loading...

Ում կթիրախավորի Ռոբերտ Քոչարյանը, և ինչ կանեն նրան. իքս ժամը



Դիտումներ ` 615
Ում կթիրախավորի Ռոբերտ Քոչարյանը, և ինչ կանեն նրան. իքս ժամը

Հատուկ քննչական ծառայության ղեկավարը հայտարարել է, որ կա Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը տեսագրելու որոշում, ինչը, սակայն, չի նշանակում, որ տեսագրությունը հրապարակվելու է: Այն կցվելու է քննության գործերին: Խոսքը Մարտի 1-ի գործի մասին է, որի շրջանակում այսօր կհարցաքննվի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Իսկ մինչ այդ քննչական խումբը մեղադրանք էր ներկայացրել այդ ժամանակ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին, որ նա բանակն օգտագործել է քաղաքական ներքին խնդիրներում և ըստ այդմ՝ կատարել սահմանադրական կարգը տապալելու փորձ: Հանրության զգալի մասը համոզված է, որ պաշտպանության նախարարը չէր կարող այդ բանն անել առանց գերագույն գլխավոր հրամանատարի: Ռոբերտ Քոչարյանն այդ կապակցությամբ հարցազրույցում ասել է, որ բանակի գործողությունների հարցում պաշտպանության նախարարը չունի անպայմանորեն գերագույն հրամանատարի հրահանգների կարիք, մասնավորապես չուներ դրա կարիքը Մարտի 1-ին այն քայլերի հարցում, որի համար նրան մեղադրանք է ներկայացվում:

Այդպիսով, Ռոբերտ Քոչարյանը փաստորեն պատասխանատվությունը թողնում է Միքայել Հարությունյանի վրա, որը, ինչպես հայտնի է, Հայաստանում չէ, և պարզ չէ՝ որտեղ է, ու կգա՞ Հայաստան, թե՞ ոչ: Միաժամանակ նրա հանդեպ դեռևս չի հայտարարված միջազգային հետախուզում:

Կլինի՞ դա Քոչարյանի հարցաքննությունից հետո, թե՞ ոչ:

 



Բայց ամենից շատ հետաքրքրող հարցը, իհարկե, այն է, թե հարցաքննությունից հետո ինչ կլինի Քոչարյանի հետ: Օրինակ՝ նրան կներգրավե՞ն գործում որպես կասկածյալ, կամ կկայացվի՞ Հայաստանից նրա հեռանալու արգելքի մասին որոշում: Կա, իհարկե, նախաքննության գաղտնիքի օրենսդրական պահանջը, և հարցաքննությունը այդ պահանջի բերումով հասանելի չի լինի լայն հանրությանը, թեև Հայաստանում ամենևին նորություն չէ արտահոսքերի պրակտիկան, և շատ ու շատ գործերով, այդ թվում՝ աղմկոտ, ընդհուպ Հոկտեմբերի 27-ի, մամուլ են արտահոսել նախաքննության նյութեր: Ըստ այդմ՝ հարցերից մեկն էլ այն է, թե կլինի՞ արտահոսք այս դեպքում, և արդյոք մամուլում կհայտնվե՞ն Ռոբերտ Քոչարյանի հարցաքննության տարբեր դրվագներ:

Տրամաբանությունը հուշում է, որ Քոչարյանը չի կարող լինել գործով հարցաքննվող միակ պաշտոնյան, որը բարձրաստիճան պաշտոն է զբաղեցրել Մարտի 1-ին: Ավելին, հարցաքննության ենթակա են թերևս բոլոր այն անձինք, որոնք այդ ժամանակաշրջանում ի պաշտոնե եղել են անվտանգության խորհրդի անդամ: Ավելին, անտրամաբանական կլինի թերևս, եթե չհարցաքննվեն նաև ընդդիմադիր գործիչներ՝ ներառյալ ընդդիմության առաջնորդ Տեր-Պետրոսյանը, որոնք կարող են ունենալ տեղեկատվություն, որը հարցեր կառաջացնի նույն պաշտոնյաների նկատմամբ: Թեև թվում է, որ այդ ժամանակ ընդդիմության դիրքերից ամբողջ տեղեկատվությունը թերևս հրապարակվել է, և դրանում ընդդիմությունը շահագրգռված էր իշխանությանը ներկայացվող մեղադրանքները ծանրակշիռ և հնչեղ դարձնելու համատեքստում:

Եվ այս իմաստով, իհարկե, հետաքրքիր է թերևս այլ հարց: Իսկ Ռոբերտ Քոչարյանը կարո՞ղ է տալ այնպիսի պատասխաններ, ասել այնպիսի բաներ, որոնք նախաքննության հարցեր կարող են առաջացնել ոչ միայն իշխանության այլ ներկայացուցիչների՝ ներառյալ Սերժ Սարգսյանի, այլ նաև ընդդիմության առաջնորդների նկատմամբ, այդ թվում՝ Լևոն Տեր-Պետրոսյանի:

 


Ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Մարտի 1-ի գործի քննության «իքս ժամն» է, որը գործնականում ազդարարելու է թե՛ քննության, թե՛ նաև ներքաղաքական կյանքի վրա գործի ազդեցության լիովին նոր փուլ: Նախորդ տասնամյակում Մարտի 1-ի գործն առանցքային ազդեցություն է ունեցել քաղաքական անցուդարձի վրա՝ թե՛ տեսանելի, թե՛ նաև ոչ առերևույթ, բայց բավականին նուրբ ենթաշերտերով: Եթե գործի քննությունը մտնում է իրապես անաչառության և բացահայտման քաղաքական կամքի փուլ, ապա դարձյալ անխուսափելի է ներքաղաքական ազդեցությունը, համենայնդեպս այնքան ժամանակ, քանի դեռ այդ իրադարձությունների այս կամ այն կարգավիճակով կամ դիրքերում բոլոր մասնակիցները շարունակում են լինել ներքաղաքական անցուդարձի հիմնական դերակատարները:

Իհարկե, տեղի է ունեցել դերակատարության ստատուս քվոյի ահռելի փոփոխություն, սակայն, միևնույն է, շրջանակը գործնականում նույնն է, հետևաբար գործի ընթացքի նոր փուլը ազդելու է այդ շրջանակում, թեկուզ նոր ստատուս քվոյում, դրա մասնակիցներից զգալի մասի վարքագծի վրա:


loading...

Փակել