loading...

Ուղեվարձը կթանկանա



Դիտումներ ` 811
Ուղեվարձը կթանկանա

Երևանի քաղաքապետարանում օրերս տեղի է ունեցել Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի համակարգի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի երկրորդ նիստը։ Հանդիպման շրջանակում քննարկվել են խորհրդատու կազմակերպության նախորդ հաշվետվության մասին մասնագիտական խմբի դիտարկումները, ինչպես նաև ներկայացվել են ավտոբուսային նոր երթուղային ցանցի, ինտեգրված սակագնի և տոմսային համակարգի մասին գնումների ընթացակարգերի վերաբերյալ առաջարկներ։ Խորհրդատու կազմակերպությունը որպես ուղենիշ դիտարկել է տեղական իրավական դաշտի առանձնահատկությունները, առկա ռեսուրսները, ինչպես նաև նախորդ հաշվետվությունների մասին մասնագիտական խմբի դիտարկումները։

 

Թե ինչ բարեփոխումներ են սպասվում Երևանի հասարակական տրանսպորտի համակարգում, և բրիտանական այդ խորհրդատու կազմակերպությունը ինչ առաջնահերթություններ է սահմանել, փորձեցինք պարզել մասնագիտական աշխատանքային հանձնաժողովի անդամ, «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանից։

Վերջինս «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ քննարկումները դեռևս խիստ նախնական փուլում են, և ներկայիս դրությամբ քննարկվում է միայն այն հարցը, թե միջազգային որ մոդելն է լավագույնս համապատասխանում Երևանին։

«Կա միջազգային խորհրդատու, որը տարբեր առաջարկներ է անում։ Միակ բանը, որ այս պահի դրությամբ կարող ենք ասել, այն է, որ տարիներ շարունակ մենք բարձրաձայնում էինք, որ երթուղային գծերը նորմայից մի քանի անգամ ավել են, ցանցը լավը չի, ուռճացված է, գծերը, շարժակազմը պետք է վերանայել։ Իսկ հիմա տրանսպորտային համակարգում առկա այս խնդիրների մասին փաստում է նաև այս միջազգային ընկերությունը։

Մնացած աշխատանքների մասով քննարկումները խիստ նախնական են, բայց կարծում եմ, որ այս նախնական փուլից շատ արագ կանցնենք նաև մյուս փուլեր, այսինքն՝ ավելի ինտենսիվ կսկսենք աշխատել»,- ընդգծեց Բաբկեն Պիպոյանը։

 

Նրա հավաստմամբ՝ քննարկվում են ինչպես հետխորհրդային մայրաքաղաքների, այնպես էլ եվրոպական մի շարք երկրներում առկա փորձն ու մոդելները։

«Երթևեկության ճիշտ և հարմարավետ կազմակերպման համար այդ ամենից պետք է ծաղկաքաղ անել և տեղայնացնել այն մոդելը, որն առավել նպատակահարմար է Երևանի համար»,- ասաց Պիպոյանը։

Նա դեռևս չի շտապում պատասխանել այն հարցին, թե արդյոք սրա հետևանքով չի՞ թանկանա երթևեկության սակագինը. նման հարց նիստի ընթացքում չի քննարկվել։ Ըստ մեր զրուցակցի՝ սակագնի թանկացումը կախված կլինի այն հանգամանքից, թե որպես առաջնահերթություն՝ միջազգային ի՞նչ չափորոշիչներ են սահմանվելու տրանսպորտային համակարգի համար։

«Սակագինը ձևավորվելու է միջազգային չափորոշիչներով և ուևորահոսքով պայմանավորված, այսինքն՝ եթե դեռ չափորոշիչ չենք սահմանել, հետևաբար չենք կարող նաև ասել, թե գնային ինչ էֆեկտ այն կունենա։ Օրինակ՝ պայմանական եմ ասում, որ եթե որոշենք, որ այսուհետ Երևան քաղաքում շահագործվելու են «Մերսեդես» մակնիշի ժամանակակից ավտոբուսներ՝ օդորակիչներով և այլ հարմարություններով, ապա հասկանալի է, որ գինը կարող է թանկանալ կամ նույնը պահպանվել, իսկ եթե որպես չափորոշիչ ենք սահմանում այն, որ աշխարհում ինչքան հին ու մաշված ավտոբուս կա, բերում ենք Հայաստան ու դրանցով ենք երթևեկում, ապա, բնականաբար, այդ դեպքում կունենանք գնանկում, այսինքն՝ ուղեվարձը ուղիղ համեմատական է այն չափորոշիչներին, որոնցով որոշելու ենք հանրային տրանսպորտ շահագործել»,- շեշտեց ՀԿ նախագահն ու միևնույն ժամանակ հավելեց. «Որևէ իրական չափորոշիչ օրակարգում դեռևս չկա, դրանք քննարկվում են և դրանց սահմանման հարցում անպայման պետք է լինեն նաև հանրային լսումներ։ Մենք պետք է հասարակությանը հստակ չափորոշիչներ առաջարկենք, տեսնենք, թե ընդհանրապես արդյոք մարդիկ կարո՞ղ են վճարել դրա դիմաց, և ըստ այդմ հասկանանք, թե դրանցից որի կողմնակիցներն են ուղևորները, և դա որպես ուղենիշ ընտրենք։ Դրանից հետո նոր միայն հնարավոր կլինի պարզաբանել՝ սակագինը պահպանվո՞ւմ, թե՞ աճում կամ նվազում է»։

Մանրամասները սկզբնաղբյուրում՝

http://www.privet.am/?p=30944

 


loading...

Փակել