Ազգային անվտանգության ծառայության մի քանի օր տեւած օպերատիվ գործողությունների արդյունքը Սերժ Սարգսյանը եղբոր ընտանիքի մասով երեկ վերջապես հայտնի դարձավ: Մասնավորապես, դրվագներից մեկով նշվում է, որ ԱԱԾ-ում հաղորդում է ստացվել այն մասին, որ դեռևս 2013 թվականին Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը չարաշահելով նկարիչ Մարտիրոս Սարյանի ժառանգներից մեկի վստահությունը, նրանից վերցրել է նկարչի շուրջ 280 000 ԱՄՆ դոլար արժողությամբ թվով 14 գծանկարները` խոստանալով դրանց դիմաց վճարել 28 հազար ԱՄՆ դոլար, իսկ մնացած գումարով համատեղ հիմնադրել խաղատուն և հովանավորել դրա գործունեությունը:
Նկարներին տիրանալուց հետո Սարգսյանը խոստումը չի կատարել և անտեսելով տուժողի բազմաթիվ պահանջները հրաժարվել է վերադարձնել նկարները: Հարց է առաջանում՝ ով է եղել Սարյանի հայտնի ժառանգը, որն, ըստ ԱԱԾ-ի, նկարչի նկարների շուրջ կնքել է խաղատուն բացելու գործարքը:
«Մարտիրոս Սարյանի Տուն-Թանգարանի ֆոնդապահ Սոֆյա Սարյանը Primenews.am-ի հետ զրույցում նշեց, որ Մարտիրոս Սարյանի կտավների շուրջ խաղատուն բացելու գործարքը Ալեքսանդր Սարգսյանի հետ կնքել է Ռուբեն Սարյանի՝ Մարտիրոս Սարյանի թոռան տղան՝ Ղազարոս Սարյանը, այսինքն Մարտիրոս Սարյանի ծոռը։
Վերջինս մեզ հավաստիացրեց, որ Մարտիրոս Սարյանի թոռնուհին՝ Ռուզաննա Սարյանը որևէ կապ չունի այդ գործարքների հետ: Ռուբեն Սարյանի որդին՝ Ղազարոս Սարյանը մեզ հետ զրույցում հաստատեց տուն-թանգարանի ֆոնդապահի խոսքը, ասելով, որ նաև ինքն է կնքել այդ պայմանագիրը։ «Այո ես կամ այդ գործում, բայց էնպեսա, որ իմ ընտանիքնելա տեղյակ եղել դրանցից, սաղ էլ գիտեն ինչը-ոնցա։
Ես լիցենզիա եմ ուզել Սարգսյաններից, բայց իրանք տենց էլ չտվեցին (Խոսքը խաղատան լինցենզիայի մասին է)»,- ասաց Ղազարոս Սարյանը և պատճառաբանեց, թե իրեն արգելել են խոսել այդ թեմայով։ Հարցին, թե ով է արգելել խոսել, կամ ինչո՞ւ են արվեստի գործերը խաղատան դիմաց վաճառել, Սարյանը շփոթվեց ու չկարողացավ պատասխանել՝ կրկնելով որ ինչ-որ մեկն իրեն արգելել է խոսել այդ թեմայով․ «Կներեք քուրիկ ջան, ասել են, որ ոչ մի բառ չխոամ, հետո զանգեք ինչ պետքա կասեմ, հիմա բան չեմ կարա ասեմ»,-եզրափակեց խոսքը Ղազարոս Սարյանը։
Նյութի աղբյուրը` Yelaket.am