loading...

Փաշինյան-ՀՅԴ՝ ընդդեմ Ծառուկյանի



Դիտումներ ` 592
Փաշինյան-ՀՅԴ՝ ընդդեմ Ծառուկյանի

Հուլիսի 24-ի երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել էր Հայ մարմնակրթական ընդհանուր միության 100-ամյակի հանդիսությանը, որն անցկացվել էր Երևանում: Առաջին հայացքից արարողակարգային այդ մասնակցությունը իրականում իր մեջ պարունակում է բավականին ուշագրավ քաղաքական ենթատեքստ, հատկապես հաշվի առնելով այն, թե ինչ էր տեղի ունեցել դրանից մի քանի ժամ առաջ Ազգային ժողովում՝ Ընտրական օրենսգրքի նախագծի մշակման վերաբերյալ խորհրդարանական քննարկումների ընթացքում: ՀՄԸՄ-ն անկասկած համազգային նշանակության կառույց է, որն այդուհանդերձ գտնվում է Դաշնակցության ենթակայության տակ, ՀՅԴ կառուցվածքային օղակներից է:

Այդ իմաստով, Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը մի կողմից հասկանալի լինելով զուտ պաշտոնի բերումով՝ ՀՄԸՄ համահայկական նշանակության հետ համադրումով, մյուս կողմից՝ իր մեջ, անշուշտ, պարունակում էր վերաբերմունք ՀՅԴ-ի հանդեպ, և ինչ-որ իմաստով աջակցություն ՀՅԴ-ին:

 



Իսկ հետաքրքիրն այն էր, որ դրանից մի քանի ժամ առաջ ՀՅԴ-ն Ընտրական օրենսգրքի խորհրդարանական քննարկումներում, ավելի շուտ դրա նախագծի մշակման վերաբերյալ քննարկումներում, բավական բուռն բանավեճ էր ունեցել «Ծառուկյան» դաշինքի կամ ԲՀԿ-ի հետ ընտրական գործընթացների և բարեգործության շուրջ՝ պահանջելով ընտրական գործընթացներում ուղղակի արգելել որևէ բարեգործություն քաղաքական նպատակներով չշահարկելու համար:

ԲՀԿ-ն, բնականաբար, դեմ էր հանդես եկել դրան, ինչը ևս հասկանալի է՝ բարեգործությունն այդ կուսակցության, ըստ էության, առանցքային «քաղաքական պլատֆորմն» է: Ահա այդ ֆոնին առավել ուշագրավ է դառնում Նիկոլ Փաշինյանի, ըստ էության, կամա թե ակամա, քաջալերող մասնակցությունը ՀՅԴ կառույցներից մեկի հոբելյանին: Բանն այն է, որ այդ իմաստով պատկերը բավականին համահունչ է նաև ներքաղաքական շահերի համայնապատկերին, որ առկա է Հայաստանում թավշյա հեղափոխության ներկայիս փուլում, և խորհրդարանի արտահերթ ընտրության հեռանկարում: Այստեղ Նիկոլ Փաշինյանի առանցքային մրցակիցը ԲՀԿ-ն է, իհարկե ամենևին ոչ նույն քաշային կատեգորիայում, սակայն ԲՀԿ-ն, որը սպասում է իր ժամին:

 


Իրատեսական է այդ սպասումը, թե ոչ, այլ հարց է, սակայն, ըստ էության, այլ լուրջ մրցակից Նիկոլ Փաշինյանը չունի: Ըստ այդմ, նա բնականաբար պատրաստ է աջակցել որևէ ուժի, որը նրան կաջակցի կամ պատրաստակամ կլինի աջակցել գլխավոր մրցակցի դեմ պայքարում: Առավել ևս, որ Դաշնակցությունն այդ իմաստով թերևս ամենահարմար ուժն է այդ խնդիրները լուծելու համար, որովհետև, լինելով ըստ էության ամենագաղափարականն ու քաղաքականը համեմատության մեջ, միաժամանակ նաև ամենաանօգնականն է ընտրական գործընթացում, և 1998-ից հետո, ըստ էության, մշտապես կախված է իշխանությունների աջակցությունից: Մյուս կողմից, սակայն, իրավիճակն այնպիսին է, որ իշխանություններն էլ մշտապես ունեն ՀՅԴ-ի աջակցության կարիքը Սփյուռքի մասով, և այստեղ Նիկոլ Փաշինյանն ամենևին բացառություն չէ: Իհարկե նրա համար Սփյուռքի անհրաժեշտությունն այն չէ, ինչ Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի համար, այսինքն՝ փոխարինել ներքին լեգիտիմության բացակայությունը:

Փաշինյանն ունի թե՛ ներքին, թե՛ Սփյուռքում մեծ լեգիտիմություն: Բայց չունի ենթակառուցվածքներ, որոնք թույլ կտան այդ լեգիտիմությունը կապիտալիզացնել ու վերածել քաղաքական արդյունքի թե՛ Հայաստանին առնչվող նախաձեռնությունների առումով, ինչի կարիքը չափազանց մեծ է հատկապես տնտեսական իմաստով, թե՛ Հայաստանի արտաքին քաղաքականության առումով, որտեղ ևս Փաշինյանի նոր, դեռևս չձևավորված թիմի համար բավականին մեծ է արդեն ձևավորված դաշնակցական ռեսուրսների կարևորությունը:


loading...

Փակել