Ում նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը «քուչեքում ՀՀԿ հետ բանակցող» ասելով, երբ ելույթ էր ունենում Երեւանի ավագանու արտահերթ ընտրությանը Իմ քայլը դաշինքի նախընտրական մեկնարկային հանրահավաքին: Նրա ելույթից հետո «կասկածյալներ» են դիտարկվում ինչպես ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն, որոնք թավշյա հեղափոխությանն են միացել ամենավերջին պահին, այնպես էլ Լույս դաշինքը՝ Էդմոն Մարուքյանի եւ Արամ Սարգսյանի համատեղությամբ։
Խորհրդարանն այսօր արձագանքեց վարչապետի հայտարարությանը, այն ոչ պակաս դիտարժան էր, ինչպես վարչապետի ելույթը։ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը վարչապետին հորդորեց դուրս գալ խորհրդավորության դաշտից եւ անուններ տալ։ Այլապես ըստ Ռուստամյանի՝ հայտարարությունն ավելի շատ քարոզչական հնարք էր հիշեցնում, որ հասարակության ուշադրությունը շեղվի նրանց թեկնածուի՝ Հայկ Մարությանի «անհաջող մեկնարկից»։ «Դժբախտաբար, այն հայտարարությունները, որ արեց Հայկ Մարությանը՝ սև ու սպիտակներ, մեր դեմ խաղ չկա և այլն, բավական բուռն քննադատության արժանացավ բոլոր կողմերից։ Կարծում եմ, որ ինչ-որ շտկում պետք էր մտցնել, այդ ստարտը ֆալշ-ստարտ էր և անհաջող մեկնարկ էր», – ասաց Ռուստամյանը լրացնելով․«Կասկածանքը լավ վահան է, բայց շատ վատ սուր է: Կասկածանքով կարելի է պաշտպանվել, բայց կասկածանքով հարձակվել չի կարելի: Ոչ միայն բացառում եմ ՀՀԿ-ի հետ բանակցելը, այլ նաև տրամաբանություն չեմ տեսնում: Ակնհայտ է, որ հնարավոր չէ համատարած ընտրակեղծիքներ իրականացնել երկրում, որտեղ դու ամբողջական իշխանություն չունես»:
Պատգամավորը Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը հանցագործության մասին հաղորդում է որակում․«Եկեք բացահայտենք՝ ովքեր են այդ մարդիկ, ովքեր ուզում են սահմանադրական կարգը տապալել՝ ընտրությունները կեղծելով: Չի կարելի հայտարարություններ անել, և դրանք մնան անհետևանք»։ Պատգամավորը չի ընդունում, որ իրենք կասկածյալ են, քանի որ ժամանակին ՀՀԿ-ի հետ կոալիցիոն համագործակցության մեջ են եղել։«Կասկածում եք՝ խաչակնքվեք: Բոլորը բոլորին կարող են կասկածել, էդ մթնոլորտը առաջացել է, մեր նախնիներն են հիշում, չնայած էդ կար նաև ՀՀՇ-ի ժամանակ, բայց ստալինյան ժամանակներն են: Բոլորն իրար վրա կասկածում էին, բոլորն իրար վրա գրում էին ու պարզվում է, որ ընդհանրապես մեկ կուսակցություն պիտի լինի»,-եզրափակեց Արմեն Ռուստամյանը։
ԲՀԿ թեկնածու Նիրա Զոհրաբյանն էլ զգուշացնում է, որ ժողովրդի անունից խոսելու իրավունք ունի բացառապես ժողովուրդը․«Ես հարգարժան վարչապետի մամուլի խոսնակը չեմ, որ ասեմ, թե ինքն ում նկատի ուներ: Ես Հանրապետականի օրակարգով չեմ զբաղվում, ՀՀԿ-ն ու իր օրակարգն ինձ բացարձակապես չի հետաքրքրում: Թե որ քաղաքական ուժը որ զորացրված հանրապետականի հետ ինչ է խմում, կներեք, մեզ դա բացարձակապես չի հետաքրրում, մենք զբաղված ենք բացառապես Երևանի լուծված և չլուծված խնդիրներով»:
Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իր կարծիքով՝ ՀՀԿ-ն այս ընտրություններում չի կարող ԲՀԿ-ին աջակցել, որովհետև ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր խոսքում ասել էր, որ իրենք ունեն երկու ընդունելի թեկնածու՝ Լույս դաշինքից Արտակ Զեյնալյանն ու ՀՅԴ-ից Միքայել Մանուկյանը: Հնարավո՞ր է Նիկոլ Փաշինյանն իրենց էլ նկատի ունի, Արամ Սարգսյանն ի պատասխան ասաց, որ շատ ընկերներ ունի և ՀՀԿ-ից, և ԲՀԿ-ից, և տարբեր ուժերից, նրանց հետ հաճախ հանդիպում է, բայց ռեստորան գնալ չի սիրում, ոչ թե այն բանի ահմար, որ ռոստորանի ուտելիքը չի սիրում, այլ պարզապես գյուղում ռեստորան չկա: Նա նշեց, որ աշխատանքից տուն է գնում Արարատ գյուղ, հանում է կոստյումն ու հանգստանում, իսկ գյուղում ռեստորաններ չկան, որ երեկոյան գնա ռեստորան:
«Իրեն հարցրեք, ինքը կասի ում նկատի ունի: Ես որևէ բան չեմ բացառում: Եթե երկրի վարչապետն ինչ-որ բան ասում է, ուրեմն ինչ-որ բան գիտի: Կասի ինձ, ես կպատասխանեմ, կասի ուրիշին, ուրիշը կպատասխանի: Խնդիրը բացարձակ այդ հարթության մեջ չեմ նայում, ես նայում եմ, որ երկրի առաջ ծառացած խնդիրները պետք է լուծել քաղաքական դաշտում համախմբվածության, փոխադրաձ հարգանքի մթնոլորտում»,- նշեց Արամ Սարգսյանը: Արամ Սարգսյանն ասաց, որ ինքը հայ մարդուն չի բաժանում հեղափոխականի և հակահեղափոխականի, բաժանում է գաղափարակցի և ոչ գաղափարակցի: Այսպիսով՝ խորհրդարանականների մեկնաբանություններից ակնհայտ է դառնում, որ Փաշինյանի հայտարարությունն իրական հասցեատեր չունի եւ դա սեփական անհաջող թեկնածուից ուշադրությունը ցրելու քարոզչական նպատակ էր հետապնդում։
Անի Սահակյան