Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան երեկ գրառում է կատարել է ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ հայերը հզոր ազգ են. «Ժողովուրդը, որ ուժ ունի իր պատմության ամենաբարդ պահերին անգամ չպառակտվել և պահպանել հարգանքը միմյանց նկատմամբ, չնայած կտրուկ տարաձայնություններին, հզոր ժողովուրդ է: Հայաստա՛ն, Ռուսաստանը միշտ քեզ հետ է»:
Մարիա Զախարովան նաև ապրիլի 19-ին էր անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: «Մենք համոզված ենք, որ բարեկամական Հայաստանում իրադրությունը կկարգավորվի ժողովրդավարական ճանապարհով՝ իրավական դաշտում», ասել էր Զախարովան լրագրողների հետ ճեպազրույցում:
Երեկ նաև Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն է անդրադարձել հայաստանյան իրադարձություններին: Մոսկվան չի միջամտի Հայաստանում առկա հակամարտությանը, ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը: «Ինչո՞ւ Մոսկվան պետք է միջամտի: Աշխարհաքաղաքական դատողությունները տեղին չեն:
Դա բացառապես Հայաստանի ներքին գործն է»,-ասել է Պեսկովը՝ հավելելով. «Մենք շատ ուշադիր հետևում ենք Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները: Հայաստանը մեր մոտ դաշնակիցն է: Երկիր, որի հետ զարգանում են ամենասերտ հարաբերություններ, ԵՏՄ անդամ»:
Հարցին, թե կլինե՞ն ինչ-որ խորհրդակցություններ Երևանի և Մոսկվայի միջև, Պեսկովը պատասխանել է. «Կրեմլի մասով ես ոչինչ չեմ կարող ասել: Դուք գիտեք, որ վերջերս նախագահը շփումներ է ունեցել: Նախագահը շնորհավորել է գործընկերներին՝ ընտրվելու առթիվ»: Հարցին, թե արդյոք Գյումրիի ռուսական ռազմակայանում կարող է հատուկ ռեժիմ մտցվել, Պեսկովը խորհուրդ է տվել դիմել ՊՆ-ին:
Մինչև Սերժ Սարգսյանի հրաժարականը՝ ապրիլ 18-ին Պեսկովը խոսելով հայաստանյան իրադարձությունների մասին՝ նշում էր, թե Ռուսաստանը հույս ունի, որ իրավիճակը Հայաստանում կզարգանա օրենքի շրջանակում, պատասխանելով այն հարցին՝ հետևում է արդյոք Մոսկվան Երևանի իրադարձություններին:
Նա հիշեցրել էր, որ երեքշաբթի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանի՝ վարչապետ ընտրվելու կապակցությամբ, ավելի ուշ հեռախոսազրույց է ունեցել նրա հետ: «Մենք հետևում ենք՝ ինչ է տեղի ունենում Հայաստանում, և, գլխավորը, հույս ունենք, որ ամեն ինչ տեղի է ունեցել օրենքի շրջանակում»:
Վերջին օրերին Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ, իհարկե, կարելի է գնահատել զուսպ, հավասարակշռված:
Իհարկե, Նիկոլ Փաշինյանի շարժման առաջին օրերին ռուսաստանյան շրջանակներից հնչում էին ավանդական ջղաձգումներ այն մասին, թե Հայաստանում կատարվողը արևմտյան ուժերի աջակցությամբ տեղի ունեցող գործընթաց է, անգամ «մայդան» էին կոչում, ԱՄՆ դեսպանատանն էին ուղիղ մեղադրում՝ Հայաստանում «հեղափոխություն» իրականացնելու մեջ:
Այսօր, երբ Սերժ Սարգսյանն այլևս իր պաշտոնում չէ՝ Ռուսաստանի հիստերիան մարեց: Հետաքրքիր է՝ ինչու՞…
Մետաքսյա Շալունց