Մեր զրուցակիցն է քաղաքագետ Լևոն Շիրինյանը
Պարոն Շիրինյան, Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում հայտարարել է, որ Ադրբեջանը Հայաստանում հեղափոխությունից հետո ավելի ագրեսիվ է դարձել, և դա ագրեսիվություն է ոչ միայն Հայաստանի, այլև ժողովրդավարության դեմ։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, և այդ ագրեսիվ տրամադրությունները հնարավո՞ր է ավելի սրվեն Ադրբեջանում ներքաղաքական զարգացումների ֆոնին։
Եթե ընդունում ենք, որ դա ժողովրդավարության դեմ է ուղղված, ապա Փաշինյանը բացարձակ ճիշտ է։ Ավելացնենք նաև, որ դա նաև արևմտյան քաղաքակրթության դեմ է ուղղված, քանի որ արևմտյան քաղաքակրթությունը քրիստոնեության վրա է առաջացել։ Այսինքն՝ Փաշինյանի հարցադրումը չափազանց ճիշտ է, բայց կարելի է լրացնել ու դա պետք է տեսնեն եվրոպական տերությունները։ Երկրորդ՝ Բաքուն ոչ միայն մեր հեղափոխության ազդեցության տակ նման ագրեսիվություն կունենա, այլև իր ներքին իրավիճակով է դա պայմանավորված։
Ադրբեջանը միայն ադրբեջանցիներից չի բաղկացած, այլ բաղկացած է ճնշված բազմաթիվ ժողովուրդներից՝ թալիշներ, լեզգիներ և այլն։ Բնականաբար, այս ժողովուրդները հայկական թավշյա, անարյուն հեղափոխության ազդեցության տակ կփորձեն ձերբազատվել թյուրքական տարրից և ազատություն ստանալ։ Սա խորքային գործընթաց է, որում ես կասկածներ չունեմ։ Երրորդ գործոնը նավթի գների անկումն է, և այստեղ սեփական երկիրը կողոպտելու հնարավորության սահմանափակումը սրում է ներկլանային պայքարը Ադրբեջանում։ Այնպես որ, բոլոր գործոնները հաշվի առնելով գործընթացը, կգնա բացասական միտումներով, մյուս կողմից սա չի կարելի միանշանակ բացասական գնահատել, որովհետև սա Ադրբեջանի փոքրամասնություն կազմող ժողովուրդների ազատության ճանապարհն է, նաև հայկական պետականությունների հանգիստ ապրելու պայմանը։ Ժամանակի ընթացքում Ադրբեջանը պետք է ոչնչացվի։
Իսկ հնարավո՞ր է, որ Ադրբեջանում ներքաղաքական լարվածության ֆոնին, վիճակը լարվի նաև սահմանին։
Այո, կլարվի, բայց ոչ ամբողջությամբ, որովհետև իր դիմաց այլևս չկա ողորմելի Սերժ Սարգսյանն իր գեներալներով, մանվելներով։ Երկրորդ՝ պարզ է, որ թավշյա հեղափոխությունից հետո մեր աչքի առջև Հայաստանն ունի աշխարհի համակրանքը, ինչը երևաց նաև Բրյուսելում։ Երրորդ, մենք այլևս չունենք բանակը կողոպտողների բազմություն։ Այնպես որ, Ալիևը թող փորձի իր բախտը։ Մյուս կողմից, բանտերից ազատվում են արցախյան հերոսամարտի հերոսները՝ Ժիրայր Սեֆիլյանն ու «Սասնա ծռերը»։ Այնպես որ, թող բախտները փորձեն և արժանին կստանան, եթե համը հանեն։
Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը։
Նորմալ։ Սա սիրախաղ է, բայց Արցախը պետք է լինի բանակցող կողմ։ Ստեփանակերտում իր առաջին այցի ժամանակ վարչապետն ասաց այդ մասին, որ կոնֆլիկտի իրական կողմը ոչ թե Հայաստանն է, այլ Արցախն է։ Այս քաղաքականությունն ադրբեջանական և ռուսական բլեֆի մահն է։ Ռուսները պահանջեցին այն ժամանակ Ռոբերտ Քոչարյանից, և նա էլ դուրս է դրել։ Հիմա Հայաստանը վերադառնում է բնականոն վիճակի, այսինքն՝ կոնֆլիկտը Արցախի և Ադրբեջանի միջև, իսկ Հայաստանը օգնող և երաշխավորող է եղել։
Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը որքանո՞վ է հնարավորություն ստացել ուղղած ողնաշարով ներկայանալ միջազգային հարթակում։ Երեկվա հանդիպումները դրա վկայությո՞ւնն էին։
Այո, միանշանակ այդպես է։ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո Հայաստանի դիրքորոշումն ավելի ճշգրիտ կդառնա, ավելի հետևողական, բացառապես ազգային շահերից բխող, և նոր արտգործնախարարը հարկադրված կլինի արտգործնախարարությունը ռոբերտասերժական կադրերից ռադ անելու։ Այդ ժամանակ երկրի պոտենցիալն անչափ կմեծանա և բացառապես պրոֆեսիոնալներ պետք է լինեն դիվանագիտական ծառայության աշխատակիցները, բայց իրական որակ ունեցողներ լինեն։ Մենք պետք է ենթադրենք, որ պետք է ունենանք նոր պետականություն, որը կունենա իր իսկական ԱԺ-ն և կառավարությունը, որն առայժմ չունենք, և սա ավգյան ախոռները մաքրելու հարկադրանք կառաջացնի։ Ապագաղութացումն էլ կունենա փայլուն արդյունքներ։ Ռուսներն էլ հարկադրված կլինեն մեր դաշնակցային հարաբերություններն ընդունել այնպես, ինչպես կա, ընդունել բացառապես որպես ստրատեգիական գործընկեր, իսկ Արևմուտքի համակրանքը, անշուշտ, շատ ավելի կլավանա։