loading...

Ում հետ են սեռական առաջին փորձն ունեցել մինչև 15 տարեկան հարցված տղաները. Նախարարի հայտարարությունները պետք չէ լուրջ ընդունել



Դիտումներ ` 710
Ում հետ են սեռական առաջին փորձն ունեցել մինչև 15 տարեկան հարցված տղաները. Նախարարի հայտարարությունները պետք չէ լուրջ ընդունել

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը թերևս վերջնականապես հաստատեց նախկին նախարար Արարատ Մկրտչյանի այն պնդումը, որ Ալթունյանի ասածներին պետք չէ լուրջ վերաբերվել։

Նախարարի վերջին աղմկոտ հայտարարությունը վերաբերում էր դեռահաս աղջիկների սեռական փորձին։ Նախարարը ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ուղիղ եթերում հայտարարել էր, որ Հայաստանում մինչև 15 տարեկան աղջիկների 25 տոկոսը ունի առաջին սեռական փորձ։ Ասուլիսից հետո, երբ այս վիճակագրությունը մեծ աղմուկ բարձրացրեց, դրան հաջորդեց նախարարության պարզաբանումը, թե նախարարը շփոթել է թվերը։

Իրականությունը, ըստ նախարարության, այն է, որ «Հայաստանի դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի 2013-2014թթ. ազգային հետազոտության» արդյունքների վերլուծությամբ՝ 15 տարեկան հարցված տղաների 21 տոկոսը և աղջիկների 1 տոկոսն անանուն հարցման ժամանակ նշել են, որ ունեցել են սեռական հարաբերություն: Նույն վիճակագրությունը, որը վարվել է 2010 թվականին, փաստում է, որ 15 տարեկան տղաների 45 տոկոսն է ասել՝ այո, սեռական հարաբերություն ունեցել եմ, իսկ աղջիկների` 2 տոկոսը։

Առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ նախարարության այս պարզաբանումն էլ չի փրկում Ալթունյանին, քանի որ նրա ասածից նույն բանն է ստացվում։ 15 տարեկան տղաները, որոնց իբր 21 տոկոսը ունի առաջին սեռական փորձ, հարաբերություն են ունենում հենց իրենց տարեկից զուգընկերների հետ։ «Էլ ո՞ւմ հետ պետք է հարաբերություն ունենա 15 տարեկան տղան, եթե ոչ՝ տարեկից զուգընկերոջ։ 



Իսկ եթե այդպես չէ, ապա պետք է նորից հստակ հետազոտություն կատարվի և պարզվի, թե ովքեր են այդ տղաների զուգընկերները։ Թե չէ նախարարի ասածները իրականությունից կտրված հայտարարություններ են։ Ասեց՝ ընկավ կրակը։ Հիմա էլ հիմնավորել են ուզում, դա էլ չի ստացվում։ Ուզում էին լավ լիներ, ստացվեց՝ ինչպես միշտ։ Ես ասել եմ և նորից եմ կրկնում՝ կոչ եմ անում լուրջ չընդունել առողջապահության նախարարի հայտարարությունները»,- ասաց նախկին նախարարը։

Եվ հետո, Արարատ Մկրտչյանի խոսքով, այդ հարցումների ճշտության արդյունքը չի կարող շատ ստույգ լինել։ «Բավականին նուրբ, բարդ, անձնական խնդիրներ իր մեջ ներառող հարցերի վերաբերյալ իրականությունը պարզել մեր իրականության մեջ, մեր մենթալիտետից, ավանդույթներից, կարծրատիպերից ելնելով, գրեթե անհնարին է։ Հարցում է՝ արվել է։ Հարցումների արդյունքները չեն կարող պատվաստումների համար տարիքային խմբի ընտրության հիմնավորում հանդիսանալ»,- ասաց Մկրտչյանը։

Հիշեցնենք, որ Լևոն Ալթունյանը «շփոթվել էր» և այդ վիճակագրությանը հղում էր արել՝ հիմնավորելու համար, թե ինչու է Հայաստանում պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների համար ընտրվել աղջիկների 13 տարեկան խումբը։


Պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումը պետք է իրականացվի մինչև առաջին սեռական փորձը։

Արարատ Մկրտչյանի խոսքով՝ հենց այս հարցում նախարարությունը շատ լուրջ հիմնավորումներ պետք է ունենա։ Տարիքային խումբ առանձնացնելուց երբեք չի կարելի հիմնվել կասկածելի հարցումների վրա։

«Այս հարցում մենք չենք կարող եվրոպական երկրների հետ համեմատության մեջ մտնել։ Եվրոպական երկրներում ակսելերացիայի մեծացման պրոցեսները ավելի արագ են ընթանում։ Մեր երկրում, ելնելով մենթալիտետից, ավանդույթներից, սեռական կյանքով սկսում են զբաղվել ավելի մեծ տարիքից։

Ուստի պատվաստումների համար տարիքային խումբ ընտրելու համար իսկապես լուրջ հիմնավորումներ են պետք»,- նշեց նախկին նախարարը՝ հավելելով, որ անչափ կարևոր պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների շուրջ ստեղծված անվստահությունը մեծամասամբ պայմանավորված է հենց նախարարության այս թերահավատ, չկողմնորոշված, իրարամերժ հայտարարություններով։ Մինչդեռ նախարարությունն այս հարցում այնքան հիմնավոր փաստարկներ, վիճակագրություն պետք է ունենար, որ աղջիկների ծնողների մեջ մի վայրկյան անգամ կասկած չառաջանար՝ պատվաստե՞լ իրենց աղջիկներին, թե՞ ոչ։

http://www.1in.am/2262358.html


loading...

Փակել