pressident.am-ը գրում է. Իրինա Քոչարյանի անունը վերջին տարիներին հաճախ է շրջանառվում. նա ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եղբոր դուստրն է, կարելի էր միայն սա ասել` հասկանալու համար, որ նա այլընտրանք չուներ, քան հարուստ կենսագրություն (չենք ուզում կասկածի տակ դնել նրա «բազմապրոֆիլ» հետաքրքրությունները, կրթության հարցում ցուցաբերած խիստ տարբեր ոլորտները) և ունեցվածք ունենալը: Իրինան ընդամենը 38 տարեկան է և, քանի որ ներկայումս, բացի իր բիզնեսներն ունենալը, նաև ավագանու անդամ է, նրա կենսագրությունից հայտնի է դառնում, որ գեղեցկադեմ տիկինը 1983-1991թթ. սովորել է Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցում:
1983-1991թթ. սովորել է ԼՂԻՄ-ի Ստեփանակերտի թիվ 3 դպրոցում: 1991-1993թթ. ընդունվել և ոսկե մեդալով ավարտել է Ուկրաինայի Գլուխով քաղաքի թիվ 3 դպրոցը: 1993-1994թթ. սովորել է Ուկրաինայի Գլուխով քաղաքի Պետական համալսարանի Ֆիզիկա- տեխնիկական ֆակուլտետում: 1995-1996թթ. տեղափոխվել է ԼՂՀ՝ Ստեփանակերտի պետական համալսարանի Ռուս բանասիրության ֆակուլտետ: 1996-1999թթ. ընդունվել և ավարտել է ԵՊՀ-ի Ռուս բանասիրության ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը:
1996-1997թթ. հեռակա ուսուցմամբ ավարտել է Խարկովի Ֆինանսա-տնտեսագիտական ինստիտուտի Ձեռնարկության հաշվապահական հաշիվ բաժինը: 1999-2001թթ.՝ Մեծ Բրիտանիայի բաց համալսարանի մենեջմենթի բաժինը: 2004թ. ընդունվել և ավարտել է Ազգերի բարեկամության ռուսական համալսարանի էսթետիկական բժշկության մենեջմենթի վերապատրաստման բաժինը:
2003-2013թթ. որակավորման բարձրացման նպատակով մասնակցել է տարբեր վերապատրաստման դասընթացների, սիմպոզիումների, ցուցահանդեսների, կոնֆերանսների, ֆորումների՝ բժշկության մենեջմենթի բնագավառներում:
2005-2007թթ. ընդունվել և ավարտել է Հայբուսակ համալսարանի Բուժական գործ բաժինը: 2003թ.-ից ԳԱԼԱՏԵԱ-ՄԵԴ էսթետիկական բժշկական կենտրոնի հիմնադիր տնօրենն է: 2005թ-ից՝ «Ավիա-Սերվիս»-ի տնօրենների խորհրդի նախագահի խորհրդատու է: 2007-2009թթ. դասավանդել է ԵՊՀ -ի Ռուսաց լեզվի և գրականության ամբիոնում: 2005թ. հիմնադրել է Վալերի Քոչարյանի անվան հիմնադրամը. հիմնադիր տնօրենն է: 2010թ.-ից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է, 2011թ.-ից ԲՀԿ Աղջիկների խորհրդի անդամ: 2012թ.-ից ԲՀԿ կանանց խորհրդի անդամ է, միևնույն ժամանակ՝ մշակութային հարցերի հանձնաժողովի նախագահը:
2012թ.-ից աշխատում է ՀՀ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության փորձագետ: Ինքնաբացարկների արդյունքում Բարգավաճ Հայաստանից ավագանու անդամ դարձավ նաև Իրինա Քոչարյանը, ով նախկինում զբաղեցնում էր կուսակցության համամասնական ցուցակի 42-րդ համարը, այնուհետև` 9-րդը: Կենսագրականը կարելի է շարունակել, թեև առավել ուշագրավ է նախկին նախագահի զարմուհու կարողությունը: Իրինայի ներկայացրած հայտարարագրով նա Երևանում ունի 1 բնակարան, 2 գրասենյակ և 2 տարածք (հավելենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տրամադրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ Ի. Քոչարյանը 212 ք/մ մակերեսով բնակարան ունի Երևանի կենտրոնում՝ Չարենցի փողոցում, 2 գրասենյակներ՝ Ե. Քոչարի փողոցում՝ 274.5 ք/մ և 145 ք/մ մակերեսներով, նույն փողոցում նաև տիրապետում է 2 տարածքների՝ 273.9 ք/մ և 155 ք/մ:):
Ավագանու թեկնածուն ունի նաև 2012թ. արտադրության «Toyota Highlander» մակնիշի ավտոմեքենա: Իրինա Քոչարյանը մարտի 18-ի դրությամբ ոչ թանկարժեք գույք է ունեցել, ոչ էլ դրամական միջոցներ: Իսկ նրա եկամուտները գոյացել են ԱԺ-ից, «Գալաթեա-Մեդ» ՍՊԸ-ից, «Ավիա Սերվիս» ՓԲԸ-ից, «Վալերի Քոչարյան» բարեգործական հիմնադրամից ստացած ընդհանուր հաշվով ընդամենը 6 մլն 381 հազար դրամ աշխատավարձից և վարձակալությունից ստացած 3 մլն դրամ վարձավճարից:
Ռոբերտ Քոչարյանի զարմուհու տարեկան եկամուտը, ըստ հայտարարագրի, ընդամենը քիչ ավելի է 9 մլն դրամից, որից 3.6 մլն-ը՝ «ԱվիաՍերվիս» ՓԲԸ-ի խորհրդի նախագահի խորհրդականի աշխատավարձն է, 1.183 մլն-ը՝ Աժ-ից ստացած աշխատավարձը, 1.208 մլն-ը՝ «Գալաթեա-Մեդ»-ից, 390 հազ. դրամը՝ բարեգործական հիմնադրամից, իսկ 3 մլն-ը «Տեխնիկա Պլյուս ՓԲԸ»-ից ստացած վարձակալության գումարն է: Ահա այսքանը մեր երաժիշտ, բանասեր, լրագրող, մենեջեր-տնտեսագետ, բժշկուհի, քաղաքական գործիչ, բիզնես կին… Իրինա Քոչարյանի մասին: Հ.Գ. Իրինան ունի նաև իր հեղինակած երգերի-երաժշտության շարքը, նա դրանոցով նաև ձայնասկավառակ է թողարկել:
Նյութի աղբյուրը` Yelaket.am