Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ավագ քննիչ Արտյոմ Համզոյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի /ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ/ հատկանիշով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է հունիսի 21-ին Երևանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի փաստով, ինչի հետևանքով 1 հոգի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էր, 2 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։ Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ մահացածը Երևան քաղաքի Արհեստավորների փողոցի բնակիչ՝ 61-ամյա Լևոն Մաիլյանն էր, իսկ հիվանդանոց էին տեղափոխվել նրա որդին՝ նույն հասցեի բնակիչ, «Զոլոտոյ Դյուկ» տաքսի ծառայության փականագործ, 38-ամյա Կարեն Մաիլյանն ու վերջինիս տղան՝ նույն հասցեի բնակիչ, Երևանի թիվ 14 դպրոցի 6-րդ դասարանի աշակերտ, 13-ամյա Հայկ Մաիլյանը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ ավտոմեքենան վարել է Կ. Մաիլյանը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 21-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:15-ի սահմաններում Գարեգին Հովսեփյան փողոցում՝ Հանրային հեռուստաընկերության մոտ, Mercedes մակնիշի 34 PQ 349 համարանիշի ավտոմեքենան բախվել էր էլեկտրասյանն ու պատին:
Վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել էին հիվանդանոցներ, սակայն նրանցից մեկը ճանապարհին մահացել էր:
Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի աշխատակիցները: Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները՝ 2 մարտական հաշվարկով: Հրշեջ-փրկարարները քաղաքացիների հետ համատեղ վիրավորներին դուրս էին բերել ավտոմեքենայից, հոսանքազրկել այն, փակել գազի բալոնի փականը: Տեղում օպերատիվորեն աշխատել էին նաև Երևանի 1-03 շտապօգնության բրիգադները, ովքեր առաջին անհրաժեշության օգնություն էին ցուցաբերել վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը: