Հատուկ քննչական ծառայության կողմից Մարտի 1-ի գործով նոր գործողությունները հանրային-քաղաքական օրակարգ են վերադարձրել այդ հրեշավոր հանցագործության մասին քննարկումները։ Օբյեկտիվորեն ու, բնականաբար, գրեթե բոլոր քննարկումներում առանցքային դերակատարում ունի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որին ՀՔԾ-ն հարցաքննության ներկայանալու ծանուցագիր է ուղարկել, սակայն նա բացակայում է հանրապետությունից։
Բացակայում է Հայաստանից, սակայն ներկա է բոլոր զրույցներում, վերլուծություններում ու բանավեճերում, որովհետև Մարտի 1-ի ամենաառանցքային դերակատարն է։ Ինչպես ֆորմալ առումով՝ որպես Գերագույն գլխավոր հրամանատար, այնպես էլ ոչ ֆորմալ առումով՝ որպես քրեաօլիգարխիկ համակարգի կնքահայր ու առաջին դեմք հենց Ռոբերտ Քոչարյանն է Երևանում արտակարգ դրություն մտցնելու, խաղաղ ցուցարարներին բռնի ուժով ցրելու, ապա խաղաղ ցուցարարների նկատմամբ կրակ արձակելու հրաման տվել։
Քոչարյանի մեղավորության մասով կա հանրային կոնսենսուս, քննչական գործողությունների ընթացքը վկայում է, որ մոտ ապագայում կլինի նաև իրավական կոնսենսուս ու հուսանք՝ դատարանի վճիռ։ Բայց որքան էլ Մարտի 1-ը հրաման արձակելու իմաստով Քոչարյանի մենաշնորհն էր, այդուհանդերձ այնպես չէ, որ նա այդ ոճրագործության միակ պատասխանատուն է։
Մարտի 1-ը լայն իմաստով խմբակային հանցագործություն է, որին մասնակցել են իշխանական էլիտայի գրեթե բոլոր ներկայացուցիչները՝ սկսած Ռոբերտ Քոչարյանից ու բանակի ղեկավարներից, մինչև արտակարգ դրության ռեժիմ հայտարարելուն ու համաժողովրդական շարժմանը միացած ԱԺ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելուն կողմ քվեարկած պատգամավորներ։
ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյան, վարչապետ Սերժ Սարգսյան, պաշտպանության նախարար Միքայել Հարությունյան, ներքին գործերի նախարար Հայկ Հարությունյան, Գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյան… շարքը կարելի է երկար շարունակել, սակայն այդ շարքում կան թվարկված և չթվարկված գործիչներ, որոնք այդ ոճրագորոծության կայացման հարցում ունեցել են չափազանց վճռորոշ դերակատարում ու այդպիսի դերակատարում ունենալուց հետո հետագայում հանդես են եկել սպիտակ ձեռնոցներով ու ընդդիմության դիրքերից՝ ընդուպ ողջույնի խոսքեր հղելով թավշյա հեղափոխությանն ու նրա առաջնորդներին։
Գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյան և արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյան։ Այս երկու պաշտոնյաները չափազանց մեծ դերակատարում են ունեցել Մարտի 1-ի սպանդի կազմակերպման ու իրագործման հարցում։ Սեյրան Օհանյանն այդ դերը կատարել է Զինված ուժերի գործողությունների մասով, դեռ մարտի 1-ի ցերեկը ելույթ ունենալով հեռուստատեսությամբ ու արտակարգ դրության հաստատման համար կեղծ հիմնավորումներ ներկայացնելով։
Սեյրան Օհանյանն այդպիսով «ծածկել» է ներքին լսարանը։ Իսկ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը ավելի ջանասիրաբար և իրեն չխնայելով Մարտի 1-ի սպանություններից առաջ ի լուր աշխարհի հայտարարում էր, թե ցուցարարները ցանկանում են բռնությամբ տապալել սահմանադրական կարգը, թե դրանք ոչ թե խաղաղ ցուցարարներ են, այլ հանցագործներ… Օհանյանը լեգիտիմացնում էր ժամեր անց տեղի ունենալիք քաղաքացիների սպանությունը ներքին լսարանի համար, Օսկանյանը զբաղված էր նույն գործով՝ արտաքին լսարանի համար։
Ու ճակատագրի բերումով, թե համատեղ գործած հանցանքի ներքին կապի պատճառով նրանք մարտի 1-ից 9 տարի անց հայտնվեցին նույն քաղաքական թիմում՝ պայքարելով այն իշխանության դեմ, հանուն որի, իրենք 2008 թվականին արդարացնում էին քաղաքացիների հանդեպ բռնություններն ու սպանությունները։ Արդյոք Մարտի 1-ի գործի նոր ընթացքը հասնելու է նաև այս պաշտոնյաներին, արդյոք ի վերջո նրանք կրելու են ոչ միայն իրավական, այլ նաև քաղաքական ու բարոյական պատասխանատվություն ու գոնե հեռանալու են հանրային ասպարեզից՝ որպես արյունոտ ռեժիմի սպասարկուներ։
loading...