե, տարբեր բաների մասին խնդրում` մի՞գուցե Նիկոլը կարողանա որդուս գործի տեղավորել, միգուցե այս, միգուցե այն։

 


Իսկ մենք ոչ մի բան չենք ասում Նիկոլին, գիտենք, որ կբարկանա։ Նա կառուցելու է երկիրը` հավաքելով խելացի, տաղանդավոր և չկոռումպացված մարդկանց, այլ ոչ թե ազգականների», – ասում է Երջանիկը։

Ծնողները, իհարկե, հպարտանում են իրենց որդիով, բայց, ինչպես ասում է Վովա Փաշինյանը` իրենց ժողովրդով ավելի շատ են հպարտանում։ Չէ՞ որ ժողովուրդը հասել է իր նպատակին, պաշտպանել է իր պատիվը, ազատվել անցանկալի իշխանությունից, իսկ Նիկոլն ուղղակի մարդ է, որին ժողովուրդը վստահել է և հանձնել կառավարման ղեկը։

Վերջում վարչապետի ծնողները սեղան են գցում մեզ համար, երբ փորձում ենք հրաժարվել, ասում են, որ կնեղանան։ Նրանց որդին էլ է լրագրող եղել, գիտեն, թե դա ինչ ծանր աշխատանք է։

Նստեցինք, խմեցինք ժողովրդի կենացը, հետո` երկրի, հետո էլ ամբողջ աշխարհում խաղաղության համար, հետո արդեն չեմ հիշում, թե ինչ կենաց խմեցինք։ Ճիշտ էին մեզ նախազգուշացրել Իջևանի կենտրոնի առևտրականները.

«Փաշինյանների տնից ձեզ շուտ բաց չեն թողնի, չեք էլ վերադառնա մեզ մոտ։ Այնպես որ, հիմա մեզ հետ մի բաժակ խմեք։ Նրա և նրա ծնողների առողջության կենացը»։

http://www.info24.am/?p=7373&l=am


loading...

Փակել