loading...

Ուշագրավ պատկեր արտահերթ ընտրությանն ընդառաջ



Դիտումներ ` 987
Ուշագրավ պատկեր արտահերթ ընտրությանն ընդառաջ

«GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ ԷՄ ՓԻ ՋԻ ՍՊԸ-ն ներկայացրել է սոցհարցում արտահերթ ընտրության վերաբերյալ, ըստ որի հանրության 90 տոկոսից ավելին ողջունում է արտահերթ ընտրությունը: Առավել հետաքրքիր պատկեր է արդեն անվանական կուսակցական ընտրության մասով:

Հարցվածների 75 տոկոսը ասել է, որ եթե ընտրությունը լինի առաջիկա կիրակի, ապա ձայնը կտան «Ելք» դաշինքին: Այստեղ թերևս հարկ է արձանագրել, որ տողատակում անկասկած Նիկոլ Փաշինյանն է, պարզապես նա քաղաքական միավորի մասով առայժմ գոնե ասոցացվում է «Ելք» դաշինքի հետ, և ըստ այդմ՝ հանրությունը «քվեարկում» է այդպիսի անվանումով: Եթե Նիկոլ Փաշինյանը արտահերթ ընտրությանը տարբերակվի «Ելք»-ից, ապա կասկած չկա գրեթե, որ ընտրազանգվածը կկողմնորոշվի դեպի Նիկոլ Փաշինյանի ներկայացրած որևէ միավոր կամ դաշինք, գրեթե նույն տոկոսով:

Ուշագրավ է, որ հարցման արյունքներով՝ մյուս բոլոր ուժերից 5 տոկոսը հաղթահարում է միայն «Ծառուկյան» դաշինքը կամ ԲՀԿ-ն՝ 5.3 տոկոս: Որևէ այլ ուժ, ըստ հարցման, չի անցնում խորհրդարան: Առայժմ հրապարակված տվյալները միակն են, այլ սոցհարցումներ առ այսօր հրապարակված չեն, թեև գուցե առաջիկայում կգա «սոցիոլոգիայի» ժամանակը: Ընդ որում՝ դժվար է ասել՝ նոր Հայաստանում կնորոգվի՞ նաև սոցիոլոգիան, թե՞ ոչ: Այդուհանդերձ, անկախ սոցհարցումների վերաբերյալ հանրային վստահության աստիճանից, դրանք այս կամ այն կերպ դիտարկվում են քաղաքական գործընթացների ինդիկատորներ, ուրվագծում որոշակի միտումներ կամ տրամադրություններ:

 



Այս ամենով հանդերձ, որ Նիկոլ Փաշինյանը արտահերթ ընտրության դեպքում կստանար ճնշող մեծամասնություն, կասկած չկա, և սոցիոլոգիան այս դեպքում ցանկության պարագայում անգամ չի կարողանա խաբել կամ կտրվել իրականությունից: Փաստացի դա նշանակում է, որ Փաշինյանի շահերից է բխում արագ ընտրությունը, միևնույն ժամանակ այն չի բխում մյուս բոլոր ուժերի, անգամ հինգ տոկոսը միակը հաղթահարող «Ծառուկյան» դաշինքի շահերից, քանի որ ներկայումս խորհրդարանում մոտ 30 տոկոս ունեցող ուժի համար չի կարող շահեկան լինել 5 տոկոսը:

Ստացվում է, որ քաղաքական ամբողջ դաշտի շահերը հակասության մեջ են Նիկոլ Փաշինյանի շահերին: Չի բացառվում, որ անգամ «Ելք» դաշինքի նրա գործընկերների, որովհետև, եթե Փաշինյանը որոշի ընտրության գնալ առանց նրանց, ապա նրանք ևս կհայտնվեն խորհրդարանից դուրս:

Իսկ Փաշինյանի պարագայում հարց կառաջանա, թե ինչո՞ւ նա պետք է «կիսվի» «Ելք»-ի մյուս գործընկերների հետ իր քաղաքական ձեռքբերումներով:

Այդպիսով, ձևավորվում է մի տողատակային կոնֆիգուրացիա, երբ ընտրությունը բխում է Փաշինյանի շահերից, իսկ մյուսների շահերին հակառակ է: Սա, իհարկե, այն դեպքում, եթե ընտրությունը կատարվում է ազատ և արդար: Ըստ այդմ՝ գործնականում գրեթե անհավանական է թվում, որ ներկայիս խորհրդարանը որևէ կոնֆիգուրացիայով հավանության արժանացնի արտահերթ ընտրության որևէ նախաձեռնություն, համենայնդեպս տեսանելի ապագայում, քանի դեռ Նիկոլ Փաշինյանն ունի գերբարձր վարկանիշ: Այդ վարկաիշը նույն աստիճանի վրա պահելը լինելու է, իհարկե, բավականին դժվար, քանի որ ժամանակի ընթացքում բավականին աշխուժանալու է նրա դեմ հակաքարոզչությունը, միաժամանակ հանրության տարբեր շերտեր կսկսեն հիասթափվել շատ արագ սոցիալական արդյունքների բացակայությունից:

 


Իհարկե, դա ամենևին միարժեք չէ, քանի որ չի բացառվում, որ Փաշինյանը իր խաղաքարտերի տրցակում ուներ ոչ միայն թավշյա հեղափոխության փողոց-հրապարակային փուլի համար նախատեսված բազմաթիվ տարբերակներ ու կրեատիվ, այլ նաև թավշյա հեղափոխության ներկայիս՝ իշխանական բարդ փուլի համար՝ հաշվի առնելով այդ փուլի բոլոր մարտահրավերները, այդ թվում՝ նաև հանրային ակնկալիքների բարդությունը: Ըստ այդմ՝ որքան ակնառու է, որ արտահերթ ընտրության հարցում Նիկոլ Փաշինյանի և մնացյալ քաղաքական դաշտի շահերը հակադիր են՝ նոր վարչապետին պետք է հնարավորինս արագ ընտրություն, իսկ քաղաքական դաշտին պետք է հնարավորինս ժամանակ շահել ու սպասել նրա դիրքերի թուլացմանը, նույնքան էլ միարժեք չէ, որ արտահերթ ընտրության բացակայությունը կամ ուշացումը աներկբա բերելու է վարչապետի դիրքերի թուլացման:

Իհարկե, կա ռիսկը և վտանգը, բայց դա անխուսափելի, անվերապահ չէ: Որովհետև նոր վաչապետը ունի բավականին ուժեղ գործադիր իշխանություն, ընթացիկ քաղաքականություն վարելու և հանրային աջակցությունը պահպանելու համար, ու նրան խանգարելու համար պետք է գործադրել բավականին նկատելի ջանք: Իսկ այդ դեպքում նրան խանգարողները անկասկած նկատվելու են, հնարավոր չի լինելու խանգարել, այսպես ասած, «պարտիզանությամբ»: Ըստ այդմ՝ խանգարողները կամ նրան, այսպես ասած, անհրաժեշտության դեպքում չօգնող քաղաքական ուժերը ժամանակի իմաստով պակաս ռիսկային գոտում չեն, որքան Նիկոլ Փաշինյանը:

Ըստ այդմ՝ արտահերթ ընտրության հարցում հնարավորինս արագ, առանց քաղաքական մանրախնդրության կոնսենսուսի գալը բխում է նրանց շահերից, և կշահի նա, ով այդ հարցում կցուցաբերի քաղաքական լայն մտածողություն ու խորքային համարժեքություն, կուսակցական մանրախնդրության փոխարեն:

http://www.1in.am/2350948.html


loading...

Փակել