loading...

Ուշ, բայց դիպուկ հարված. Սարգսյանի կոշտ անակնկալը Հարությունյանին



Դիտումներ ` 1528
Ուշ, բայց դիպուկ հարված. Սարգսյանի կոշտ անակնկալը Հարությունյանին

Մարտի 5-ին խորհրդարանի պետաիրավական հարցերի հանձնաժողովում Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխության նախագծի քննարկմանը տեղի է ունեցել բախում հանձնաժողովի նոր նախագահ Գեւորգ Կոստանյանի եւ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի միջեւ: Առարկան եղել է անձի խափանման միջոցի հարցը:

Նախարարությունն առաջարկում է այն սահմանել կալանքը, եթե անձը մինչ այդ մի քանի անգամ խախտում է այսպես ասած ոչ կալանք խափանման միջոցների սահմանումը: Գեւորգ Կոստանյանը համարում է, որ դա մարդու իրավունքի ու եվրոպական կոնվենցիայի խախտում է, քանի որ նորամուծությունը փաստորեն կարող է առաջացնել խափանման միջոց կալանք, այն դեպքում, երբ այդ հանցանքի համար ազատազրկում նախատեսված չէ ընդհանրապես:

Գեւորգ Կոստանյանն ու Դավիթ Հարությունյանը կասկածի տակ են դրել միմյանց մասնագիտական կոմպետենտությունը: Կոստանյանը հայտարարել է, թե նախարարությունը այդ նախագծով հանձնաժողովին դրել է անհարմար դրության առաջ եւ հայտարարել, որ պետք է բացասական եզրակացություն տալ նախագծին՝ թող տանեն հետ եւ շտկեն: Հանձնաժողովը լսել է իր նոր նախագահին եւ արդարադատության նախարարությանն այդ հարցում դրել բացասական գնահատական:

Ինչպիսի հարված դասականից, կասեր թերեւս Մեծ Կոմբինատորը, հայտնվելով Դավիթ Հարությունյանի տեղում: Հարությունյանը լրագրողների առաջ հարվածն ընդունել է արժանապատվորեն, չկարողանալով իհարկե չխոստովանել, որ բացասական գնահատականը զարմացրել է իրեն:



Խնդիրը անշուշտ բացասական գնահատականը չէ: Դավիթ Հարությունյանի համար դա ամենեւին խնդիր չէ, բայց արդարադատության փորձառու նախարարը թերեւս լավ է պատկերացնում տեղի ունեցածի խորքային բնույթն ու հեռահարությունը:

Գեւորգ Կոստանյանն օրերս է նշանակվել պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, Հրայր Թովմասյանի փոխարեն, որը համարվում է կառավարման նոր մոդելի եւ Սահմանադրության «հայրը»: Թովմասյանը տեղափոխվեց ՍԴ եւ ասում են, որ դառնալու է Սահմանադրական դատարանի նախագահ: Սերժ Սարգսյանը միանգամայն համարժեք ու շռայլ գնահատեց նրա ջանքը եւ նրան փաստացի հեռացրեց ներիշխանական «մարտադաշտից», տալով արբիտրի կարգավիճակ:

Իսկ մարտադաշտը՝ այսինքն խորհրդարանի հանձնաժողովի եւ գործադիր կառույցի՝ նախարարության միջեւ պայքարի դաշտը հանձնվեց Գեւորգ Կոստանյանին, նախկին գլխավոր դատախազին: Կոստանյանը, որ իր նախկին պաշտոնում Սերժ Սարգսյանի համար արել էր կարեւորագույն մի բան՝ «իրավականորեն» հանգուցալուծել էր Գորիսի հայտնի ողբերգական միջադեպը Լիսկայի եւ Բուդաղյանների միջեւ, նոր պաշտոնում եւս կարծես թե արդարացրեց Սերժ Սարգսյանի ակնկալիքը՝ հուժկու հարված հասցնելով արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին:

Հարությունյանը Հայաստանի իշխող համակարգի «իրավական շտապ օգնությունն» էր, որը լուծել է իրավա-քաղաքական կարեւոր գործընթացներ տարբեր, թե տնտեսական, թե քաղաքական հարցերով: Դրա շնորհիվ երիտասարդ Դավիթ Հարությունյանը դեռեւս Ռոբերտ Քոչարյանի նախագահությունից քայլ առ քայլ հաստատվեց իշխանական համակարգում, ձեռք բերելով բավական ամուր դիրքեր: Գագաթնակետը եղավ թերեւս Մարտի 1-ից հետո ԵԽԽՎ-ում Հայաստանի իշխանության համար կրակը մարելն ու խնդիրը հմտորեն չեզոքացնելը, ինչը զգալիորեն ավելացրեց Դավիթ Հարությունյանի միավորները իշխող համակարգում:


Մյուս կողմից, սակայն, դա իհարկե խնդիր է Սերժ Սարգսյանի համար, ինչպես իշխող համակարգում լուրջ միավորներ կուտակած ցանկացած սուբյեկտ, որին իքս պահին Սերժ Սարգսյանը հմտորեն ցույց է տալիս «իր տեղը»:Ընդ որում, այդ համատեքստում անհրաժեշտ է նկատել, որ Դավիթ Հարությունյանն էր գործնականում այն միակ բարձրաստիճան ՀՀԿ-ականը, որը Սերժ Սարգսյանի վարչապետության վերաբերյալ արտահայտվել էր բավական չեզոք, ասելով, որ տվյալ պահին ըստ անհրաժեշտության կլինի որոշումը, իշխող կուսակցությունն ունի վարչապետության մի քանի թեկնածու, անփոխարինելիներ չկան:

Սարգսյանը փաստորեն կոմբինացված կերպով Դավիթ Հարությունյանին ցույց տվեց, որ անփոխարինելիներ չկան նաեւ իշխանության «իրավա-քաղաքական» շտապօգնության հարցում:Սարգսյանը այդ պատասխանը ձեւակերպելու հարցում հաշվարկեց Գեւորգ Կոստանյանի եռանդով, եւ հաշվարկը կարծես թե անվրեպ էր: Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նոր նախագահը մի կողմից ոգեւորված իր հասցեին խորհրդարանական ելույթների ահռելի պաթոսից, մյուս կողմից թերեւս բավական վրդովված Մարտի 1-ի թեմայի լսումների ընթացքում «անարդարացիորեն» հարվածի գլխավոր թիրախներից մեկը դառնալու հանգամանքից, ոգեւորության եւ զայրույթի համախառն ուժով հարվածեց Դավիթ Հարությունյանին, որը թերեւս բավական անհարմար պահի հայտնվեց Կոստանյանի ճանապարհին:

Ընդ որում, ուշագրավ է, որ բացասական գնահատելով Դավիթ Հարությունյանի նախագիծը, Կոստանյանը այն որակել էր նաեւ իբրեւ Եվրոպական կոնվենցիայի խախտում, ինչով Դավիթ Հարությունյանին հիշեցրին հայ-եվրոպական սկանդալը: ԵՄ դեսպան Սվիտալսկուն հայտնի չոր արձագանքից հետո Դավիթ Հարությունյանը բավական անհարմար դրության մեջ էր դրել ԵՄ հետ համաձայնագրի ստորագրման գնացող Սերժ Սարգսյանին, որին իրավիճակը հարթելու համար հարկ եղավ նույնիսկ մեկնել Բրյուսել:

http://www.lragir.am/index/arm/0/comments/view/171405


loading...

Փակել