loading...

Փաշինյանն ու Պուտինն իմացել են ձայնագրության մասին ավելի վաղ. Սենսացիոն վարկած



Դիտումներ ` 896
Փաշինյանն ու Պուտինն իմացել են ձայնագրության մասին ավելի վաղ. Սենսացիոն վարկած

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով կայցելի Հայաստան, ամսաթիվը դեռ հայտնի չէ, գրում է «Իզվեստիա» թերթը։ «Ժամկետները կհստակեցվեն», ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այդ այցի ժամկետների վերաբերյալ հարցին։

Օրեր առաջ Մոսկվայում կայացած ՌԴ վարչապետ Պուտինի ու ՀՀ վարչապետ Փաշինյանի բանակցություններից հետո սա պաշտոնական Մոսկվայից առաջին արձագանքը կարելի է համարել: Մինչև Պուտինի՝ Հայաստան գալը, ինչպես ասում են, դեռ շատ ջրեր կհոսեն, դեռ շատ խնդիրներ լուծման կարիք ունեն, հետևաբար հարցը՝ ինչ մթնոլորտում կգա Հայաստան Պուտինը՝ ժամանակի հարց է: Բայց միանշանակ է, որ այդ կդառնա Փաշինյանի իշխանության հիմնական խաղաթուղթը՝ իշխանության ամրացման հարցում:

Մինչ Պուտինի այցի հստակեցումը՝ Ռուսաստանից դեռ հնչում են ինտրիգային հայտարարություններ: Նույնիսկ կասկած չունեմ, որ գործարարներն առայժմ ձեռնպահ կմնան ՀՀ-ում նոր ներդրումներ իրականացնելուց. Tert.am-ի հետ զրույցում այսել է ասաց քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը՝ ընդգծելով միջազգային որոշ ընկերությունների նկատմամբ եղած խոչընդոտները: «Նրանք դեռ կսպասեն՝ հասկանալու համար, թե ինչ է իրենից ներկայացնում այս պոպուլիստ, դեմագոգ ու կիսագրագետ մարդկանց կառավարությունը Հայաստանում»,- ասել է նա:

Միհրանյանը մատնանշել է, որ օրինակ Հարավկովկասյան երկաթուղում եղած չարաշահումերի մասին բարձրաձայնվեց: «Բայց սկզբից այլ գումար են ասում՝ 19 000 դոլարի հարկ չեն մուծել, հետո ասում են 60 մլն դոլարի: Գիտե՞ք ինչ՝ դրանք շատ տարբեր թվեր են, իհարկե եթե հնարավոր է ապացուցել, որ նման չարաշահումներ են արվել՝ բոլորին պետք է ձերբակալել, բանտարկել և այդ դրամները ձմեռներից վերցնել, բայց սա ոչ թե պետք է ամպագոռգոռ հայտարարություններ լինեն, այլ լինի լուրջ հետաքննություն, որը վերջանա ապացույցներով և արգումենտներով, ոչ թե հենց այնպես դատարկ-դատարկ, փողոցին հաճոյանալու համար ամպագոռգոռ հայտարարություններ անեն»,- ասել է նա:

Միհրանյանը որպես օրինակ բերել է ռուս գործարարների հետ վարչապետի հանդիպումը և նշեց, որ բավական քննադատական խոսքեր եղան: «Եղել են դժգոհություններ ռուս գործարարների կողմից, և անհանգստությունները եղել են ընդհանուր, և երբ ասվել է սևեր ու սպիտակներ, այդպիսի հարց էլ է եղել, որ եթե բաժանում եք սևերի ու սպիտակների, դուք ինչպիսի՞ ակնկալիքներ ունեք, որ մարդիկ պետք է գան ներդրումներ անեն, և հանկարծ կարող է վաղն ասեն՝ դուք սպիտակներից չեք, սևերից եք», հավելել է նա:

Բացի դրանից, Միհրանյանը նկատել է, որ գործարար Ռուբեն Վարդանյանը հիմնավոր է ասել, որ եթե փակում եք պետական և մասնավոր կառույցները, գոնե մասնավորի հետ խորհրդակցեք. «Սա ինքնիրավչություն է, ոչ թե դեմոկրատական ձևով հարցերը լուծելու տարբերակ: Մի խոսքով՝ տպավորություն էր, որ նա ամեն ինչի նկատմամբ ուներ հետաքրքրություն, բայց հետարքրքությունը կորցնում էր, երբ խոսում էին տնտեսական հարցերի մասին, ներդրումների մասին»,- ասաց նա՝ հավելելով, որ չորս ամիս անցել է, բայց այս կառավարությունը նույնիսկ փորձ չի արել ձևակերպելու, թե ինչպիսի տնտեսական ծրագիր են պատրաստել։



Իսկ ռուսաստանյան Lenta.ru-ում հրապարակված ծավալուն հոդվածում եկել են այն եզրահանգման, որ Պուտին-Փաշինյանը հանդիպումը թույլ է տվել բթացնել սուր խնդիրները, բայց ոչ լուծել, փոխանցում է aravot.am-ը: Ժամացույցները ստուգեցին, բայց ըստ հոդվածագրի՝ «Ժամացույցների հետ կապված ակնհայտորեն մի բան այն չէր, շարունակում է Բաբայանը: Հայաստանում հարուցված Մարտի 1-ի գործով անցնում են երկրի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, որոնք հայրենիքում մեղադրվում են սահմանադրական կարգի տապալման մեջ և կարող են դատապարտվել մինչև 15 տարվա ազատազրկման: Բնականաբար, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ձերբակալությունը անհարմարություններ առաջացրեց կազմակերպության ներսում: Դրա արձագանքը եղան ԶԼՄ-ներում Հայաստանի և Ռուսաստանի դիվանագետների փոխադարձ պատասխանները, իսկ ԶԼՄ-ները հաղորդում էին, որ սպառնալիքի տակ են հայտնվել հայ-ռուսական ռազմական պայմանագրերը: Օրակարգում դրված էր Խաչատուրովի լիազորությունները դադարեցնելու և Հայաստանից նոր ներկայացուցիչ նշանակելու հարցը: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այդ ժամանակ հայտարարեց, որ հայկական կողմի գործողությունները հակասում են իրենց նախորդներին չհետապնդելու խոստումներին: Տարօրինակ զուգադիպությամբ այդ հայտարարությունից հետո Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց. վերաքննիչ դատարանը փոխեց խափանման միջոցը: Իսկ որպեսզի հայ գործընկերները չկասկածեն այդ որոշման իրավացիության մեջ, Վլադիմիր Պուտինն անձամբ ջերմորեն շնորհավորեց Քոչարյանին ծննդյան օրվա կապակցությամբ: Մի խոսքով՝ Հայաստանի իշխանությունների ակտիվությունը Մարտի 1-ի գործով բախվեց Ռուսաստանի քաղաքական և դիվանագիտական դիմադրությանը»:

Գալով այդ գործով անցնող երրորդ անձին՝ Հայաստանի նախկին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին, որը գտնվում է Ռուսաստանում, և Մոսկվան հրաժարվում է նրան արտահանձնել, հեղինակը գրում է, Հարությունյանի դեմ միջազգային հետախուզում է սկսել, սակայն Ռուսաստանի տարածքում այդ հայցը չեղարկվել է, քանի որ հետախուզվողը 2002թ-ից ունի ՌԴ քաղաքացիություն: «Թե ինչպես է ՌԴ քաղաքացին 2008թ. զբաղեցրել Հայաստանի Պնախարարի պաշտոնը, մեծ առեղծված է, և դա արդեն կարևոր չէ: Կարևորն այն է, որ այդ աղմկոտ գործով անցնող երեք անձանցից մեկը պաշտպանություն է ստացել ՌԴ-ում՝ խուսափելով նոր իշխանությունների հետապնդումներից: Այն իշխանությունների, որոնք երդվել էին բացահայտել Մարտի 1-ի գործը և պատասխանատվության ենթարկել մեղադրյալներին, գրում է լրագրողը:

Ըստ հոդվածագրի՝ լարվածությունը սրվեց Հայաստանի երկու ուժայինների՝ ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանի և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի խոսակցության ձայնագրությունը, որում նրանք քննարկում են Քոչարյան-Խաչատուրով-Հարությունյան եռյակի դեմ հարուցված քրեական գործի մանրամասները: Ձայնագրության մեջ լսվում է, որ Վանեցյանը պատմում է Քոչարյանի գործով դատավորի հետ զրույցի մասին: Նա դատավորի անունը չի հիշում, բայց նշում է, որ նրան հանձնարարել է Քոչարյանին կալանավորելու որոշում տալ: Բացի այդ, Վանեցյանը խոսում է Յուրի Խաչատուրովի մասին: Սկզբում նա խորհուրդ է տալիս նրան ձեռք չտալ. «ՕԴԿԲ շեֆն ա, արա, հազիվ եմ ռուսների հետ բարիշել… խայտառակ կլինենք»:

Ապա հոդվածագիրը նշում է. «Միամտություն է կարծել, որ Փաշինյան-Պուտին հանդիպումից երեք օր առաջ պետության առաջին դեմքերը չեն իմացել այդ ձայնագրության մասին: Ավելին, ամենայն հավանականությամբ հենց դրան է նվիրված եղել Փաշինյանի այցը Մոսկվա: Իսկ թե ինչ պատասխան է տվել դրան Փաշինյանը, դա միայն ինքը գիտի, մեկ էլ՝ Պուտինը: Այս ամենից հետո խոսել որ հայ-ռուսական հարաբերությունները «հիանալի» են և այդտեղ «ոչ մի խնդիր չկա», մեղմ ասած, խորամանկություն է:


Չնայած, Փաշինյանը Պուտինի հետ իր հանդիպմանն ընդգծեց «մեր անձնական հարաբերությունների առանձնահատուկ բնույթը», որը ձևավորվել է «չնայած այն հոռետեսությանը, որ այսօր առկա է հայկական և ռուսական մամուլում»: Այստեղ ՀՀ վարչապետը դիվանագիտորեն մոռանում է նշել, որ մամուլում այդ հոռետեսությունը Մոսկվայի պաշտոնական արձագանքն է ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձություններին»:

Կայքը, այսպիսով հավելում է, որ իրականում ամեն ինչ այնքան էլ ուրախալի չէ, որքան փորձում է ներկայացնել Փաշինյանը: Եվ ոչ էլ այնքան տխուր, որքան կարող է թվալ. «Ակնհայտ է, որ երկու ղեկավարների հանդիպումն անցել է բավականաչափ լավ, որպեսզի Փաշինյանը տարածություն ունենա մանևրելու և կարողանա ամեն ինչ ներկայացնել պաստելային երանգներով»:

Բայցև հոդվածագիրը նշում է, որ ակնհայտորեն, որոշակի փոխըմբռնման կողմերը հասել են: Դա հնարավոր է եղել անել երկու միջոցով՝ կամ Փաշինյանը համոզել է Պուտինին, որ Հայաստանի ներքաղաքական հարցերը որևէ սպառնալիք չեն ներկայացնում ՌԴ առանցքային շահերի համար, կամ Փաշինյանը որոշակի զիջումների է գնացել: «Նախ, որովհետև առաջին տարբերակի իրականացման համար միանգամայն հնարավոր էր շրջանցել դիվանագիտական ստանդարտ խողովակները: Դրա համար առանձնապես կարիք չկար կազմակերպել պետության ղեկավարների հանդիպում: Երկրորդ, կողմերը պայմանավորվել են, որ Հայաստանը կմասնակցի ՌԴ-ի հետ Սիրիայում իրականացվելիք մարդասիրական առաքելությանը՝ առանց ռազմական բաղադրիչի և սեփական դրոշի ներքո: Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ դա համատեղ որոշում է, Հայաստանը նման որոշման հանգել է՝ ելնելով այն փաստից, որ Սիրիայում հայկական մեծ համայնք կա»:

Կա կարծիք, որ Փաշինյանի «փափկությունը» դրսևորվել է նաև այլ հարցերում: Հանդիպումից հետո նա պատմեց, որ երաշխավորել է ռուս մասնագետների մուտքը Հայաստանում գործող բիոլաբորատորիաներ, որոնք բացվել են ԱՄՆ ֆինանսավորմամբ: «Ամենայն հավանականությամբ, Փաշինյանը զիջումների է գնացել նաև այլ ճակատներով: Հայաստանի վարչապետը քաղաքական առումով այժմ շատ խոցելի վիճակում է: Դրա պատճառը նույնպես ներքաղաքական գործընթացներն են: Ունենալով Հայաստանի համար աննախադեպ ժողովրդական աջակցություն՝ Փաշինյանը պետք է փորձի ամեն գնով դա պահպանել մինչև գալիք խորհրդարանական ընտրությունները: Նա խոստացել է, որ պատգամավորների ընտրությունները տեղի կունենան ոչ ուշ, քան 2019թ. գարնանը, իսկ պատգամավորներն էլ կընտրեն վարչապետ: Հաղթելու համար Փաշինյանը պետք է համախմբի Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը, իսկ դա հնարավոր է միայն ժողովրդի լիարժեք աջակցության պարագայում:

Փաշինյանի ցուցադրական ուրախությունը բացատրվում է ոչ միայն երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակով, այլև հայկական իրողության մեջ ավանդական ռուսական գործոնով, գրում է կայքը՝ հիշեցնելով, որ տարեվերջին լրանում է ռուսական գազի մատակարարման մասին գործող պայմանագիրը. երկիրը գազ ստանում է 150 դոլարով (1000 խոր. մետրը), դա «Գազպրոմի» ամենաէժան սակագինն է: Նոյեմբերին կսկսվեն այդ համաձայնագրի շուրջ հայ-ռուսական բանակցություններ, և Երևանը հույս ունի, ավելի կնվազեցնի գինը: Ցավոտ հարց է նաև Երևանի և Մոսկվայի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը: Երկու երկրների միջև անհարթությունների ֆոնին տեղեկություններ են տարածվում այդ ոլորտի պայմանագրերը վերանայելու մասին: Իսկ Հայաստանի համար դա ցանկալի չէ»:

Իսկ թե որտեղ է Փաշինյանը զիջել և կոնկրետ ինչ մասով է Մոսկվան համաձայնել, հայտնի կդառնա առաջիկայում, կարծում է հոդվածագիրը. «Հնարավոր է՝ «Ռոբերտ Քոչարյանը, պարզվի, անմեղ է, իսկ «Գազպրոմը» կարող է Հայաստանին գազ վաճառել 140 դոլարով: Երկու ղեկավարների հանդիպումը թույլ է տվել որոշակի փոխզիջման գալ, բայց հարցը ժամկետների մեջ է: Չէ՞ որ ինչպես իրավացիորեն նկատել է քաղաքագիտության դասական Քեննեթ Ուոլցը. «Արտաքին քաղաքականությունը ներքինի շարունակությունն է», իսկ ներքին քաղաքականությունը Փաշինյանը գլխիվայր է շրջել, և դա չի կարող չազդել նախկին դաշնակիցների հետ հարաբերությունների վրա: Դրանք նույնպես հարկ կլինի կարգավորել»:

Մետաքսյա Շալունց

http://hayeli.am/article/1114608


loading...

Փակել