Այսօր՝ հունիսի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 05։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի Նոր Ավան գյուղի վարչական տարածքում ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրվելով՝ հայտնվել դաշտի մեջ, իսկ ավտոմեքենայից քիչ այն կողմ դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով և ոստիկանության Սիսանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։
Դեպք մասին Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արմեն Կավեյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հունիսի 25-ին, ժամը 21։00-ից մինչև հունիսի 26-ից ժամը 05։00-ն ընկած ժամանակահատվածում Սիսիան քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Հակոբ Վարդանյանը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 221.5 կմ հատվածում իր վարած Mercedes մակնիշի 80 TT 990 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում։ Վթարի հետևանքով վարորդ Հ. Վարդանյանը տեղում մահացել է։